Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ամսից մինչեւ 2-5 տարի ազատազրկում․ Վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը խստացվում է

Մայիս 15,2025 13:15

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ կառավարության՝ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու եւ մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության խնդիրները եւ լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ «վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձեւաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որեւէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը եւ, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների եւ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձեւական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավմանը։ Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերը:

Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ինչը մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը գործող ՀՕ-528-Ն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասով հանգեցնում էր ավելի խիստ պատասխանատվության, որը սակայն առկա չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում: Այդ նպատակով, համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը»։

Նախատեսվում է Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

Առաջին հոդվածով նախատեսվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսեւորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով խուսափման ձեւով, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Այս հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ փաստաթուղթ կեղծելու եւ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031