Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոնում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման մեկ դարը»

Մայիս 15,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։

Համերգի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Այսօր Հայաստանի մշակութային կյանքում իսկապես իրադարձային օր է՝ տոնում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման մեկ դարը։ Արդեն 100 տարի է՝ ինչ Ֆիլհարմոնիկի միջոցով հաղորդակցվում ենք երաժշտական մշակույթի գլուխգործոցներին, անընդմեջ յուրացնում դասականության չափանիշները և հաստատում համաշխարհային երաժշտության և ազգային կոմպոզիտորական արվեստի տարածման մեր հանձնառությունը՝ լինելով միջազգային երաժշտական ընտանիքի լիիրավ անդամ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ըստ այդմ, մեր քաղաքակրթական ցուցիչն է, որն արդեն 100 տարի գործում է մասնագիտական բարձր չափանիշներով և պատասխանատվությամբ, դասական արժեքներին անշեղ հավատարմությամբ։ Եվ նվագախմբի այս ընթացքը եղել է պատմության վերելքներով ու անկումներով, բայց միշտ՝ վերականգնվող հավատով և լավատեսությամբ։

Մեր խոնարհումն ենք բերում անցյալի բոլոր լուսավոր անուններին՝ դիրիժոր, թե կատարող, պետական գործիչ, թե մանկավարժ, որոնք իրենց կյանքն ու աշխատանքը նվիրել են Ֆիլհարմոնիկ նվագախմբի կայացմանն ու զարգացմանը։ Փառահեղ անցյալը, այդուհանդերձ, զուտ հիշողության պատրվակ չէ, այլ նաև ներշնչման և պատասխանատվության հիմք մեր ժամանակներում։ Այսօր էլ հպարտությամբ կարող ենք փաստել, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հավատարիմ է մնում համաշխարհային դասական երաժշտության յուրացման և հանրայնացման իր առաքելությանը։ Մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ նվագախումբը գրեթե ամեն տարի հանդես է գալիս աշխարհի տարբեր առաջատար համերգասրահներում։ Հայաստան են ժամանում և համատեղ համերգներով հանդես գալիս միջազգային մեծ ճանաչում վայելող դիրիժորներ ու կատարողներ։

Չենք կարող չնշել նաև տնօրինության կողմից իրականացված լայնածավալ բարեփոխումները, որոնք ստեղծում են է՛լ ավելի պատշաճ միջավայր երաժշտասեր հանրության և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Բնականաբար, բոլոր այս նախաձեռնություններն իրականանում են նախևառաջ պետական հոգածությամբ, որը շարունակական է լինելու նաև հոբելյանական տարվա ընթացքում։

Շնորհավորելով բոլորիս այս հոբելյանի կապակցությամբ՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել նվագախմբի բոլոր անդամներին, սպասարկող, վարչական անձնակազմին, գործընկերներին և հովանավորներին, ինչպես նաեւ Կառավարական հոբելյանական հանձնաժողովի անդամներին՝ կատարած նվիրական աշխատանքի համար։ Մաղթում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբին անսպառ ներշնչումներ, հագեցած ստեղծագործական ընթացք և նոր հարյուրամյակների փառահեղ ուղի»:

Յուջա Վանգի կատարմամբ հնչել են Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»): Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և դիրիժորների մասնակցությամբ, ինչպես նաև հյուրախաղեր մարզերում և արտերկրում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031