Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան. Բուհերի մրցակցային լինելու համար կարևոր դերակատարում ունի հեռավար կրթությունը, առնվազն՝ ծառայության արտահանման մասով

Մայիս 15,2025 15:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գործադիրը որոշում է կայացրել՝ ուղղված քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծմանը, ոլորտի արմատական բարեփոխմանը (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցմանը, վստահության ամրապնդմանը, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացմանը, գնահատման իրական ծախսերի կանխատեսմանն ու հաշվարկին:

Որոշման ընդունումը պայմանավորված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ 2024 թվականի նոյեմբերի 8-ին կայացած ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջգերատեսչական հանձնաժողովին կից ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքային խմբի անդրանիկ նիստի NՓՎ/154-2024 արձանագրության հանձնարարականներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և ՀՀ արդարադատության նախարարություն ուղղված 06.12.2024թ N01/21/19253-2024 պատասխան գրությամբ ներկայացված առաջարկով, 2025 թվականի փետրվարի 11-12-ին ԵՄ օժանդակությամբ կազմակերպված դասընթացի արդյունքներով, ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 7-րդ և 11-րդ նպատակների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման անհրաժեշտությամբ:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումը առաջարկել է 2025թ նախատեսել միայն կանխավճարի գումարներ՝ Կոմիտեի գնային առաջարկի 30%-ին համարժեք (67.5 մլն. դրամ): Ուստի, 7 փաստաթղթերի գնման գործընթացները կկազմակերպվեն ամբողջական գներով, սակայն 2025 թ. կնախատեսվեն ընդամենը կանխավճարի գումարներ, ըստ անհրաժեշտության կարող է նախատեսվել նաև փուլային վճարման գործընթաց: Ստորև բերված ուղղությունները առաջնահերթ են և պահանջում են արդի կարգավորումներ, որոնք ընդունված են միջազգայնորեն և համարվում են օրակարգային նաև ՀՀ տարածքում իրականացվող կառուցապատման ծրագրերում դրանք կիրառելու համար: Այսպիսով՝ «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ», «Երկաթուղիներ», «Օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր», «Օդանավակայաններ», «Ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում», «Ինժեներագեոդեզիական հետազննում», «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում շահառուն կարող է ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով կարող է հիմնել շուրջ 20 հա ջերմատուն, իսկ ինտենսիվ այգեգործության ծրագրով նպաստում ենք մինչև 500 հա այգեհիմնմանը՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։ Գործող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը կազմում է առավելագույնը 250,0 մլն դրամ և լիզինգառուներին հնարավորություն չի տալիս ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում նույն լիզինգառուին ձեռք բերել մինչև 500,0 մլն դրամ արժեքով լիզինգի առարկաներ, ինչը կնպաստի գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման և ծախսերի կրճատման միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը։

Բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ կձևավորվեն

Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Առանց ծնողական խնամք մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը և պայմանները ապահովելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում սահմանվում են՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ, ներառյալ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը։ Օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների, անհրաժեշտ քաղաքականության մշակման համար իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, լիազորող նորմերի, միասնական կարգավորումների առկայություն՝ նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախներին հասնելուն՝ դրանք են՝
• բարձրագույն կրթության և գիտության ոլորտում առաքելությամբ առաջնորդվող, մրցունակ և դիմակայուն համակարգերի ձևավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը նպաստելը.
• բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատություններ և ինքնավարության երաշխավորումը.
• բուհական և գիտական համակարգում շարժունության ապահովումը, այդ թվում՝ ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ.
• լավագույն կրթության, լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը և վերահսկողությունը, ինչպես նաև նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորումը.
• աշխատանքի շուկայում ռելևանտության, նորարարական պոտենցիալի մաքսիմալ դրսևորման և տնտեսական առավելագույն ազդեցությանը նպաստելը.
• հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը:

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե հեռավար կրթության ծառայությունների պահանջարկի մասով ինչ կարգավորումներ են իրականացվել, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հեռավար կրթության համապատասխան կարգավորումները մենք դրել ենք օրենքում: Եթե համեմատեք այս պահին գործող օրենսդրությունը նրա հետ, ինչ առաջարկվում է, կարող եմ ասել, որ դաշտն էապես ընդլայնվելու հնարավորություն ունի: Իհարկե որակի, մշտադիտարկման, ամբողջ ստանդարտներին համապատասխանության պարագայում նմանատիպ ծառայությունները հնարավոր կլինեն մատուցել»: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ բուհերի մրցակցային լինելու համար կարևոր դերակատարում ունի հեռավար կրթությունը, առնվազն՝ ծառայության արտահանման մասով:

Կլավարկվի տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործընթացը, կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը, հնարավորություն կտրվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Հարկ է նշել նաև, որ որոշմամբ չի բացառվում ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն։ Որոշմամբ առաջարկվում է նաև սահմանել պետական տուրք վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի թվային տարբերակի հատկացման համար՝ դրանց ֆիզիկական տարբերակի հատկացման համար նախատեսված չափով։

Միաժամանակ, որոշման արդյունքում ՀՀ Կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու և անձի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանում այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախագծով առաջարկվում է նաև ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու և անձի ՀՀ ՆԳՆ լիազոր մարմին այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի և հաշվառման վկայագրերի առաքման համար՝ արժեքի մասով հիմք ընդունելով այն, որ համարանիշերի քաշը կազմում է մոտ 480 գրամ, որի պատվիրված ծանրոցային առաքման արժեքն է մոտ 2000 ՀՀ դրամ՝ ըստ փոստային հաշվիչի, իսկ առաքման համար ծառայության մատուցման համադրմամբ այդ ծառայության համար նախատեսել 5000 ՀՀ դրամի չափով տուրք։

Հանրային պահանջարկով պայմանավորված՝ առաջարկվում է նաև նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000 / 30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լավարկել տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործընթացը, ինչպես նաև ապահովել վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը և վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունը բացասական հանձնած անձի կողմից օրենքով սահմանվող վճարի դիմաց հնարավորություն կտրվի արտահերթ մասնակցելու հաջորդ որակավորման քննությանը։

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, արդյոք դիտարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման քննությունը պատվիրակելու հարցը՝ այն համատեքստում, որ հավաստագրված ուսում իրականացնող կառույցի կողմից քննությանն անցկացումն ավելի արդյունավետ կլինի: Ի պատասխան ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը նշել է. «Ձեր նշած տարբերակը, բնականաբար դիտարկում ենք: Այս պահին քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ անպայման լինի կրթական բաղադրիչ և Կառավարությունը, այս դեպքում՝ Ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները, որոնք կարիք կլինի ունենալ կրթական պրոցեսում, իսկ մասնավոր ընկերությունը հնարավորություն կունենա սպասարկել կոնկրետ կրթությունը, և մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական պրոցես անցած ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալ վարորդական իրավունքի վկայական»:

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները՝ որպես առաջնային կանխարգելում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ վերջին հրապարակված պաշտոնական դիրքորոշման համաձայն, առաջարկվում է նաև 1 դեղաչափ պատվաստումների սխեմա, որի արդյունավետությունը և պաշտպանության տևողությունը համադրելի է ներկայում կիրառվող 2 դեղաչափ սխեմային: Այսպիսով՝ որոշմամբ նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություն և մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը որոշումներ է կայացրել, որոնցով թույլատրվում է «ՊՐՈՄ ՍԻՆԹԵԶ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, «ԱՐԻԱՆ ԼԱԲԱՆ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ին և «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«ՊՐՈՄ ՍԻՆԹԵԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային հումքով արտադրատեսակների (դիտահորեր, գազի, խմելու ջրի խողովակներ, գազի հաշվիչի արկղեր) արտադրության համար, որոնք լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

«ԱՐԻԱՆ ԼԱԲԱՆ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՌՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի, պանրի և այլ կաթնամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։

«ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շոկոլադե հավաքածուների և տարբեր տեսակի շոկոլադների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ներկայումս առաջացել է Վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած հեղեղման արդյունքում վնասված Մ6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։ Վերոգրյալով պայմանավորված՝ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել Վարկային համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝ վարկի փակման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը, վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված՝ Ծրագրի նկարագրությունը խմբագրել ավելացնելով՝ Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերի մանրամասն ջրաբանական ուսումնասիրությունները, Մ6 մայրուղու բարելավման աշխատանքների մանրամասն նախագծումը: Ծրագրի ակնկալվող ավարտը՝ մինչև 2025 թվականի հունիսի 30 է:

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:

Կամրագրվի սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը

Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին:

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվել է տարբեր ոլորտներում իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել հանրակրթական ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ և այլ կրթօջախներ, կառուցել և վերակառուցել առողջապահական կազմակերպություններ, ջրամատակարարման համակարգեր և այլ ենթակառուցվածքներ։ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով վերոնշյալ միջոցառումների իրականացնող մարմիններ են սահմանվել, այդ թվում՝ պետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք (այսուհետ՝ Պատվիրատու կազմակերպություններ)։ Նշված Պատվիրատու կազմակերպությունները իրենց իրականացմանը վերապահված միջոցառումների մասով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել են ինչպես շինարարական աշխատանքների այնպես էլ շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացներ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքել են պայմանագրեր։ Մեկնարկ տրված շինարարական օբյեկտներում կապալառու կազմակերպությունների կողմից շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, սակայն նշված շինարարության օբյեկտներում Պատվիրատու կազմակերպությունները բախվում են տարբեր խնդիրների կապված շինարարության որակի տեխնիկական հսկողության պատշաճ իրականացման հետ և հիմնականում այս գործառույթը փաստացի իրականացվում է Պատվիրատ կազմակերպությունների ինժեներատեխնիկական անձնակազմի մասնակցությամբ։

Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության տեսակի 1-ին դասի լիցենզիա՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը։

Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնան

Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում որոշակի խնդիր է առաջացել մեկ կապալառուի միջոցով աշխատանքները իրականացնելու հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կապալառուին ներկայացվող պահանջները և խթանել կարկտապաշտպան ցանցերի ներդրումը։ Կարգավորման նպատակը` կարկտապաշտպան ցանցերի ներդրումը առավել հասանելի դարձնելն է, ինչպես նաև շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցումն է։ Որոշմամբ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը թողնվել է անփոփոխ՝ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 50 %։ Միաժամանակ, որոշմամբ սահմանվում է, որ ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրը իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրեր կնքելով մի քանի կապալառուների հետ, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից, հաշվի առնելով, որ խոշոր ներդրումների դեպքում կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը հանգեցնում է հավելյալ մեծ ծախսերի։ Նույն մոտեցումը կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում։ 10 հա և ավելի տարածքում ծրագրի իրականացման կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվի ծրագրի շրջանակում կատարված ծախսերը ֆինանսական հաշվետվություններում։

Կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031