«Հետք». Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։
«Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։
Հակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։
Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։
Կարդացեք նաև
«Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։
Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։
2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։
Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։
Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են։
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:
«Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրությամբ խնդրեցինք տեղեկացնել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարզել է, թե Շիկահողի արգելոցի տարածքի որքան հատվածն է անցել հակառակորդին։ Կամ՝ արդյոք հանձնաժողովը քննարկել է Շիկահողի արգելոցի տարածքում ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար անտառի հատման հարցը։
Վարչապետին նաև հարցրել ենք, թե Ադրբեջանի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ է քննարկվել Շիկահողի արգելոցի տարածքի գրավված տարածքների վերադարձման հարցը, ի՞նչ արդյունքներ կան։ Արդյոք դիմել են որևէ միջազգային կառույցի՝ Շիկահողի արգելոցի տարածքում անտառահատումները կանխելու և խախտված կենսաբազմազանությունը վերականգնելու համար։
Մեր գրությունը վարչապետի գրասենյակից վերահասցեագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:
Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը պատասխանել է մեր հարցմանը, սակայն չի անդրադարձել Շիկահողի արգելոցին և այնտեղ հատվող անտառներին, այլ միայն՝ սահմանազատմանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: