Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աբրահամյան, կասե՞ք ինչու եք որոշել մոխրագույն կոստյում հագնել, քանի որ տիկին Կարապետյանի հարցերի մեծամասնությունը նույնպիսի աղերս ուներ այս հայտարարության հետ, ինչ իմ այս հարցը»․ Հայկ Մամիջանյան

Մայիս 15,2025 15:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը անհավանական ջանքերի և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների նկատմամբ: Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին»,-Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով «Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագիծը՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյան

Հայտարարության մեջ ամրագրված է․ «Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով։ Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ։ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։ 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։ Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։ Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։ Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»։

Մարիա Կարապետյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց՝ ՀՀԿ-ի օրոք ինչո՞ւ երբևէ խորհրդարանը նման հայտարարություն չի ընդունել և ինչո՞ւ այս հայտարարության տեքստը «Հայաստան» խմբակցության հետ չեն ներկայացրել, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մի փոքր զարմանալի էր հարցադրումը, քանի որ խորհրդարանում այս չորս տարիներին եղել են բավականին նախաձեռնություններ, որոնք եղել են միասին, միասին չեն եղել։ Այս պահին այս հայտարարությունը մեր խմբակցության կողմից ներկայացնելը ներքաղաքական կամ ներընդդիմադիր որևէ տրամաբանության մեջ չէի դիտարկի։ Մինչև 2018-ը ՀՀԿ-ի կառավարման ժամանակ նման հայտարարությունների կարիք միգուցե չլիներ։ Մինչև 2018-ը մենք տոնական միջոցառումները նշում էինք Շուշիում, ուղերձներ հնչում էին այդ համատեքստում, նաև մինչև 2020-ը ձեր քաղաքական ուժն է այդ տոնակատարություններին մասնակցել՝ նաև Շուշիի ազատագրման առումով։ 2018-ից հետո Արցախի հետ կապված փոփոխություններ են տեղի ունեցել՝ 44-օրյա պատերազմ, դրանով պայմանավորված 2023-ին Արցախի օկուպացիա, էթնիկ զտումները, Արցախի ամբողջական վերահսկողություն Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ ակնհայտ է, թե մինչև 2018-ը ինչու կարող էր հայտարարությունների ձևով ուղերձներ չհնչեցվեին»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ, դիմելով պարոն Աբրահամյանին` հարցրեց․ «Կասե՞ք ինչու եք որոշել մոխրագույն կոստյում հագնել, քանի որ տիկին Կարապետյանի հարցերի մեծամասնությունը նույնպիսի աղերս ուներ այս հայտարարության հետ, ինչ իմ այս հարցը»։

Սարգիս Խանդանյան

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ արձագանքեց․ «Տիկին Կարապետյան, չգիտեմ՝ ո՞նց եք սրա տակից դուրս գալու»։

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ներկայացնելով հանձնաժողովի կարծիքը, հայտարարեց․ «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն ամբողջ մարդկության համար է մեծ իրադարձություն, որը հնարավոր է դարձել բազմաթիվ պետությունների ու ժողովուրդների միասնական պայքարի շնորհիվ։ Բայց այսօր քննարկվող հայտարարության տեքստում այդ համամարդկային համագործակցությունը գրեթե անտեսված է․ շեշտը դրված է միայն ԽՍՀՄ-ի վրա, առանց խոսելու այն երկրների մասին, որոնք վճռորոշ դեր են ունեցել այս հաղթանակի գործում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիա և շատ այլ պետություններ։ Իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած իրադարձություններ։ Եվ այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակաշրջանով և միջազգային ընկալմամբ։ Այս հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ, իրականում դառնում է բաժանարար գիծ։ Այս հիմնավորումներով առաջարկում եմ մեր հանձնաժողովին դեմ կամ ձեռնպահ մնալ հայտարարության քվեարկության ժամանակ»։

Հասմիկ Հակոբյան

Ի վերջո` հայտարարության տեքստը հանձնաժողովը չընդունեց։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031