Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալին հայտնի պիտի լինի գոնե այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու իրեն որոշակի իրավունքներից եւ արտոնություններից զրկում են. Վահագն Խաչատուրյանը 18 դատապարտյալի ներման խնդրագիր է մերժել

Մայիս 15,2025 16:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման առիթ էր դարձել այն, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ու մերժել է բոլոր խնդրագրերը:

Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի մասին նախագահի հրամանագրից քաղվածքները տեղադրել է նախարարության պաշտոնական կայքէջում: Որքանո՞վ է գործում ներման ինստիտուտը Հայաստանում: 2020 թվականին ընդունվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ համաձայն որի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում ծանուցվում է տուժողը կամ նրա իրավահաջորդը:

Անի Չատինյանի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Քննարկման բանախոսներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանն ասաց. «Իրավական այս բոլոր գործընթացների հիմքում պետք է թափանցիկություն լինի: Եթե հրապարակվում են խնդրագրերը, այնտեղ անձանց տվյալները ներկայացված են՝ ում է մերժվում: Իսկ քաղվածքի բովանդակությունը միայն հետեւյալն է. ցմահ դատապարտյալ, անուն-ազգանուև, մերժվում է ներման խնդրագիրը:

Անձը պետք է տեղեկացված լինի եւ իմանա իր վերաբերյալ կայացած որոշման իրավական, փաստական հիմնավորումները: Սա վերաբերում է ոչ միայն մերժում ստանալուն, այլեւ երբ բավարարվում է ստացված հայցը, խնդրագիրը, որովհետեւ պատճառաբանությունը կարեւորագույն հանգամանքներից մեկն է բոլոր տեսակի օրենսդրություններում, որոնք նախատեսում են որոշման հետ կապված հիմքեր: Այսինքն, անձին հայտնի պիտի լինի գոնե այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու իրեն որոշակի իրավունքներից եւ արտոնություններից զրկում են:

Հաջորդ էտապը, բնականաբար, պետք է բողոքարկման ընթացակարգերին վերաբերվի: Իսկ մենք այս գործընթացում չունենք բողոքարկման ընթացակարգ եւ հնարավորություն:

Խնդրահարույց է նաեւ այն հանգամանքը, թե ինչ բովանդակություն պիտի ունենա եւ ինչն է քննարկվում ներման խնդրագրի շրջանակներում: Հաշվի են առնվում անձի կատարած արարքը, արարքի բնույթը, ծանրության աստիճանը, դատապարտյալի կողմից կատարված արարքի հանրության ընկալումը:

Եվ որ ամենակարեւորն է եւ թիրախային հարց է, ներման խնդրագրերի քննարկման շրջանակներում հաշվի է առնվում նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցումը, ինչու չէ՝ նաեւ տուժողի կարծիքը: Բայց դատապարտյալի իրավունքի իրացումը չպիտի լինի տուժողի կարծիքով պայմանավորված, որովհետեւ եւ միջազգային պայմանագրերով եւ ԵԽ բանաձեւերով մշակված եւ հրապարակված իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած երկարատեւ դատապարտման եւ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք իրավունք ունեն՝ ունենալու հասարակություն վերադառնալու եւ վերասոցիալականացվելու իրական հնարավորություն, ինչը պիտի իրական եւ տեսանելի լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031