Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի մեկենասը 6-7 տարեկանից է Կոմիտաս լսում և այսօր իրականացնում երազանքը, հրատարակելով իր «Կոմիտասը», նվիրելով այս գիրքը Վարդապետի հիշատակին ու վաստակին

Մայիս 15,2025 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծնունդով Սիրիայից, ամերիկաբնակ գրող, հրատարակիչ, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, մանկավարժ, հետազոտող գիտնական և բարերար Հովսեփ Նալբանդյանն այս օրերին կրկին հայրենիքում է: Նա արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ, կատարում է հայության երկու հատվածները միացնող մշակութային դեսպանորդի` կամովին ստանձնած իր առաքելությունը. տարբեր լսարանների առջև հանդես է գալիս պատմության, մշակույթի, ազգային հարցերի, սփյուռքի ու հայրենիքի տագնապների վերաբերյալ ելույթներով, ինչպես նաև նվիրում է իր հեղինակած գրքերը: Ասում են՝ վերջիններիս թիվը վավուց անցել է 10 հազարը:

Երեկ պարոն Նալբանդյանը հյուրընկալվել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ կայացավ նրա «Կոմիտաս» գրքի շնորհանդեսը, վարդապետի ծննդյան 155 տարեդարձի և մահվան 90-րդ տարելիցի առիթով: Մեզ հետ զրույցի սկզբում պարոն Նալբանդյանը, կարծես «արդարանալով» նշեց, թե այս գիրքը ծրագրել էր հրատարակել ավելի վաղ`Վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով. «Տարբեր ծրագրերս պատճառ եղան, որ մինչ օրս նոր իրականացնեմ իմ երազը, նվիրելով այս հատորը Վարդապետի հիշատակին ու վաստակին»:

Հետաքրքրությանը, թե հայրենիքում և սփյուռքում լույս տեսած կոմիտասյան գրականությունից ինչով է տարբերվում իր կոմիտասականը, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Այս հատորն իր տեսակի մեջ յուրահատուկ է նրանով, որ հոդվածներիս մեծ մասը արևմտահայերեն ու դասական ուղղագրությամբ են և Հայաստանում շատ-շատերը տեղյակ չեն այդ հոդվածներից, քանի որ 1960-70-ականներին դրանք տպագրված են սփյուռքի տարբեր պարբերականների էջերում: Կան նաև բանաստեղծություններ, որոնք տպագրված են առաջին անգամ»:

Հետո մեր զրուցակիցն ընկավ հիշողությունների գիրկը: Ասաց, որ 6-7 տարեկան էր, երբ առաջին անգամ լսել է, սովորել ու երգել Կոմիտասի երգերը. «Ամիսը 2 անգամ քահանա մեծ հորս տանը կիրակի կեսօրին հավաքվում էինք մի քանի ընտանիքներով և հիանալի մթնոլորտում երգում տարբեր ժողովրդական երգեր… Հետո Կոմիտաս երգել եմ Հալեպի մեր դպրոցի «Սայաթ-Նովա» երգչախմբում, ավելի ուշ Երևանի պետական համալսարանի, որտեղ ուսանել եմ՝ «Կոմիտաս» երգչախմբում: Էլ ավելի ուշ այդ գոհարները Լոս Անջելեսի Փասադենա քաղաքի Հովսեփյան դպրոցում 4 տարիների ընթացքում սովորեցրի աշակերտներիս… Կոմիտասի երգերը հիացնում են, խանդավառում, տխրեցնում, գերում հայի հոգիները»:

Հավելեց նաև, թե չգերազանցած հանճարը` Կոմիտասը մեր ազգային հպարտությունն է, նա հայտնաբերեց ազգային ոճն ու ոգին: Պարոն Նալբանդյանը մտաբերեց Վարդապետի խոսքը` երգաստեղծության շնորհը գեղջուկի համար մի բնատուր պարգև է, բոլորն էլ վատ կամ լավ խաղ կապել և երգել գիտեն ու հազար ափսոս, որ նրա հավաքած երգերից քիչ տոկոս մեզ հասավ:

Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Հովսեփ Նալբանդյանի «Կոմիտաս» գիրքը միակ նվերը չէ կոնսերվատորիային, ավելի վաղ բուհի գրադարանում են Նալբանդյանի նվիրած գրքերը, որոնք ներկայացնում են արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներին, օտարազգի հայագետներին և այլն:

Մենք էլ նշենք, որ 2005թ. Լոս Անջելեսում Հովսեփ Նալբանդյանը հիմնադրել է «Հովսեփ և Կարոլին Նալբանդյան» հրատարակչական ընկերությունն ու նույնանուն մատենաշարը: Նրա մեկենասությամբ մատենաշարով հրատարակվել են Վազգեն Շուշանյանի, Հովհաննես Շիրազի, Ռոմանոս Սահակյանի, Վազգեն Առաքելյանի և ուրիշների ստեղծագործությունները: Հրատարակվել են Նալբանդյանի ընդհանուր գիտելիքների հանրագիտարանը, «Ամերիկահայ գիրքի պատմութիւն: Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն», «Հայ գիրքը Ամերիկայի մեջ» մատենագիտական ժողովածուները, «Ուղղագրութեան նիւթերու ժողովածուն», «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը: Ձօն երախտագիտութեան» ժողովածուները և այլն:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում Հովսեփ Նալբանդյանը՝ Երևանի կոնսերվատորիայում իր գրքի շնորհանդեսին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031