Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրափի․ այստեղ մեղվաբուծությամբ հետաքրքրված են գրեթե բոլորը

Մայիս 15,2025 17:15

Շիրակի մարզի Ջրափի գյուղն իր այժմյան տեսքով ձևավորվել է 1970-ականների սկզբին՝ Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցման արդյունքում, ինչի պատճառը Ախուրյանի ջրամբարի կառուցումն էր։

Գյուղի բնակչությունը, որի թվաքանակն, ըստ վիճակագրության, տատանվում է 800-ի սահմաններում, ավանդաբար զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ, բայց մեղվաբուծության հանդեպ հետաքրքրությունը ևս միշտ մեծ է եղել։ Այդ հետաքրքրությունը կրկնապատկվեց ու որակապես փոխվեց, երբ Ջրափիի ընտանիքներից մի քանիսը միացան «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի ծրագրին՝ համապատասխան դասընթացից հետո վկայականներ ու մեղվափեթակներ ստանալով։

Այսօր գյուղի 5 ընտանիք զբաղված է տրված 5-ական փեթակներն իրենց մեղվաընտանիքներով արդեն մասնագիտորեն խնամելով ու դրանց քանակական ավելացման ուղղությամբ աշխատելով։

Ջրափիի բնակչուհի Սիլվա Մկրտչյանը պատմում է, որ ամուսնու հետ տարիներ շարունակ զբաղվել է անասնապահությամբ․ աշխատանքը ծանր էր, եկամուտը՝ չնչին։ Զուգահեռաբար սկսել են զբաղվել մեղվաբուծությամբ, ունեցել են 14 փեթակ, բայց որոշ ժամանակ անց մեղուներին դեղամիջոցներով բուժելու անհաջող փորձից հետո փեթակները սկսել են դատարկվել։ Հիմա Սիլվան նոր հույսերով կրկին նվիրվել է մեղվաբուծությանը և արդեն վստահ է, որ ձեռք բերած գիտելիքն ու գործընկերների օժանդակությունն իրեն կօգնեն հաջողության հասնել այս գործում, ինչն էլ կնպաստի իր ընտանիքի սոցիալական վիճակի բարելավմանը։

«Մեզ ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով՝ փեթակներով, շրջանակներով, մեղվաընտանիքներով և այլն։ Աշխատանքը սկսել եմ այս տարվա հունիսի կեսերից․ 9-10 շրջանակ ունեցող փեթակներ են՝ աշխույժ ընտանիքներով։ Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ գոհ եմ, որովհետև տեսնում եմ, որ առաջիկայում բավականին մեծ քանակությամբ մեղր եմ ունենալու»,- պատմում է Սիլվան։

Նա ծրագրում է ստացված մեղրն իրացնել շրջակա բնակավայրերում ապրող բարեկամների ու ծանոթների միջոցով, իսկ հետագայում, երբ արտադրանքի ծավալն ավելի մեծանա, արդեն կդիմի առևտրի կետերին։ Մթերման հարցում կօգնի նաև «Մեղվաբուծության դարբնոցը»։

 

Ջրափիում բնակչության սոցիալական խնդիրները միշտ էլ առաջնահերթություն են եղել։ Խորհրդային տարիներին այս առումով համեմատաբար բարվոք վիճակ էր․ գյուղում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքերը, մարդիկ ունեին եկամտաբեր զբաղվածություն, քանի որ բերքն իրացվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ 1988-ի երկրաշարժից հետո գործարանը փլուզվեց, գյուղաբնակների սոցիալական վիճակն էլ այդ պատճառով զգալիորեն վատթարացավ։

 

Այսքանով հանդերձ՝ գյուղում աշխուժությունը չի նվազում․ գործում է դպրոցը, գործում են երեխաների համար խմբակները։ Ջրափեցիների հպարտության առարկան են միջնադարյան Հայաստանի հայտնի կառույցներ հանդիսացող քարավանատունը և Չրփլիի կամուրջը։ Սրանք «պատահական» կառույցներ չեն․ դարեր առաջ այստեղով է անցել միջազգային տարանցիկ առևտրի գլխավոր ճանապարհներից մեկը։

Հարազատ բնակավայրն անչափ սիրող Հովհաննես Գրիգորյանը, ով դպրոցի զինղեկն է, պատմելով գյուղի մասին՝ չի մոռանում նախ նշել, որ իր պապը եղել է Շիրակի մարզի Աղին գյուղի լավագույն մեղվապահներից մեկը, հետո ընտանիքը տեղափոխվել է Ջրափի, որտեղ ինքը, շարունակելով ընտանեկան ավանդույթը, նույնպես սկսել է մեղվաբուծությամբ զբաղվել։

Նախքան «Մեղվաբուծության դարբնոցի» ծրագրին միանալն արդեն ուներ շուրջ 2 տասնյակ փեթակ, սակայն ցանկանում էր թե՛ փեթակների, թե՛ մեղրի քանակությունն ավելացնել, միաժամանակ՝ ավելացնել նաև մեղվաբուծության բնագավառում իր ունեցած գիտելիքը, այդ պատճառով էլ այս տարվա գարնանը միացավ ծրագրին։

«Իմ քամած մեղրը կարողանում եմ ամբողջությամբ իրացնել․ կարևորը մարդկանց վստահությունն ունենալն է և նրանց ոչ մի անգամ հուսախաբ չանելը։ Դասընթացը, որի ավարտին հանձնեցինք քննություն, շատ արդյունավետ էր, իսկ որակյալ մասնագետների հետ շփումը՝ կրկնակի արդյունավետ։ Իհարկե, մեղվաբուծության բնագավառում, ինչպես և ցանկացած այլ ասպարեզում, աշխատելիս միշտ էլ նկատի ես ունենում, որ կարող են լինել կորուստներ, բայց եթե զինված ես գիտելիքով, այդ կորուստները չնչին են լինում։

Մենք գիտակրթական կենտրոնի շնորհիվ այս նախագծում ընդգրկվեցինք միանգամից երեք ուղղությամբ․ մեկը մեղվաբուծության զարգացման ծրագիրն էր, մյուսը՝ մասնագիտական դասընթացը, վերջինն էլ՝ «Մեղվաբուծության դարբնոցին» անդամակցությունը։

Իսկ ամենակարևորը այն պարզ արժեքներն էին, որ նորովի գիտակցեցինք միմյանց հետ շփվելիս․ այն հմտությունները, որոնց տիրապետում ես, գաղտնի մի պահիր և գործընկերոջդ որպես մրցակից մի դիտարկիր, մեր ընդհանուր շահը փոխօգնությունն է, համագործակցությունը, միասնական զարգացումը։ Միայն այդ կերպ է հնարավոր հասնել արդյունքի»,- նշում է Հովհաննեսը։

Նա արձանագրում է, որ այսօր իրենք կարողանում են վաճառել ոչ միայն մեղր, այլև մեղրամթերքի՝ ավելի քան քսան նմուշից բաղկացած հարուստ տեսականի՝ մայրակաթ, մեղրամոմ, ակնամոմ, ծաղկափոշի և այլն։

 

 

Ա․ Բաբայան

լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031