Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. «Այս իշխանության օրոք մենք համաներում չենք տեսել, այսինքն, մեկը տեսել ենք, բայց շատ խտրական»

Մայիս 15,2025 19:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Հիշում եմ՝ Արտակ Զեյնալյանի օրոք էր, երբ նա արդարադատության նախարար էր, առաջին անգամ լսեցի, որ տուժող կողմի կարծիքը պետք է հաշվի առնել: Բայց մարդն իր պատիժը կրում է եւ ՔԿՀ-ի, Պրոբացիոն ծառայության բնութագրերն են շատ կարեւոր, թե ինչպես է իրեն դրսեւորել տվյալ դատապարտյալը:

Նաեւ վարչապետը ներում շնորհելու բացառիկ իրավունք ունի, որը մենք չենք տեսել: Մեղմ եմ ասում. ոչ մարդասիրական մոտեցում է: Այս իշխանության օրոք մենք համաներում էլ չենք տեսել, այսինքն, մեկը տեսել ենք, բայց շատ խտրական: Նույնիսկ նախկինները պարբերաբար համաներում էին հայտարարում:

Ո՞ւր են այդ հիմքերը, թե ինչու եք մերժել: Այդ 18 դատապարտյալների մեջ չկա՞ր գոնե մեկը, որին ՔԿՀ-ն նորմալ բնութագիր է տվել: Եվ շատ հաճախ տալիս են: Կամ Պրոբացիոն ծառայությունը: Այդ 18-ը ո՞նց կարող էին դիմել այդ հանձնաժողովին, եթե իրենք չունեին այդ հիմքերը: Վստահ եմ՝ դատապարտյալները ներսում ամեն ինչ անում են միավորներ հավաքելու, միջոցառումների մասնակցելու, որովհետեւ ձգտում են, որ շուտ դուրս գան ՔԿՀ-ներից:

Սա՝ այդ ձեւով կտրուկ մերժումը, համարում եմ քաղաքական որոշման արդյունք: Դա ոչ մարդասիրական մոտեցում է: Մենք մեր երկրում այդ մարդասիրական մոտեցումը չենք տեսնում ընդհանրապես: Էլ չեմ ասում՝ դա չի հասնում բանտեր»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը եւ օրինակներ բերեց ցմահ դատապարտյալներից, որոնց հետ ինքը հանդիպել է: Ավելին, տիկին Ալեքսանյանը վստահ է, որ ցմահ դատապարտվածների մեջ կան նաեւ անմեղ մարդիկ, որոնք 20 տարուց ավելի՝ 25 տարի, բանտում են եւ այս դատական համակարգի զոհերն են:

Հարցին, թե որ օղակն է ավելի շատ խոչընդոտում դատապարտյալների իրավունքների իրականացմանը, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց. «Նախ, դատախազությունն է առաջին խոչընդոտներից մեկը, դատախազությունը շատ մերժողական է տրամադրված դատապարտյալների նկատմամբ: Եվ ասեմ, որ վատ վարքագծով է հանդես գալիս դատարաններում: Իրենց թվում է՝ ինչպես ուզեն, պիտի խոսեն այդ մարդկանց հետ»:

Իսկ դատական գործընթացների մասին բանախոսն ասաց, որ Պրոբացիոն ծառայությունը, ՔԿՀ-ն տալիս են դրական բնութագիր, ու մեկ էլ դատարանը որոշում է կայացնում, թե հանցագործություն կատարելու ռիսկը մեծ է: «Եվ ես համարում եմ, որ սա քաղաքական որոշման արդյունքում է: Ինչպես ներման դիմումներն են մերժվել, այնպես էլ ցմահ դատապարտյալներին ոչ մի կերպ չեն ուզում թողնել, որ դուրս գան հասարակություն»,-ասաց նա:

Սակայն տիկին Ալեքսանյանը նաեւ արձանագրեց, որ երբ ցմահ դատապարտյալների հետ բռնության մասին իրենք հայտարարություն արեցին,  իրավիճակը, կարծես, մի քիչ փոխվել է: Այցելել է ՔԿԾ պետը եւ զրուցել դատապարտյալների հետ, լսել է նրանց, նրանց բողոքները: Երեկ էլ հաղորդագրություն տարածվեց, որ նախարար Սրբուհի Գալյանն է այցելել: Ու ինքը տեղեկություններ ունի, որ նորմալ շփվել է ցմահ դատապարտյալների հետ եւ, ինչպես վարչության պետը, այնպես էլ նախարարը ասել է, որ տեղաշարժ կլինի այդ ռեժիմի փոփոխության հարցերով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031