«Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանը պատասխանելով դիտարկմանը, որ դատապարտյալներին ներում շնորհելու հարցում հիմնական խոչընդոտը դատախազությունն է, թեեւ մեր պետությունը որդեգրել է դատապարտյալների նկատմամբ պատժողականից վերականգնողական անցնելու քաղաքականություն, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցն ասաց՝ դա խոսում է այն մասին, որ մենք հերթական անգամ հայտարարություն ենք արել՝ ինչ-որ բանի անցնելու, ինչ-որ փոփոխությունների գնալու եւ մնացել ենք հայտարարությունների մակարդակում:
«Ցավոք սրտի, դատախազությունը, այո, շատ ու շատ հարցերում հետեւողականորեն չի ընդունում նոր խաղի կանոնները, եթե այդպիսիք իսկապես ընդունվել են, որ մենք գնում ենք լուրջ բովանդակային փոփոխության՝ պատժողական քաղաքականությունից անցում ենք անում: Չգիտեմ, դատախազությունում սա հոգեբանական խնդիր է կամ տեղ չի հասել, բայց իսկապես այդպես է:
Ինչու են անընդհատ մերժվում, նաեւ ինչու այս անգամ մերժվեցին 18 ցմահ դատապարտյալների խնդրագրերը, ես կարծում եմ, որ նախագահի աշխատակազմը առանձնապես չի էլ մտածել, չի էլ խորացել, չի էլ հետաքրքրվել, այլապես գոնե ասելիք կունենային, թե ինչու: Դա իսկապես շատ կարեւոր է. մարդը պետք է հասկանա՝ որոնք են խաղի կանոնները, որոնցով իրեն մերժել են, ինչպիսի վարքագիծ պիտի ինքը դրսեւորի, որտեղ է սխալվել, որտեղ է բացթողում արել, եթե այդպիսի բացթողումների հնարավորություն կա, որովհետեւ բոլոր դատապարտյալները հետեւողականորեն փորձում են ստանալ կամ անել առավելագույնը, որպեսզի կարողանան արժանանալ ռեժիմների փոփոխության, վիճակի թեթեւացման կամ ներում ստանալու:
Պիտի հասկանալ, որ եթե ֆինանսական պահանջ է ներկայացվում արդեն դատապարտյալին, մարդը քրեակատարողական հիմնարկում այդ ֆինանսական հարցը լուծելու որեւէ հնարավորություն չունի: Եթե գումարի վերադարձի հարց կա, դատապարտյալը որտե՞ղ պետք է աշխատի, որ հինգ, տասը, քսան, քսանհինգ տարիների ընթացքում վաստակի գումար, որ կարողանա տուժողին վերադարձնել, հատուցել: Փաստորեն ստացվում է, որ ունենք իրավիճակ, որտեղ պատիժ է նշանակվում ոչ միայն դատապարտյալի համար, այլ նաեւ նրա ընտանիքի անդամների, հարազատների համար, որոնք իրենց հերթին պիտի նաեւ զուգահեռաբար աշխատեն, կարողանան այդ գումարները հատուցել, որ իրենց հարազատը շանս ունենա ներման արժանանալ տուժողի կողմից:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ մենք որպես իրավապաշտպան կառույց հիմնականում հանդես ենք գալիս տուժողների տեսանկյունից : Բայց տուժողների անունից հանդես գալով հանդերձ, կա ինչ-որ մի ժամանակ: Օրինակ, ցմահ դատապարտյալների պարագայում եթե մարդիկ 20-25 տարի գտնվում են ՔԿՀ-ում, դա համարեք, որ պատիժը մարդիկ արդեն կրել են, համարեք, որ պատասխանատվությունն այլեւս պետության վրա է, չի կարելի դա թողնել տուժողի վրա: Այո, տուժողը իր հարազատի կորուստի, իր զգացմունքայնության վրա հիմնված կարող է հավերժ չներել այդ մարդուն: Արդյո՞ք դա նշանակում է, որ մարդը պիտի ամեն ինչ անի, իր բոլոր ջանքերը ներդնի՝ անմարդկային պայմաններում պահվելով հանդերձ, ամեն ինչ անի, որպեսզի գոնե ներման արժանանա ու նրա գործը անգամ բավարար ձեւով չքննեն ու մարդուն հնարավորություն չտան ու չբացատրեն, թե որտեղ է սխալվել, հաջորդ անգամ դիմելուց ինչը պիտի շտկի, ուղղի, որ վաղը ներման արժանանա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի