Պաշտոնական Երեւանն ի՞նչ բացատրություն ունի, երբ տեսնում են, որ Անկարան պաշտպանում է Բաքվի կեղծ մեղադրանքները:
Անթալիայում մեկ ամիս առաջ Դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի իշխանությունները հանդիպումներ ունեցան թուրքական կողմի հետ: Թուրքիա էին ժամանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նախ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը հանդիպեց կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ», գրել էր Ռուբինյանը X-ում:
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել էր թուրք պաշտոնակցի հետ: Հանդիպումից հետո նա նշել էր, թե կարեւոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։
Կարդացեք նաև
Մինչ կհանդիպեին Միրզոյանն ու Ֆիդանը, Սերդար Քըլըչը, պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջեւ Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է, թե՝ ոչ, նկատել էր. «Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»: «Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Հայաստանը հայտարարել է, որ իրենք նույնպես ցանկանում են փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, բայց սա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի ժողովուրդը եւ ինստիտուտները պետք է որոշեն ինչպես եւ երբ իրականացնել այդ փոփոխությունները»,- Անթալիայում «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել էր Սերդար Քըլըչը:
Թուրք դիվանագետը նաեւ մանրամասներ էր հայտնել Ռուբինյանի հանդիպումից, նշելով, որ քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը: Այս հարցը նոր չէ հայ-թուրքական հարաբերություններում, սակայն տարիներ շարունակ որեւէ առարկայական տեղաշարժ չկա: Սերդար Քըլըչն, ի դեպ, դժվարացել էր ասել, թե երբ տեղի կունենա Ռուբինյանի հետ իրենց հաջորդ հանդիպումը:
Անհայտ է, որ Անկարան հայ-թուրքական կարգավորման գործընթացը մշտապես պայմանավորվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, եւ այժմ էլ, ինչպես Ալիեւն է պնդում` «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո նույնպես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը Անկարան շարունակում է կապել Բաքվի պահանջների կատարման հետ:
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, մասնավորապես մայր օրենքից Անկախության հռչակագրի մասին հղումը դուրս բերելու պահանջ ներկայացնում է Ադրբեջանը: Հռչակագրում նշվում է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման ու ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես նաեւ ամրագրվում է, որ Հայաստանը «սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` նրանք քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ:
Հայաստանն ու Թուրքիան շուրջ երեք տարի առաջ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց անգամ այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել: Փակ սահմաններ ունեցող երկու երկրների բանագնացները 2022-ի հուլիսին Վիեննայում չորրորդ հանդիպման ժամանակ էին պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկական կողմը վերակառուցեց Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Մինչդեռ պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների բանագնացները քննարկել են այդ գործընթացը իր բոլոր սպեկտրներով, Անթալիայի հանդիպումներից հետո լրագրողներին հայտնեց հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: «Այսինքն՝ այն բոլոր պայմանավորվածությունները, որ այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը: Ինչպես գիտեք, մի մասն իրագործված է, մի մասը՝ չէ, որոշ գործընթացներ կան՝ Անիի պատմական կամրջի վերականգնման շուրջ: Վերջերս տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլում դրա վերաբերյալ: Այս սպեկտրն ենք քննարկել», – ասել էր ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե Մարգարայի անցակետը բացելուն անդրադարձե՞լ են, Ռուբինյանը պատասխանել էր. «Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից ներառելիքը արել ենք եւ սպասում ենք, որ թուրքական կողմը կատարի: Նորություն չկա»: «Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչեւ այս պահը չի կատարվել, Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել», – հավելել էր ԱԺ փոխխոսնակը՝ շեշտելով, որ ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:
Լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք Անկարան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմամբ: «Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, եւ մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել», – նշել էր Ռուբեն Ռուբինյանը:
Մինչ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցին վստահեցնում էր, թե Երեւանը, Անկարան ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանն ու կայունությանը, Անթալիայի հանդիպումներից ընդամենը մի քանի օր անց Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ թուրքական խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը Բաքվում էր, որտեղ հայտարարեց` «Հայաստանը պետք է խելքի գա»։
Էրդողանի մերձավոր դաշնակիցը Բաքվում թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծման աշխատանքներից էր խոսել եւ հավաստիացրել՝ գործընթացը շարունակվում է: «Մեր երկու երկրները պետք է շարունակեն պաշտպանության ոլորտում միասին գործել։ Այդ աշխատանքի հաջողության գրավականներից մեկը համատեղ զորավարժությունների անցկացումն է»,- նշել էր Թուրքիայի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը:
Աքարը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ղեկավարում էր թուրքական զինուժը, Երեւանին հիշեցրել էր վերջին պատերազմների հետեւանքները եւ դարձյալ ընդգծել Անկարայի դերակատարությունը Ադրբեջանի ռազմական հաղթանակներում: «Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է գիտակցի իրականությունը եւ ընդունի այդ փաստերը, պետք է հնարավորինս արագ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը», – պնդել էր Աքարը:
Թուրքիայի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան, ի դեպ, Հայաստանին մեղադրել էր հրադադարի խախտումների համար, նշելով. «Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Ադրբեջանի հետ սահմանին զուր ջանքեր են։ Դրանով ոչնչի չի հասնի»: Հուլուսի Աքարն այնուհետեւ ընդգծել էր՝ այսօր աշխարհում ուժերի համաշխարհային հավասարակշռությունը փոխվել է, ավելացել են հակամարտությունները: «Անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային իրադարձությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա: Ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ուժեղ բանակի առկայությամբ: Սրա ապացույցն է Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում։ Ղարաբաղյան հաղթանակը օրինակ դարձավ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ թյուրքական աշխարհի, ամբողջ աշխարհի համար», – պնդել էր Աքարը: Աշխարհում այս պահին ստեղծված պայմաններում հուսալի ապավենը բանակն է, ընդգծել էր թուրք պաշտոնյան:
Պաշտոնական Անկարայի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն տեղի է ունեցե՞լ: Անկարայի դիրքորոշումը տարբերվո՞ւմ է Բաքվի դիրքորոշումներից:
Միայն այն, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ թուրքական խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նախագահը Բաքվում Հայաստանին մեղադրել էր սահմանին հրադադարի խախտումների մեջ, արդեն բավական է պատկերացում կազմելու, թե ինչ գիծ է բռնել Անկարան:
Եվ, ի դեպ, պաշտոնական Երեւանն ի՞նչ բացատրություն ունի այս հարցում, երբ տեսնում են, որ Անկարան պաշտպանում է Բաքվի կեղծ մեղադրանքներն ընդդեմ Հայաստանի:
Օրերս Բաքու էր մեկնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Մայիսի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X-ի իր էջում հայտնել է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը։
Ալիեւը շնորհավորել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն (PKK) ինքնալուծարման կապակցությամբ՝ դա «պատմական իրադարձություն» անվանելով։ Միաժամանակ նա ընդգծել է, թե «թուրքական պետության ուժը, երկրի զինված ուժերի կողմից ահաբեկիչների դեմ պրոֆեսիոնալ պայքարը, ինչպես նաեւ թուրքական հասարակության միասնությունը հիմնական գործոններից են, որոնք ահաբեկչական խմբավորմանը դրդել են այդ քայլին»։ Ալիեւն ասել է, թե դա կարեւոր հարց է ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի ժողովուրդների համար՝ խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելու տեսանկյունից։
Գյուլերն իր հերթին, արդարացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ու էթնիկ զտումը, իսկ հայերին անվանել է` «ահաբեկիչներ»։
Նա հայտարարել է, թե մի քանի տարի առաջ տարածաշրջանում «հայ ահաբեկիչները» պատմական դաս են ստացել՝ հայտարարելով, թե «Թուրքիան հաջողությամբ ավարտել է ահաբեկչության դեմ 41-ամյա պայքարը»։ Գյուլերը վստահություն է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում խաղաղություն կլինի։
Ի դեպ, ահաբեկչության թեմային օրերս անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, նշելով. «Թուրքիան ոչ մի պարագայում, ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, չի հանդուրժի ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը իր սահմաններին»:
Թուրքիայի ՊՆ ղեկավարը նաեւ նշել է, թե ապագայում իրենք կանեն ամեն ինչ՝ «եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի հետ հարաբերություններն ընդլայնելու համար»։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի միջեւ հաստատված համագործակցությանը, ընդգծվել է, որ այդ ուղղությամբ հաջողությամբ անցկացվում են համատեղ զորավարժություններ: Վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական»։
Նույն օրը Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։ Նա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ է այցելել Ադրբեջան, Ալիեւը հույս է հայտնել, որ այցը հաջող կլինի։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել «երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների խորացման կապակցությամբ»։ Հանդիպմանը նշվել է նաեւ երկու երկրների միջեւ հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգային հարցերում։
Եթե Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները մեզ «ահաբեկիչ» են համարում, սա ի՞նչ է նշանակում… Սա Հայաստանի հետ խաղաղության ձգտող պետության դիրքորոշո՞ւմ է:
Պարզ չի, որ ցանկացած հարմար առիթի դեպքում, Թուրքիան արդարացնելու է իրենց կողմից հնարավոր որեւէ գործողություն` «տեռորիզմի դեմ» իրենց հռչակած «արդար» պայքարի շրջանակներում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2025