Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան «բարեկամություն». «նոր որակ». 2-րդ մաս

Մայիս 16,2025 12:30

Սկիզբը՝ նախորդ համարում

Ասվածից դուրս, ուզում եմ եւս մեկանգամ հայ ժողովրդին հիշեցնել. երբ մինչեւ 2018թ.-ը խոսք էր գնում, որ եւ աշխարհի շատ երկրներ, եւ միջազգային բազմաթիվ կառույցներ մեծ տեղ էին տալիս Ադրբեջանի՝ տարիներ շարունակ միջազգային հանրությանն ուղղված իրենց տեղատարափ բողոքներին՝ առ այն, որ եթե ուզում եք աշխարհում տիրի խաղաղությունը եւ աշխարհում վերականգնվի արդարությունը, ապա պետք է Ադրբեջանին վերադարձվեն Հայաստանի կողմից օկուպացված բոլոր հողերը՝ Արցախն ու հարակից տարածքները, որն օրինակ կդառնար նաեւ նմանատիպ այլ երկրների դեպքում, նմանատիպ տարածքների՝ խաղաղ ճանապարհով վերադարձի համար, որպեսզի տարբեր երկրներում եւս, նման ճանապարհով փորձեն լուծել եղած հակամարտությունները, իսկ այդ նույն ընթացքում հայերը բնավ չէին դիմում միջազգային կառույցներին: Ադրբեջանի այս լացուկոծին սկսեցին լրջագույն ուշադրություն դարձնել միջազգային կառույցները եւ սկզբնական փուլում նրանք կարծես համակարծիք դարձան՝ Հայաստանի կողմից գրավյալ տարածքներից նվազագույնը՝ 5-ից 7 շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու հարցում: Այդ խնդիրը բավականին ժամանակ քննարկման նյութ դարձավ միջազգային տիրույթում, որին միայն բացասաբար էին վերաբերվում եւ այդ ժամանակվա Հայաստանի գործող իշխանությունները, եւ Հայաստանի ժողովուրդը: Ավելին, շատերը համոզված էին, որ նման քայլը լուրջ պատճառ կարող էր դառնալ Հայաստանում իշխանափոխության համար, որի հետեւանքով էլ այդ հարցը երկար ժամանակ շարունակվում էր առկախված մնալ …

Եվ ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Հայաստանում անսպասելիորեն տեղի ունեցավ 2018թ. հեղաշրջում-հեղափոխությունը, որը դարձյալ շարունակեց առկախված թողնել յոթ շրջանների վերադարձի հարցը: Միայն մի քանի տարի հետո՝ 2023թ.-ին էր գալու այն պահը, երբ ոչ թե նշված 7 շրջաններն, այլ ամբողջ Արցախն էր հանձնվելու Ադրբեջանին եւ այդ ժամանակվա իշխանությունը ոչ միայն չէր հեռացվելու, այլեւ մինչ այսօր մնացել է իշխանության ղեկին: Եվ այսպես, ի զարմանս աշխարհի եւ հայ ժողովրդի, շատերի մտքով չէր էլ կարող անցնել, որ 2020թ.-ից մինչեւ 2024թ.-ը տեղի կունենար նվաստացուցիչ 44-օրյա պատերազմն՝ իր անասելի հետեւանքներով. Արցախը լիովին կհայաթափվեր եւ սուվերեն Հայաստանից կգրավեին 240 քառ.կմ-ից ավելի տարածք, իսկ ժողովուրդը կլռեր: Փաստորեն ստացվում է, որ հայ ժողովուրդը լավ էլ «համբերատար» ժողովուրդ է եւ նա ոչ միայն դիմանում է ցանկացած ողբերգության, այլեւ շարունակում է «ապրել», եթե իհարկե, սրան կարելի է ապրել անվանել:

Այս պարագայում, ի՞նչ կարող է անել հայ ժողովուրդը, որպեսզի փրկվի այս իրավիճակից, միաժամանակ փրկելով երկիրը, քանզի երկրի փրկության այլ ճանապարհ ուղղակի չկա …

Իրականում Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին եւ պետք է՝ ոչ միայն ժողովրդի կեսը, այլեւ ողջ հայ ժողովուրդը՝ սփյուռքն էլ հետը, ոտքի կանգնեն, ու փորձեն Հայաստանը փրկել կործանումից: Հակառակ պարագայում, աշխարհում ապրող ողջ հայ ժողովուրդը պետք է հայտարարի, որ ինքն այդպես էլ չլրջացավ ու ամոթալիորեն պարտվեց, որի հետեւանքով կործանվեց նաեւ Հայաստան երկիրը:

Չնայած իշխանությունների որդեգրած՝ իրենց գործողությունների գաղտնի պահվածքին, ամենակարեւոր գործարքը, որին պատրաստվում են գնալ գործող իշխանությունները, դա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն են ու դրա արդյունքում կնքվելիք խաղաղության «համաձայնագրի» բովանդակությունը: Անկեղծ ասած, ժողովուրդն էլ որդեգրել է այնպիսի պահվածք, որ կարծես թքած ունենա այդ ամենի վրա, այնպես որ, գործող իշխանությունը ոնց ուզում, այնպես էլ անում է: Այսպես կոչված՝ կնքվելիք ապագա «խաղաղության» համաձայնագիրի արդեն հայտնի կետերը եւ վերջերս Ադրբեջանի կողմից գաղտնազերծված չհամաձայնեցված կետերը, պարզորոշ խոսում են այն մասին, որ այդ փաստաթուղթը Հայաստանի համար շատ վատ փաստաթուղթ է, քանզի մեզ համար այն պարունակում է մի շարք անընդունելի կետեր, ինչպիսիք են, օրինակ, սահմանադրության փոփոխությունը, անկլավների հանձնումը, «Սյունիքի միջանցքի» բացումը եւ նմանատիպ որոշ այլ կետեր: Ցավոք, ժողովուրդը կարծես լիովին անտարբեր է այդ փաստաթղթի նկատմամբ, իսկ իշխանության պահվածքից պարզորոշ երեւում է, որ նրանք պատրաստակամ են կնքելու այդ փաստաթուղթը, որքան էլ ժողովրդի որոշ շրջանակներում եւ ընդդիմության մոտ կան բավականին անհամաձայնություններ՝ այդ փաստաթղթի վերը նշված կետերի շուրջ: Իսկ ժողովուրդը որեւէ քայլ անո՞ւմ է, որպեսզի թույլ չտա նմանատիպ «համաձայնագրի» կնքումը: Էլ չեմ ասում, որ ժողովուրդը կամ ընդդիմությունը հենց սկզբից պետք է պարզ հարցադրում անեին, թե ինչո՞ւ են նման գերկարեւոր հարցը փորձում լուծել առանց հանրաքվեի: Ինչո՞ւ օրենսդությամբ սահմանված կարգով որեւէ փորձ չարվեց հանրաքվե կազմակերպելու համար: Փոխանակ, լավ ճանաչելով գործող իշխանության մտադրությունների եւ դրանց դեմն առնելու անհնարինության մասին, անպայման փորձեին ամեն ինչ անել՝ այդ հարցը հանրաքվեով լուծելու համար: Սկսեցին մուկն ու կատու խաղալ իշխանությունների հետ. մեզանից մի թաքցրեք պայմանագրի կետերը, քաջ իմանալով, որ որքան պետք է, այնքան էլ կթաքցնեն եւ եթե անգամ չթաքցնեն էլ, ապա միեւնույն է՝ ինչպես ուզեն, այդպես էլ կկնքեն եւ ինչպես բազում այլ հարցերում: Ես համոզված եմ, որ ժողովրդի այսպիսի պահվածքի եւ ընդդիմության նման մոտեցման պարագայում, միեւնույն է, իշխանություններն ինչ փաստաթուղթ ուզեն, այն էլ կնքելու են, այնպես որ, մնացածը կդառնա զուտ բառախաղերի կույտ, եւ մենք կշարունակենք մշտապես կորցնել ու կորցնել, մինչեւ Հայաստանի ամբողջական դադարումը:

Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակադրությունը զուգահեռենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հատուկ ռազմական օպերացիային, ապա պարզորոշ կտեսնենք, որ եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան ոչինչ չեն խնայում այդ պատերազմում հաղթանակի հասնելու համար: Իսկ եթե Ուկրաինայի իշխանությունը մտածեր Հայաստանի իշխանության նման, ապա պետք է անմիջապես հանձնվեր Ռուսաստանին, քանզի նա իր հզորությամբ ու կարողություններով շատ անգամ ավելի է զիջում Ռուսաստանին, քան Հայաստանն՝ Ադրբեջանին: Սակայն Ուկրաինան 3 տարուց ավելի է՝ ճակատ առ ճակատ պայքարում է Ռուսաստանի դեմ, իսկ դրա պատճառը միակն է. թեկուզ զուտ Ուկրաինայի իշխանությունների պատճառով է սկսվել այդ պատերազմը, ամեն դեպքում նա փորձում է ամեն կերպ պաշտպանել իր հայրենիքը, քանզի դա իր սուրբ պարտքն է համարում: Իսկ Հայաստանը վախենում է Ադրբեջանից, այդ իսկ պատճառով կատարում է նրա ցանկացած պահանջը, ուստի դա կոչվելու է ոչ թե այդ երկրների միջեւ խաղաղության «համաձայնագիր», այլեւ Ադրբեջանի կողմից միանձնյա թելադրվող գրավոր փաստաթուղթ, որն ուղղակի կստորագրվի երկու կողմից: Կույրին անգամ տեսանելի է, որ սա ոչ թե երկկողմանի համաձայնագիր է, այլեւ պարտության հերթական համաձայնագիր եւ այստեղ աբսուրդն այն է, որ եթե այնուամենայնիվ պետք է ստորագրվի պարտության համաձայնագիր, ապա ինչո՞ւ փորձ չարվեց պատերազմով պատասխանել Ադրբեջանի հոխորտանքներին, որը գոնե կլիներ պատվավոր պարտություն: Էլ չեմ ասում, որ այս պարագայում գուցեեւ որոշ երկրներ հարգեին Հայաստանի կողմից պատվավոր պատերազմ վարելու իրողությունը ու փորձեին որեւէ կերպ իրական միջամտություն իրականացնել այդ պատերազմում, որը կարող էր նաեւ որոշակի դրական ազդեցություն թողնել մեզ համար… Խոսքն այդ պատերազմում Թուրքիային որոշակիորեն զսպելու մասին է, քանզի Ադրբեջանի միակ հենարանն ու հույսը Թուրքիայի օգնությունն է: Ցավոք, որքան մտածում եմ, այնքան շարունակում եմ զարմանալ, թե ինչո՞ւ իշխանությունները չեն փորձում վերը նշված վերջին հնարավորությունն օգտագործել, քանզի իրենց թվացյալ պարտությունը կա ու կա եւ կորցնելու ոչինչ չունեն:

Այնպես որ, քանի դեռ այս պահի դրությամբ «խաղաղության»՝ պարտության համաձայնագիրը չենք ստորագրել, վերջին կոչն եմ անում ողջ հայ ժողովրդին. փորձենք մի վերջին հնարքով նամուս ու թասիբ հավաքել, համախմբվենք ու ոտքի կանգնենք եւ միակամված փորձենք նենգ թշնամուց փրկել մեր Սուրբ հայրենիքը, որպեսզի եւ նախկինում, եւ 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը տված հայորդիների հոգիները երկնքից մեզ ուղիղ աչքերով նայեն ու ամոթանք չտան մեր վախկոտ, ստոր ու անամոթ պահվածքի համար…

Չպետք է երբեք մոռանանք, որ ցանկացած ազգի, ժողովրդի պատիվն ու նամուսը նրա գրանցած հետագծի վերաբերյալ հիշողությունն է, որը միշտ կայուն է եւ փոփոխության ենթակա չէ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031