Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանը երկու օր առաջ տեղեկացրեց, որ Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին կանչել են քննչական կոմիտե՝ հարցաքննության, որը ըստ նրա՝ փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։ Ըստ ԱԺԲ խոսնակի. «Ինչպես եւ սպասվում էր, որեւէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։ Ժիրայր Սեֆիլյանը դեռեւս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։ Հարցաքննությամբ եւս մեկ անգամ հաստատվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որեւէ նոր տեղեկություն չունի եւ նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է»։
Ինքս տարիներ առաջ լուսաբանել եմ 27-ի ահաբեկչության գործով դատական նիստերը: Իմ արխիվից ներկայացնեմ երկու լուսանկար, նախաքննության ժամանակ, որպես վկա, ինչ է ասել Ժ. Սեֆիլյանը, ապա դատավճռից մի հատված, որտեղ նրա՝ վկայի ասածը տեղ չի գտել, այլ Բաբայանի մասով է միայն ասվում:
Նախաքննության ժամանակ 27-րդ վկան էր Ժ. Սեֆիլյանը:
Նա հայտնել էր. «Ն. Հունանյանին ճանաչել է 1990 թվականին որպես դաշնակցականի, որպես խելացի անձնավորության, քաղաքական հայացքներով լիբերալ, եսակենտրոն, եւ դեպի բարեկեցիկ կյանքը ձգտող անձնավորության: Դեպքի օրը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին իր բնակարան է զանգահարել Նաիրի Հունանյանը եւ տալով երկու հեռախոսահամարներ` 58-85-63, 40-11-22, խնդրել է դրանք փոխանցել այդ ժամանակվա ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին, որպեսզի նա այդ համարներով զանգահարի իրեն, որն էլ ինքը կատարել է: Հետագայում իմացել է, որ իր հեռախոսահամարը նրան՝ Ն.Հունանյանին տվել է դահլիճում գտնվող իր մտերիմ, պատգամավոր Սամվել Ավետիսյանը, որը գիտեր իր եւ Սամվել Բաբայանի հարաբերությունների մասին»:
Կարդացեք նաև
Նախաքննության ժամանակ տված Սեֆիլյանի ցուցմունքի վկայակոչումը ես չեմ տեսնում ձեռքիս տակ գտնվող դատավճռում՝ ապացույցների գնահատման մասում, փոխարենը կա այսպիսի մեջբերում. «Դահլիճից բջջային հեռախոսով կապվելով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի հետ, ամբաստանյալ Նաիրի Հունանյանը նրան հայտնել է ԱԺ դահլիճի գրավման, իրենց կողմից կատարված հանրապետության ղեկավարների սպանությունների մասին եւ պահանջել աջակցեն եւ օգնության գան: Նույն նպատակով՝ օգնության ակնկալիքով նա փորձել է կապվել ՀԱԲ-ի նախկին ղեկավար Ռազմիկ Վասիլյանի հետ, ԼՂՀ պաշտպանության հրամանատար Սամվել Բաբայանի հետ…»: Այսինքն, ասվածից ավելի որեւէ բան չի ասել Սեֆիլյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2025