Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է». «Ազգ»

Մայիս 16,2025 11:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երբ աշխարհը, առավեալաբար Արեւմուտքը եւ եսակենտրոն Գերմանիան կենտրոնացած են մեկ հակամարտության վրա, ճիշտ է երեւի միշտ եզակի, անբաղդատելի ողբերգությունները բառերով խոշորացնելը: Մայիսի 13-ին գերմանական «Մերկուր» պարբերականը վերնագրում աչալրջության իր «կոչը» համեմատությամբ է կառուցել՝ «Ինչպես Ուկրաինայում. Եվրոպայի սահմաններին եւս մեկ պատերազմ է սպառնում «Հնարավոր է՝ արդեն շատ ուշ լինի»: Հրապարակման հեղինակ Յանա Շթեբեները հղում տալով BuzzFeed News Deutschland -ին փոխանցում է 5 տարեկանում Արցախից ԳԴՀ եկած 29-ամյա Անահիտ Բագրատյանցի անհանգստությունն ու երկյուղը: «Եթե աշխարհն ավելի ճշգրիտ չընկալի իրավիճակը, Հայաստանը կարժանանա Ուկրաինայի ճակատագրին»: «Բագրատյանցը փախել է պատերազմից, որը Ադրբեջանը դարեր շարունակ մղել է հայկական փոքրիկ տարածաշրջանի դեմ», գրում է գերմանական պարբերականը: «Այս պատերազմները եւ դրանց հանդեպ մեր վերաբերմունքը ապագա խաղաղության անկյունաչափն են», ասում է Բագրատյանցը՝ շեշտելով Ռուսաստանից բացի իմպերիալիստական այլ պետությունների հարձակումների մասին: Գերմանիայում տեղի ունեցող զարգացումները նրան վախեցնում են: «Շատ տխուր է, թե որքան քիչ ուշադրություն են ստանում նման հակամարտությունները, չնայած դրանք հաճախ հետագա, ավելի մեծ մասշտաբի պատերազմների առաջին քայլն են. Իմպերիալիստական պետությունները, ինչպիսիք են Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Թուրքիան, առանձին տարածաշրջաններով սահմանափակված փոքր պատերազմներում փորձարկում են, թե «որքան հեռուն կարող են գնալ՝ առանց աշխարհի միջամտության»: Սա երեւաց Ուկրաինայում 2014 -ին եւ հիմա տեսանելի է Հայաստանում՝ փոքրիկ մի հանրապետություն, որ պայքարում է իր անկախության համար եւ որը կրկին լքված է եվրոպական տերություններից»:

Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում ապրիլի 23-մայիսի 31 անցկացվող «100 + 10 – Հայկական այլաբանություններ» փառատոնի մասին «Ազգի» նախորդ համարներում ծանուցել ենք: Անահիտ Բագրատյանցը Շերմին Լանգհոֆի եւ Վիգեն Գալստյանի հետ վերոհիշյալ փառատոնի համակազմակերպիչն է, իսկ փառատոնն առիթ է դարձել, որ գերմանալեզու մեդիան անդրադառնա աշխարհի տարբեր ծայրերից Գորկի թատրոնում ներկայացվող` հիմնականում հայ արվեստագետների, հեղինակների աշխատանքներին, որ լույս են սփռում Հայոց ցեղասպանության, նաեւ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցածի վրա: Փառատոնն առիթ է տալիս գերմանալեզու մեդիային գրել ԼՂ-ի բուն անունը՝ Արցախ: «Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, խոսքը ոչ միայն անցյալի, այլեւ հայերի այսօրվա տառապանքները տեսանելի դարձնելու մասին է», ասում է Բագրատյանցը: Իսկ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը մեզ հիշեցնում է նաեւ «այսօրվա այլ հակամարտությունների եւ պատերազմների մասին, օրինակ՝ Գազայի պատերազմը, որ բավարար չափով չենք տեսնում», նկատել է տալիս նա: « Չէինք ուզում ստեղծել զուտ քաղաքական փառատոն, այլ ուզում էինք քաղաքական լինել՝ արվեստի միջոցով»:

«Մեկ ամիս շարունակ Գորկի թատրոնը հանրությանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության հիշողությունը եւ ԼՂ-ի պատերազմի հետքերը հայ մշակույթում: Պատմական շարունակականությունը ցնցող է», գրում է «Թագեսշփիգելի» մեկնաբան Անդրեաս Բուշեն ապրիլի 25-ին: Հոդվածի «Գորկի թատրոնի հայկական փառատոնը. Ազգ՝ առանց սահմանների» վերնագիրը, երկար մտորելու տեղիք է տալիս: Սահման բառը, որ սահմանագծման ու սահմանազատման իրողություններով վերջին տարիներին ոչ թե խաղաղեցրել, այլ վտանգի աստիճանը մերձեցրել է, փաստորեն գերմանացի հեղինակի համար էլ միանշանակ չէ: «Այն համոզմունքը, թե տեխնոլոգիական կորպորացիաների դարաշրջանում ազգային պետությունները դեռեւս ունեն սահմանների վերաբերյալ որոշումներ կայացնելու միանձնյա իշխանություն, հուզիչ անախրոնիզմ է: Սակայն սեփական սահմանների նկատմամբ ինքնիշխանությունը գոյաբանական նշանակություն ունի ԼՂ-ի հայ բնակչության համար», գրում է հեղինակը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանին, որ Նորա Մարտիրոսյանի 2018-ին նկարահանած «Երբ քամին հանդարտվի» ( Should the Wind Drop) ֆիլմով ուշադրության առանցքում է հայտնվում:

Լուսանկարում՝ «Ստեփանակերտի օդանավակայանը 2023 -ից գտնվում է Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ» գրում է «Թագեսշփիգելը»

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031