Լրահոս
Օրվա լրահոսը

Շաղափից մինչև Մարմարաշեն․ մեղվաբուծությունը՝ կայուն զարգացման ճանապարհին

Մայիս 16,2025 11:22

Արարատի մարզի Շաղափ և Մարմարաշեն գյուղերը առավել աշխույժ կյանքով ապրող հայաստանյան բնակավայրերի շարքում են։ Շաղափն Արարատյան դաշտավայրի հին բնակատեղիներից է, որպես բուն գյուղական համայնք ձևավորվել է 1873 թվականին, իսկ 20-րդ դարասկզբին բնակչությունը համալրվել է Արևմտյան Հայաստանի Վանի և Շատախի շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցներով։

Բնակավայրի հարևանությամբ մինչ օրս պահպանվել են հին գյուղատեղիների և 12-րդ դարի եկեղեցու ավերակները։ Նախալեռնային այս գյուղում բնակչության թվաքանակը Հայաստանի անկախացումից ի վեր տատանվել է 900-ի սահմաններում, հողագործությունն ու անասնապահությունը եղել են տեղացիների հիմնական զբաղմունքը։ Մեղվապահությունը ևս կայուն տեղ է զբաղեցրել բնակիչների աշխատանքային առօրյայում, քանի որ բնակլիմայական պայմաններն այստեղ նպաստավոր են մեղվաբուծության զարգացման համար։

Շաղափ բնակավայրի վարչական ղեկավար Մարո Առաքելյանը ծնունդով Ջերմուկից է, արդեն ավելի քան երկու տարի արդյունավետ պաշտոնավարում է և լավատեղյակ է մեղվապահության նրբություններից․ պատմում է, որ հայրը 50 տարի մեղվաբուծությամբ է զբաղվել, ինքն էլ մանուկ հասակից հետևել է նրա աշխատանքին։ Երբ ուրախությամբ նկատեցինք, որ փոքր-ինչ անսովոր է տեսնել կին գյուղապետի, պատմեց, որ նախկինում ավելի քան երեսուն տարի այս գյուղում աշխատել է որպես բուժքույր, գործի բերումով այցելել է բոլորին, տեղյակ է եղել բնակիչների ցավերից, հոգսերից ու խնդիրներից, այդ իսկ պատճառով որոշել է առաջադրվել որպես վարչական ղեկավարի թեկնածու և ընտրվելու դեպքում նպաստել մեծ ու փոքր խնդիրների լուծմանը։

Ընտրվելով՝ հավատարիմ է մնացել իր խոստումներին, ինչի մասին վկայում են գյուղի մաքուր ու բարեկարգ փողոցները, անկեղծ ջերմ վերաբերմունքը նրա հանդեպ, այստեղ իրականացվող տարատեսակ զարգացման ծրագրերը՝ պետականից մինչև մասնավոր, և այլն։ Դրանցից մեկն էլ «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի ծրագիրն է, որը Շաղափում իրականացվում է անցյալ տարվանից և ընդգրկել է 5 ընտանիք։ Շաղափում, իհարկե, մեղվապահ ընտանիքներն ավելի մեծ թիվ են կազմում, և հիմա նրանցից շատերն են սպասում հաջորդ փուլերում ծրագրին միանալու հնարավորությանը։

«Շաղափցիների քամած մեղրը շատ լավ է վաճառվում, որովհետև անարատ է։ Բնակիչներն էլ սիրով են զբաղվում այս գործով, քանի որ սա իրենց սոցիալական վիճակը բարելավելու ևս մեկ միջոց է։ Մեղրն իրացնում են մեկը մյուսին տեղյակ պահելու միջոցով։ Ես ուրախությամբ եմ ընդառաջ գնում ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է գյուղացիների հոգսերի թեթևացմանը, նրանց հայրենի հողին կառչած պահելուն, որպեսզի օտար ափերում եկամուտ չփնտրեն, գյուղն էլ չդատարկվի»,- ասում է Մարո Առաքելյանը։

Գյուղի առաջնահերթ խնդիրների շարքում նա առանձնացնում է խմելու և ոռոգման ջրի հարցը, մանկապարտեզի վերակառուցման հարցը։ «Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս ուղղությամբ արդեն կատարվել ու կատարվում է զգալի աշխատանք՝ ոռոգման ջրի 6-կմ-անոց խողովակաշարի, խմելու ջրի 3 կմ-անոց ջրագծի, ջրամբարի, ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցում ու գործարկում, ինչը գյուղացիների համար փրկարար նշանակություն ունի այս սակավաջուր տարածքում»,- մանրամասնում է գյուղապետը՝ հավելելով, որ 1990-ականների վերջերից չգործող մանկապարտեզի վերականգնման հարցը ևս հրատապ ծրագրերի ցանկում է, և առաջիկայում գյուղը կունենա նոր մանկապարտեզ։

Շաղափցի մեղվաբույծներից մի քանիսը, որոնց հետ հնարավորություն եղավ զրուցելու գյուղապետարան այցելությունից հետո, ոգևորությամբ էին խոսում «Մեղվաբուծության դարբնոցի» ծրագրի մասին։ Գյուղի տրակտորավար Հայկ Մուրադյանը պատմեց, որ մինչ ծրագրին միանալը մեղվաբուծությամբ չի զբաղվել, բայց հետաքրքրություն ունեցել է։ Երբ ընկերն առաջարկել է միանալ ծրագրին, անմիջապես համաձայնել է, և այս տարի արդեն առաջին մեղրաքամի արդյունքն է վայելում։ Հաջորդ տարի արդեն նախատեսում է վաճառել ստացված մեղրը։

«Մասնագիտական դասընթացին չեմ հաճախել, բայց մեր գյուղի փորձառու մեղվապահ Վահան Ղազարյանն ինձ օգնում է ցանկացած հարցում, և մեղուներիս համար անհանգստանալու պատճառ չունեմ։ Շատ եմ ուզում ավելացնել իմ ունեցած փեթակների քանակը, որովհետև այս աշխատանքն ինձ իսկապես գրավում է»,- պատմում է Հայկը։

Գյուղի երիտասարդների հավատարիմ խորհրդատու Վահան Ղազարյանն էլ նշում է, թե արդեն 30 փեթակ ունի, բայց ինքն էլ է ցանկանում ավելացնել դրանց քանակը․ «Ես մեղվաբուծության բնագավառում ինքնուս եմ, բայց այնքան էի սիրում այս գործը, որ դեռևս փոքր տարիքում գնում էի մեր այն ժամանակվա փորձառու մեղվապահների մոտ ու ժամեր շարունակ հետևում էի, թե ինչպես են խնամում մեղուներին։ Հետո սկսեցի մասնագիտական գրականություն կարդալ, տեսական գիտելիքս գործնականում կիրառել․․․ Հիմա արդեն ամբողջությամբ հասկանում եմ մեղուների «լեզուն», հարկ եղած դեպքում կարողանում եմ նաև բուժել։ Օգնում եմ գիտակրթական կենտրոնի ծրագրին միացած հինգ գործընկերներիս։ Մեր գյուղը միշտ էլ փայլել է իր հավաքած մեղրով, թող այդ ավանդույթը չընդհատվի»։ Վահան Ղազարյանը վստահ է, որ երիտասարդ մեղվաբույծների ջանասիրության ու նվիրվածության շնորհիվ այս բնագավառի ապագան հուսալի ձեռքերում է։

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում մեղվաբուծությունը ոչ պակաս սիրված զբաղմունք է։ Գյուղն իր այժմյան անվանումը ստացել է 1960-ականներին, սակայն, որպես ձևավորված գյուղական բնակավայր, իր արմատներով հասնում է առնվազն մինչև 1800-ականների սկիզբ, երբ այստեղ վերաբնակվեցին Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից գաղթած հայերը։ Վերջին 30 տարվա կտրվածքով՝ Մարմարաշենի բնակչության թվաքանակը տատանվել է 3000-ի սահմաններում։

Ընդամենը մեկ տասնամյակ առաջ հազիվ թե որևէ մեկը ենթադրեր, թե 100-200 տարի անց պատմությունը կրկնվելու է, և այս գյուղում, ինչպես և հանրապետության այլ բնակավայրերում, հանգրվանելու են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։ Այսօր Մարմարաշենում բնակվում են շրջափակմանը և կարճատև պատերազմին մինչև վերջին պահը դիմացած արցախցի կանայք ու երեխաներ։ Նրանցից երկուսը վերջերս միացել են «Մեղվաբուծության դարբնոցի» ծրագրին, ստացել են փեթակներ ու մեղվաընտանիքներ, մասնակցել են եռամսյա դասընթացին և այժմ փորձում են մասնագետ խորհրդատուների օգնությամբ խնամել մեղուներին ու քաղել իրենց աշխատանքի առաջին արդյունքը։

Արցախցի Գոհար Ալավերդյանը մասնագիտությամբ վարսավիր է, սակայն առայժմ չի կարողանում աշխատանք գտնել իր մասնագիտությամբ։ Երեք դուստրերի հետ բնակվում է Երևանում վարձակալած բնակարանում և պարբերաբար գալիս է Մարմարաշեն, որպեսզի հսկի իրեն վստահված փեթակները, որոնց իր բացակայության ընթացքում հետևում է այստեղ բնակություն հաստատած, նույնպես արցախցի Հայկ Սողոմոնյանը։ Հայկն իր խորհուրդներով օգնում է ոչ միայն Գոհարին, այլ մեր մյուս զրուցակցին՝ Անժելիկա Գևորգյանին, որն իր երեխաների, ամուսնու, նրա հարազատների հետ միասին հանգրվան է գտել Մարմարաշենում։ Գոհարն ու Անժելիկան, ծրագրի մյուս մասնակիցների պես, ստացել են 5-ական փեթակ, մեղրաքամին, թեպետ փոքր քանակությամբ, բայց արդեն ունեցել են առաջին մեղրը, իսկ հաջորդ տարի ծրագրում են իրենց ստացած մեղրի վաճառքն իրականացնել։

«Երևանում հեշտ չէ աշխատանք գտնելը ոչ միայն ինձ համար, այլև իմ երիտասարդ դուստրերի։ Սակայն փորձում ենք լավատեսությունը չկորցնել, ոտքի կանգնել, որքան էլ որ դժվար է»,- ասում է Գոհարը։

Անժելիկան իր հերթին պատմում է, թե ինչ փորձություններով է անցել մինչև Հայաստան տեղափոխվելը։ Ամուսնու մարմարաշենցի ընկերն է օգնության հասել, իրենց համար տուն է գտել գյուղում, իրենք էլ տունը վերանորոգել են, այգին խնամել ու առաջին բերքը ստացել, հիմա էլ փեթակներին են հետևում, երեխաների հետ միասին փորձում կորսված ծննդավայրի կարոտը խեղդել ու ապրել նոր կյանքով։

«Գյուղում ապրելն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ ինքս Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից եմ։ Իհարկե, ուսման ու աշխատանքի պատճառով հետագայում տեղափոխվեցի Ստեփանակերտ, այնտեղ ամուսնացա, երեխաներ ունեցա, բայց սրտով ու մտքով միշտ իմ հարազատ գյուղում եմ եղել։ Բացի այդ՝ գյուղում հողագործության միջոցով ապրուստ հոգալն ավելի հեշտ է, քան քաղաքում։ Ուրախացա, երբ հնարավորություն ստացա մեղվաբուծությամբ զբաղվելու։ Մինչ այդ շատ քիչ բան գիտեի մեղվաբուծության մասին, բայց դասընթացի շնորհիվ գիտելիքս հարստացավ, ու հիմա փորձում եմ հմտանալ այս գործում։ Կարևորը՝ ծրագրի պատասխանատուները, մտերիմներս ու գործընկերներս ինձ միայնակ չեն թողնում, ցանկացած խնդրի դեպքում օգնում են»,- պատմում է Անժելիկան։

Նրա աչքերում դաջված տխրությունը մի պահ քողարկվում է ինչ-որ բան ինքնուրույն ստեղծելու, բնության բարիքների ու կենդանի շնչի հետ հաղորդակցվելու ուրախությամբ․ թերևս, սա է միակ սպեղանին կարոտի ու սպասման հոգեվիճակում։

 

Ա․ Բաբայան

լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031