Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան. «Մեր կյանքում հիմա պարզապես չափազանց մեծ աղմուկ է, դատարկության աստիճանի հասնող անկանոն աղմուկ»

Մայիս 16,2025 11:49

«Առավոտի» հարցերին պատասխանում է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:

-Կարծես թե ՓՄՁ-ներն այլևս չեն բողոքում, լուծվեցի՞ն հարկային օրենսդրության հետ կապված նրանց խնդիրները։

-Ոչ, ցավոք սրտի, չլուծվեցին, ես կասեի նույնիսկ խորքային չլսվեց և չուսումնասիրվեց։ Ճիշտ է, բողոքի ճնշումների արդյունքում կհիշեք, որոշ բաներ կառավարության կողմից արվեցին, օրինակ` մինչև հուլիսի 1-ը առևտրի ոլորտի համար ժամանակավոր աջակցության ծրագիրը, հարկային նվազեցվող ծախսերի մեջ վարչական ծախսի ավելացնելը և այլն,, բայց գլոբալ առումով՝ ոչ։

Այս պահին մեր գերփոքր բիզնեսը շարունակում է գործել բարձրացված հարկային դրույքաչափերով, ծանր վարչարարության վտանգի ներքո, որի բացասական ազդեցությունը շուտով կերևա թվերով։ Իսկ սպառողներս դրա հետևանքները տեսնում ենք ու կտեսնենք թանկացումների տեսքով ։

-Դուք, որպես ՓՄՁ ասոցիացիա ի՞նչ եք պատրաստվում հաջորդիվ անել։

-Մինչ այժմ մենք բոլոր հնարավոր միջոցներով, որպես ասոցիացիա, փորձեցինք խնդիրները հավաքագրել և ավելի կազմակերպված ներկայացնել թե օրենսդիր և թե գործադիր մարմնի ներկայացուցիչներին։ Փոքր բիզնեսի երկու հազարից ավելի ներկայացուցիչների նույնականացված ստորագրություններով գրությունը մուտք ենք արել կառավարություն ու մինչ այժմ չունենք գրավոր պատասխան։

Տարբեր հանդիպումներ քննարկումներ, գրություններ։ Վարչապետի ապրիլի 18 -ին կազմակերպված Դիլիջանի բիզնես ֆորումի ժամանակ ուղիղ ներկայացրել եմ խնդիրը կառավարության ղեկավարին ու առաջարկել հանդիպել իրական ՓՄՁ ներկայացուցիչների հետ, սա էլ է անպատասխան։

Վերջինը, որ կազմակերպել էինք՝ Հանրագիր էինք ներկայացրել ԱԺ տնտեսական հանձնաժողով, որտեղ ինչպես տեսաք, ներկայացված մի քանի կոնկրետ խմբերի, կոնկրետ խնդիրների շուրջ նույնիսկ, ըստ էության, քննարկում չծավալվեց։ Հանձնաժողովի ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները չմասնակցեցին ու չքվեարկեցին հօգուտ այդ հանրագրի։

-Համարո՞ւմ եք, որ փոքր բիզնեսի խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելն այլևս անարդյունք է։

-Մեր կյանքում հիմա պարզապես չափազանց մեծ աղմուկ է, դատարկության աստիճանի հասնող անկանոն աղմուկ։ Ում ինչ ասենք, անկեղծ՝ արդեն չգիտեմ, խնդիրները մեկը չեն, երկուսը չեն։

Մենք, որպես ՓՄՁ ասոցիացիա, բնական է, շարունակում ենք որոշակի տվյալներ հավաքագրել, վերլուծություններ անել, աշխատել մեր անդամ փոքր բիզնեսների հետ։ Մոտ ապագայում էլի կանենք որոշակի կառուցողական քայլեր։

Բայց, եթե նորից փորձենք որոշ թարմ թվեր հիշատակել, օրինակ` վերջերս հրապարակվեց Համաշխարհային բանկի 2024թ-ի համար Enterprise Survey Հայաստանի համար։ Որտեղ մեր երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու 5 ամենամեծ խոչընդոտների խմբի առաջին տեղում ֆինանսների հասանելիությունն է` հարցվածների մոտ 24 տոկոսը, իսկ երկրորդ տեղում` մոտ 20 տոկոս քաղաքական անկայունությունը։ Հիմա ինչ որ մեկը այս թվերը նայո՞ւմ է արդյոք, վերլուծո՞ւմ է, հետևություններ անո՞ւմ է։ Մեր երկրի Ազգային ժողովում, ամբողջ աշխարհի աչքի առաջ, գոռգոռոցներն ու հրմշտոցները ինչպե՞ս են ազդում մեր երկրում ներդրումների վրա, քաղաքական անկայունության ցուցանիշի խորացման վրա։ Թե չէ անդադար աղմկում ենք ու աղմկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031