Սպիտակ քաղաքը հայկական հնագույն բնակավայրերից է և ունի հազարամյակների պատմություն, ինչի վկայությունը այստեղ պեղումների արդյունքում հայտնաբերված նեոլիթյան դարաշրջանի առարկաներն են։ Խորհրդային շրջանում քաղաքի կարգավիճակ ստացած Սպիտակը, տարբեր աղբյուրների վկայությամբ, այդպես է անվանվել շրջակայքում եղած կրաքարի հանքերի առկայության պատճառով։ Մինչ 1988-ի երկրաշարժը Սպիտակը զարգացած արդյունաբերական քաղաք էր, որին աղետը հասցրեց ոչնչացնող հարված։ Այսօր, շրջելով քաղաքում, ակամա մոռանում ես շատերիս հիշողության մեջ դաջված այդ տարիների ծանր տեսարանները՝ մխիթարվելով և ուրախությամբ հետևելով, թե քաղաքն ինչպես է ապրում սովորական առօրյայով։
Այգեգործության, ինչպես նաև մեղվաբուծության հանդեպ առանձնակի հետաքրքրություն ունեցող սպիտակցիների համար դրանք այժմ էլ ամենասիրված զբաղմունքների շարքում են։ Պատահական չէր, որ, իմանալով «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի՝ Հայաստանում մեղվապահության զարգացմանն ուղղված ծրագրի մասին, շատերն անմիջապես արձագանքեցին ու ցանկացան միանալ ծրագրին, հինգ ընտանիք էլ այս փուլում արդեն միացել է՝ ստանալով փեթակներ ու մեղվաընտանիքներ և հետևողականորեն զբաղվելով դրանց զարգացմամբ ու բազմապատկմամբ։
Մեղվապահության գործում արդեն հմտացած և սկսնակ մեղվաբույծներին ծրագրի շրջանակներում իր կողքին համախմբած պատմաբան, մանկավարժ Լուսինե Պետրոսյանը, ցույց տալով իր խնամած աշխույժ մեղվաընտանիքները, պատմում է, որ ոչ միայն ինքը, այլև իր դեռահաս որդին պարզապես սիրահարված են մեղվաբուծությանը և մյուսներին էլ են ոգևորում ու օգնում ծրագրում ընդգրկվելու և սեփական փեթակներն ունենալու։
Կարդացեք նաև
«Մեղր ստանալը նաև շահութաբեր է, սակայն մեղուների հետ աշխատելիս առաջին հերթին զգում ես սեր բնության այս հրաշքի հանդեպ, հետաքրքրություն, ամբողջովին տարվում ես այս գործով»,- ասում է նա։ Լուսինեի միջոցով ներգրավվելով ծրագրում՝ մեղվաբուծությանը ողջ սրտով նվիրվել է նաև սպիտակցի Գոհարիկ Ղարիբյանը։ «Մեր ընտանիքում մեղվաբուծությամբ զբաղվելն ավանդույթ է, բոլորը զբաղվում են, ես էլ որոշեցի փորձել։ Սկզբում մի քիչ վախ ունեի, թե չի հաջողվի, բայց դասընթացի ու գիտելիք ձեռք բերելու շնորհիվ արագ հաղթահարեցի վախս և այս գործն այնքան սիրեցի, որ հիմա իմ կյանքը չեմ պատկերացնում առանց մեղվապահության։ Որքան էլ հոգնած լինեմ, հենց որ մոտենում եմ փեթակներիս, միանգամից խաղաղվում եմ ու հանգստանում։ Իմ մեղվաընտանիքներն այս տարի արդեն զգալիորեն ուժեղացել են, և մյուս տարի բավականաչափ մեղր կունենամ վաճառքի համար»,- պատմում է Գոհարիկը։ Նա երազում է մեղրից պատրաստված տարատեսակ արտադրանքի իր սեփական ապրանքանիշը ստեղծել և լիարժեք դրսևորվել այդ ասպարեզում։ Հաջորդ տարվանից ծրագրում է զբաղվել մայրաբուծությամբ, որպեսզի ունենա մեծ մեղվաընտանիքներ և ընդլայնի իր գործունեությունը։
Սպիտակի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանը նույնպես ծրագրի շահառուներից է, պատմում է, որ իրենց ընտանիքում տարիներ առաջ մեղվաբուծությամբ զբաղվել են հայրն ու հորեղբայրը, հիմա էլ ինքն է զբաղվում։ Չնայած հոգսաշատ առօրյային՝ աշխատանք, զավակներ, թոռնիկներ, նա մեղուների խնամքի համար միշտ ժամանակ գտնում է։ «Ծրագրի շնորհիվ մեղվաբուծության հանդեպ հետաքրքրությունը մեր քաղաքում կրկնապատկվեց, և հիմա շատերն են ցանկանում միանալ մեզ»,- նշում է նա։ Գոհարիկն էլ ավելացնում է․ «Մյուս տարի անպայման եկեք նորից և կտեսնեք մեր աշխատանքի արդյունքը։ Ամսեամիս մեր գործնական փորձն ավելանում է, և դա չի կարող արդյունք չտալ։ Սկզբում, օրինակ, ես այս ամենին ասես կողմնակի աչքով էի նայում, խորությամբ չէի պատկերացնում, թե մեղվապահությունը որքան խոր նրբություններ ունի, իսկ հիմա ընկալումս բոլորովին այլ է։ Մայր մեղվի ձայնն եմ տարբերում, մեղուների ցեղատեսակներն եմ տարբերում՝ ըստ շարժուձևի, կառուցվածքի․․․ Մի խոսքով՝ շատ բարդ ու շատ հետաքրքիր աշխատանք է, գործընկերներս էլ ամեն հարցում օգնում են»։
Լոռու մարզի Լեռնաջուր գյուղում բնակվում է մեղվաբուծության ևս մեկ նվիրյալ՝ արդեն փորձառու մեղվաբույծ Տրդատ Իսմայիլյանը։ Տարիներ առաջ նա թողել է քաղաքն ու մշտական բնակություն հաստատել այս գյուղում, մեղվապահությամբ էլ զբաղվում է ավելի քան տասը տարի և միայնակ խնամում է տասնյակ մեղվաընտանիքներ։ Իր մասին պատմելիս՝ Տրդատ պապը նշում է, որ ազատամարտիկ է, 1990-ականներից ի վեր մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին, ապա ասում է, թե քաղաքի սիրահար չէ, քաղաքն իրեն հոգնեցնում է աղմուկով, մարդաշատությամբ ու եռուզեռով, իսկ գյուղի մթնոլորտը բոլորովին ուրիշ է՝ խաղաղ, բնական, կենսաբեր։
Լեռնաջուրը Հայաստանի սակավամարդ գյուղերից է․ թեպետ բնությունն այստեղ հիասքանչ է ու մեղվաբուծության համար ավելի քան նպաստավոր, բայց դեպի գյուղ բերող կամ հարակից ուղղություններով ձգվող ճանապարհները վատ վիճակում են, վերանորոգման կարիք ունեն, ինչի պատճառով կենցաղային ու հաղորդակցական այլևայլ խնդիրների լուծումն այստեղ ինքնին բարդ է։ Ձմռանն այստեղ մնում են միայն մշտական բնակիչները՝ մոտավորապես մեկ տասնյակ մարդ, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում այս գյուղից դուրս, իսկ ամռանն այստեղ աշխուժություն է տիրում, որովհետև Լեռնաջուրում իրենց սեփականությունը պահպանած քաղաքաբնակները գալիս են արձակուրդն անցկացնելու։
Սարերի կանաչապատ խորքերում կորած այս գյուղում, որտեղ տները հնամենի են ու ցաքուցրիվ տեղաբաշխված, որտեղ դպրոցը, մանկապարտեզն ու բուժկետը արդեն չեն գործում բնակչության շարունակական արտագաղթի հետևանքով, որտեղ կա ընդամենը մեկ դպրոցահասակ երեխա, որը դպրոց է հաճախում հարևան գյուղում, իսկ հասարակական տրանսպորտային միջոցների երթևեկը բացակայում է ճանապարհների անանցանելիության պատճառով, այդուհանդերձ, իսկույն ուշադրություն են գրավում մեծաքանակ փեթակներն ու առատ ծաղիկները, որոնք գյուղին հաղորդում են կենդանություն և ընդգծում են տեղի բնության դրախտային գեղեցկությունը։
Տրդատ Իսմայիլյանը նշում է, որ գյուղի օդն ու ջուրն ասես ստեղծված են անթերի համ ու հոտ ունեցող մեղր ստանալու համար․ «Ծաղիկներն այստեղ երկար են ծաղկած մնում, մինչդեռ այլ բնակավայրերում սեզոնը շատ ավելի շուտ է ավարտվում։ Այդ պատճառով էլ մյուս բնակավայրերից մեղուներին բերում են այստեղ։ Ծանոթ եմ շատ մեղվապահների հետ, ովքեր տարեկան մի քանի անգամ փեթակների տեղը փոխում են, որ մեղուների աշխատանքը չտուժի։ Իսկ մենք՝ ես ու լեռնաջուրցի մյուս մեղվապահները, դրա կարիքը չունենք․ մենք միշտ մեր տեղում ենք՝ մեր մեղուների հետ միասին։ Յուրաքանչյուր փեթակից առնվազն 20 կգ մեղր եմ ստանում, փեթակներ էլ կան, որ 30-40-ական կգ մեղր են ապահովում։ Ունեմ իմ մշտական հաճախորդները, ովքեր միայն ինձնից են մեղր ձեռք բերում։ «Մեղվաբուծության դարբնոցի» ծրագրի շնորհիվ իմ փեթակների թիվն ավելացավ, և, հուսով եմ, դեռ էլի կավելանա»։
Տրդատ պապի տան դիմաց նրա կնոջ աճեցրած հիասքանչ վարդերն են ու էլի մի շարք ծաղկատեսակներ, որոնք տարվա մեծ մասը փթթում են՝ ծառայելով մեղուների աշխատանքին։
Ա․ Բաբայան
լուսանկարները՝ հեղինակի