«Չեմ կարծում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ռուբեն Ռուբինյանի պես կվարվի, առավել եւս, որ դրանից հետո ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին՝ իրավական գնահատական տալու Ռուբեն Ռուբինյանի վարքագծին։ Եվ Հակոբ Արշակյանը, իմանալով, որ նման վարքագծի դրսեւորումը քրեորեն պատժելի արարք է, չեմ կարծում, որ կկրկնի իր գործընկերոջ ենթադրյալ հանցագործությունը եւ չի ներկայանա հանդիպմանը»,- լրագրողներին ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցով քննարկումներ է նախաձեռնել պատգամավորների հետ։
Նա այսօր գրանցվել էր ընդունելության ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մոտ, որպեսզի քննարկեր այս հարցը։ Նշենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել էր հանդիպել Էդգար Ղազարյանի հետ։
Այսօր նախատեսված էր նաեւ Էդգար Ղազարյանի հանդիպումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, սակայն հանդիպումը չի կայացել։ Ղազարյանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ։ «Ենթադրում եմ՝ ընդունելությանը պետք է գար ՔՊ-ական պատգամավոր, իր հերթն էր։ Հնարավոր է, որ միայն ես եմ գրանցված եղել ընդունելության համար, եւ ՔՊ-ական պատգամավորը չի եկել»,- ասաց Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ պատգամավորները շատ լավ հասկանում են իր նախաձեռնած գործընթացի լրջությունը։ «Ինչպե՞ս կարող է անլուրջ որակվել մի պրոցես, որը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ եւ բխում է պատգամավորների իրավասություններից ու պարտականություններից։ Ես կարծում եմ, որ, ճիշտ հակառակը՝ գնահատելով, հասկանալով լրջությունը, հասկանալով այս զարգացումների հնարավոր հետեւանքները, իրենք են փորձում խուսափել, անլրջացնել, կրավորական կեցվածք ընդունել, բայց ներսում ունենալով լուրջ անհանգստություն։ Ինչպե՞ս կարելի է անլուրջ գնահատել մի գործընթաց, որի մասին վերջին 10 օրվա ընթացքում խոսում է ողջ հասարակությունը։ Սա իսկապես շատ լուրջ է, ես կարծում եմ, որ իրենք հասկանում են այդ լրջությունը եւ հենց դրանից են վախենում։ Տենց բան լինում է, երբ մարդը դժվար վիճակի մեջ է հայտնվում, սթրեսի մեջ է հայտնվում, միշտ չէ, որ լացում է, երբեմն նաեւ ծիծաղում է։ Հիմա իրենց մոտ, կարծում եմ, սթրեսի արտահայտման այդ ձեւն է դրսեւորվում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանն ԱԺ ընդունարանում սպասեց, որպեսզի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան իջներ եւ հանդիպեր իր հետ։ Հակոբ Արշակյանի ներկայացուցչն իջավ ու փոխանցեց Էդգար Ղազարյանին, որ Հակոբ Արշակյանը նպատակահարմար չի համարում ընդունելություն իրականացնել քաղաքական գործիչների հետ։
Էդգար Ղազարյանը լրագրողներին ասաց․ «Փաստորեն Հակոբ Արշակյանը հետեւեց պարոն Ռուբինյանի օրինակին եւ կատարեց ենթադրյալ հանցագործություն»։
Նա հավելեց, որ Հակոբ Արշակյանը հեշտացրեց գլխավոր դատախազի գործը․ «Ես անպայման երկուշաբթի առավոտյան հաղորդում կտամ հանցագործության մասին նաեւ պարոն Արշակյանի համար։ Եվ եթե դատախազը միջնորդությամբ գա ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու համար, մեկ այցով նա միջնորդություն կներկայացնի երկու պատգամավորների համար»։
Նա ասաց, որ երկուշաբթի օրվանից շարունակելու է հերթագրվել ու փորձել հանդիպումներ ունենալ ԱԺ պատգամավորների հետ։ «Հակոբ Արշակյանը կարար ասեր՝ ես ձեզ չեմ ընդունում, որովհետեւ դուք հայ եք, մենք ընդունում ենք միայն ադրբեջանցիներին։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հիմա ընդունել է ադրբեջանցու, հանդիպում է եղել Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանից մի քաղաքական գործչի հետ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ