Պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ վերստին պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր Սահմանադրությունը, հայտնում է «Ազատություն»-ը։
«Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար, խաղաղության հիմնարար պայման է, և Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ Փաշինյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովում պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին՝ ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ Սահմանադրության և Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շուրջ:
Ըստ այդմ՝ ԵԱՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և խաղաղության պայմանագրի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի Սահմանադրական դատարանը՝ պայմանագրի ստորագրումից հետո:
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն, ի պատասխան, հայտարարել է՝ ՀՀ վարչապետը «կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։
«Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։