ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրենց վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետ սկսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհամաձայնություն հայտնելու գործընթացը:
Այս մասին այսօր ուղիղ եթերով հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Հովիկ Աղազարյանը, ում հետ պատգամավոր աշխատել ենք ու «Ելք» դաշինքի ժամանակ ճանապարհ ենք անցել, Հակոբ Ասլանյանի հետ ինձ առաջարկել են տամ համաձայնություն, որպեսզի նրանք սկսեն անվստահության գործընթաց: Ըստ Սահմանադրության՝ պետք է լինի վարչապետի թեկնածուն, որ գործող վարչապետին կարողանան անվստահություն հայտնեն: Քննարկումների արդյունքում մեր համաձայնությունը տվել ենք: Սա շատ լուրջ գործընթաց է:
Կարդացեք նաև
Դեռեւս մեկ տարի առաջվանից Հայաստանում քննարկվում է իմպիչմենտ, իմպիչմենտ: Բայց խնդիր կար, որովհետեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին չէին բավարարում իրենց ձայներով, որ իմպիչմենտի գործընթացը սկսեն: Որովհետեւ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր չի միանա այդ գործընթացին: Սակայն իրավիճակ է փոխվել հիմա: ՔՊ-ից կան դուրս եկած երկու պատգամավոր: Խորհրդարանական խմբակցությունները միմյանց հետ բավականին վեճեր ունեն այս հարցով, այս ընթացքում Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսում են իրենց նախաձեռնությունը ոչ թե անհասցե, այլ իրենց վարչապետի թեկնածուով:
Այս պահին որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները եւս իրենց ստորագրությունները տեղադրեն ԱԺ նախագահին ուղղվող դիմումի տակ, որին կից պետք է լինի ԱԺ որոշման նախագիծ՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը:
Նա ուղիղ եթերի ժամանակ զանգեց նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին: «Հայաստան» խմբակցությունից Սեյրան Օհանյանը հանդիպման առաջարկը լսելով՝ խոստացավ քննարկել խմբակցության անդամների հետ հնարավոր հանդիպում կազմակերպելու համար:
Իսկ Հայկ Մամիջանյանը չպատասխանեց Մարուքյանի զանգին: Վերջինս ձայնային հաղորդագրություն ուղարկեց Մամիջանյանին նույն խնդրանքով՝ հանդիպում կազմակերպել խմբակցության անդամների հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը հայտնել է. «Քիչ առաջ խոսեցի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Պայմանավորվեցինք, որ նա կքննարկի հարցը խմբակցության հետ, ինչից հետո ինձ կտեղեկացնեն հանդիպման վերաբերյալ իրենց որոշման մասին»: