Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մարդկային ներուժի զարգացման ինդեքսով իր խմբի 74 երկրների շարքում զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը. «Լույս» հիմնադրամ

Մայիս 16,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։

«Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները:

Այսպես՝

  • Ըստ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի` Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» 2023թ. արդյունքներով 0.811 միավոր է, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 193 երկրների թվում 69-րդն է և ներառված է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբում։ Հայաստանն իր խմբի միջին ցուցանիշին զիջում է 0.103 միավորով՝ էապես զիջելով նաև բոլոր երեք ենթաինդեքսների միջին արժեքներին։ Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ինդեքսն ընդամենը 0.011 միավորով է գերազանցում իր խմբի ինդեքսի նվազագույն շեմին, իսկ խմբում ներառված 74 երկրներից Հայաստանից ավելի ցածր ինդեքս ունեն միայն 4-ը, պետք է նշել, որ մեր երկիրը գտնվում է «վտանգավոր գոտում»։

Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» բարձրացել է` հիմնականում պայմանավորված կենսամակարդակի ենթաինդեքսի (մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի) կտրուկ (31.4 %) աճով։ Այդ աճը մեծ մասամբ բացատրվում է դրամի արժևորմամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի շնչային համախառն ազգային եկամտի ցուցանիշը փոքր է աշխարհի միջինից, և Հայաստանը մարդկային ներուժի զարգացման շատ բարձր մակարդակով երկրների շարքում է շնորհիվ «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» ոչ տնտեսական բաղադրիչների։

  • «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է՝ Թուրքիայից և Վրաստանից հետո:
  • ՀՀ-ում սոցիալական անհավասարությունը մարդկային ներուժի զարգացման վրա ունի 8.4 % զսպող ազդեցություն (այսինքն՝ սոցիալական անհավասարության պատճառով «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» կորուստը 8.4 % է)։ Ինդեքսի համեմատաբար փոքր կորստի պատճառն այն է, որ Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունների համեմատաբար հասանելի լինելը մասամբ մեղմացնում է մարդկային զարգացման վրա սոցիալական անհավասարության բացասական ազդեցությունը։
  • «Գենդերային զարգացման» և «գենդերային անհավասարության» ինդեքսներով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է՝ շնորհիվ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության և նրանց ընդհանուր կրթվածության համեմատաբար բարձր մակարդակների:
  • «Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։
  • «Գենդերային անհավասարության» և «անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման» ինդեքսներով Հայաստանը զգալիորեն զիջում է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբի միջին արժեքներին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031