«Ապառաժ». 2020թ․ նոյեմբերի 7–ին Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Շուշիի կորուստից հետո, շուշեցիները սփռվեցին աշխարհով մեկ, նրանցից ոմանք ընտանիքներով վերադարձան Արցախ՝ հայրենի հողում ապրելու հույսով, սակայն 2023-ի սեպտեմբերին կրկին ստիպված եղան լքել հայրենի հողը, այս անգամ՝ վերադարձի հույսը սրտներում, շուշեցիները բոլոր արցախցիների հետ ապաստան գտան Մայր Հայրենիքում, ապա՝ աշխարհի տարբեր անկյուններում։
2021 թվականի ապրիլի 11-ին շուշեցիներին համախմբելու, հարազատ բերդաքաղաքն ապրեցնելու եւ նրա ապրածն ու ստեղծածը պահելու համար, երեք շուշեցիներ՝ Ռուզաննա Հակոբյանը, Անուշ Ասրյանը եւ Նանար Արզումանյանը, ովքեր իրար ճանաչել են Շուշիից՝ ստեղծեցին «Շուշին իմ սրտում» առցանց խումբը, փորձելով միավորել տարագիր դարձած հայրենակիցներին։
Խմբի համակարգողներից Անուշ Ասրյանի հետ է «Ապառաժ»-ի զրուցը, նա Շուշիում ապրել է շուրջ 25 տարի․
«Սկզբնական շրջանում խմբի անդամները միայն շուշեցիներն էին, սակայն հետո, հասկանալի էր, որ բերդաքաղաքը բոլորի սրտերում է։ Մենք փորձել ենք ստեղծել մի վիրտուալ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրի սրտում է Շուշին, Արցախը։
Կարդացեք նաև
Մեր նպատակներից մեկն, իհարկե, շուշեցիներին միավորելն է, համայնքային կապ ստեղծելը, իրար աջակցելը, անկախ գտնվելու վայրից՝ հաղորդակցվելը։ Շուշին միշտ աչքի է ընկել իր մշակույթով, եւ ինչու չէ՝ իր շատ ու շատ տաղանդավոր բնակիչներով, որոնց շուրջը հյուսված պատմություններով էլ կառուցում ենք խմբի դիմատետրի էջերը»,- նշել է նա։
Խմբի ստեղծման օրվանից նրանք սկսեցին «Շուշիի անմահներ» շարքը, որտեղ առանձին ներկայացնում էին Արցախի քառօրյա, 44-օրյա եւ վերջին՝ մեկօրյա պատերազմներում անմահացած Շուշիի շրջանի հերոսներին։
Անուշի խոսքով՝ ամենադժվարը նրանց ընտանիքների աչքերին նայելն էր․ «Չեմ ստի, եթե ասեմ, որ շատ ծանր էր, եւ ես՝ ում 18 տարեկան եղբորորդին անմահացել էր 44-օրյա պատերազմում, էլ ավելի մեծ ցասումով էի տեղադրում կենսագրականներ, անցած մարտական ուղիներ, խոսում այն հերոսների մասին, ովքեր մեծացել են իմ աչքի առաջ, ում հետ, կամ ում աչքի առաջ ես եմ մեծացել»,- հուզմունքը հոգում՝ նշում է նա։
Անուշի խոսքով «Շուշին իմ սրտում» խումբը դարձել է հիշողությունների պահոց, որտեղ փորձում են հնարավորինս թարմ պահել Շուշիի հետ կապված այն հիշողությունները, ուր շատ երջանիկ եւ արժանապատիվ կյանք են ունեցել, անկախ բոլոր դժվարություններից, որը փորձում են փոխանցել ապագա սերունդներին՝ վերադարձի մեծ սպասումով։
Հասմիկ Շինդյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: