Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են կեղտ շպրտել այն ամենի վրա, ինչը կապ ունի արժանապատիվ, հաղթանակած Հայաստանի հետ». Ավագանու անդամ

Մայիս 16,2025 21:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ-ում քպական Արսեն Թորոսյանի հնչեցրած հայհոյանքին՝ ուղղված այն մարդկանց, ովքեր իրեն եւ իր թիմակիցներին վատ իմաստով «թուրք» կանվանեն, հարցրեց. «Իսկ կարո՞ղ է դա լինել կոմպլիմենտ: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ արժանապատիվ հայ մարդ, որը դա չընդունի որպես վիրավորանք կամ հայհոյանք: Կարծում եմ, կլինեն նույնիսկ վիրավորական բառեր, որոնք մարդուն ավելի քիչ կվիրավորեն: Ամեն դեպքում ես դեմ եմ ցանկացած տեսակի հայհոյանքի, բայց ամեն ինչ ունի իր կարմիր գծերը: Այո, տոհմի պապը, հայրը սրբություն են, որոնք միշտ պետք է պաշտպանել:

Ցավոք սրտի, վերջին տարիների մեր քաղաքական կյանքում անպատժելիության ու լկտիության մթնոլորտ է ստեղծվել: Բոլորս հիշում ենք մեր երկիրը, որ եթե նույնիսկ սրճարանում որեւէ մեկը բարձրաձայն հայհոյեր, դա կոնֆլիկտի առարկա կարող էր դառնալ, եթե մեկ կին ներկա լիներ: Հիմա իրականությունն այլ է, առաջնայնությունը գնացել է դիտումների եւ լայքերի վրա: Եվ բազմաթիվ մարդիկ սկսել են օնլայն հարթակներից հայհոյանքներ օգտագործել: Երբ կոնֆլիկտի կողմերը իրար դեմ են կանգնած եւ կողմը վիրավորանքին արձագանքում է, դա տղամարդկային է: Երբ դա տեղի է ունենում էկրանների եւ ֆեյսբուքների լայվերի մեջ, բոլոր այդ մարդիկ լավ հայ, լավ տղամարդ որակները իրավունք չունեն իրենց վրա կարել»:

Հարցին, թե իշխանավորները ինչու են թիրախավորում երկրորդ նախագահին, Սամվել Հակոբյանը պատասխանեց. «Որովհետեւ նրա ֆրակցիան խորհրդարանում մեծությամբ երկրորդն է: Բայց իրենք միայն երկրորդ նախագահին չեն թիրախավորում: Մեր գեներալներին, նաեւ շատ մարդկանց են թիրախավորում, որոնք առնչություն եւ կապ ունեն Արցախն ազատագրելու, մեր պետության ակունքներում կանգնած լինելու եւ պետություն կառուցելու հետ: Ոչ ոք չի ասում, թե ամեն ինչ եղել է անթերի: Թերություններ եւ բացթողումներ, այո, եղել են, բայց այդ մարդկանց գաղափարը եղել է պետություն կառուցելը, պետություն պաշտպանելը: Մնացածը երկրորդական է եղել: Սրանք նման գաղափարախոսություն չեն կրում եւ փորձում են կեղտ շպրտել այն ամենի վրա, ինչը կապ ունի այն ժամանակների արժանապատիվ, հաղթանակած Հայաստանի հետ»: Սամվել Հակոբյանը որպես ավելի խորքային խնդիր է տեսնում նաեւ այն, որ գործող իշխանությունը չի բավարարվում միայն արցախյան պատերազմը արժեզրկելով:

Անդրադառնալով Ալբանիայում Էրդողանի, Ալիեւի հետ Փաշինյանի հանդիպումներին՝ ավագանու ընդդիմադիր անդամն ասաց. «Որքան էլ չընդունեմ, չսիրեմ, երբեմն ատեմ, բայց Նիկոլ Փաշինյանը իմ երկրի վարչապետն է: Հուսամ, որ շուտով նա չի լինի: Եվ երբ տեսնում եմ, որ իմ երկրի ղեկավարը խեղճանում է, ես ինձ վատ եմ զգում»:

Սամվել Հակոբյանը մանրամասն անդրադարձավ «Անիֆի» հետ կապված խնդրին, որից իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները ջղաձգության մեջ են ընկնում: «Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հոգեկան խանգարումներն էլի սկսվեցին այդ չարաբաստիկ «Անիֆից»: Այսօր լրահոսը շատ արագ է հոսում, ու մարդը ամեն մի լուրին մի օր է նայում, որից հետո այն անցնում, գնում է: Դա ցավալի է, որովհետեւ օգնում է Նիկոլ Փաշինյանի թիմին: Պետք է հասկանալ, որ ամեն օր այնքան շատ խայտառակ բաներ են լինում մեր պետության մեջ, որ սովորել ենք:

Ֆանտաստիկ կալիբրի խայտառակություն եղավ: Եվրոպամետ, Եվրաքվեի պատասխանատու ուժը քաղաքային ակտիվիստին, որը կոռուպցիա էր բացահայտել, զանգահարում, հեռախոսով հայհոյում, հետո ծեծում է ու դրանից հետո ասում է՝ նորմալ է: Դրանից հետո ծեծվողին ձերբակալում են, իսկ ծեծողն ասում է՝ գնում ենք հաց ուտելու: Այսպիսի բաներն այնքան շատ են, որ սրա տակ մոռացվում է «Անիֆը»:

Սամվել Հակոբյանը տեղեկացրեց, որ «Անիֆը» հիմնադրվել է 2019 թվականին եւ բոլոր հարկատուների շնորհիվ գործել է իբրեւ ՓԲԸ: Հավաստի համարելով «Հետքի» հետաքննությամբ ի հայտ եկած թվերը՝ նա նշեց, որ «Անիֆը» 2023 թվականին ստացել է 18 միլիարդ դրամից ավելի գումար, մոտ 5-6 միլիարդ էլ դրանից առաջ: «Ստացվում է $ 45-ից 60 մլն.: Եվ այդ կազմակերպությունը 2023 թվականին փակվել է: ՊՎԾ-ն դեռ 2,5 տարի առաջ ներկայացրել է վարչապետին, որ այդտեղ խնդիր կա: Եվ այդ ընթացքում որեւէ ռեալ գործողություն չի եղել: Ավագանու դահլիճից, ԱԺ ամբիոնից, լրատվական հարթակներից այս թեման այնքան են ծեծել, այնքան են խոսել: Եվ ինչ-որ հրաշքով, սրանք կարողանում են դա անտեսել: Ի վերջո, գլխավոր դատախազն ասաց, որ սկսելու են ինչ-որ բան անել: Բայց ես ասել եմ, որ կսպասեն, ընտրություններից մի երեք ամիս առաջ, Ավինյանին «չաղ մատաղ» կանեն ու կասեն՝ ձեր ձայները ՔՊ-ին տվեք, որովհետեւ վարչապետը դրա մասին չգիտեր: Բայց մի հակասություն կա. Տիգրան Ավինյանը փոխվարչապետն է եղել: Եվ օդում կախված լուրերով ինքն է եղել նախորդ եւ ներկա իշխանությունների մեջ կապիտալի վերաբաշխման դեսպաններից մեկը:

Ես կարծում եմ, որ ինքը որոշ կոմպրոմատներ կունենա Նիկոլ Փաշինյանի մասին, ինչն էլ հանդիսանում է այն գլխավոր ֆակտորը, որ Ավինյանը դեռ քաղաքապետ է: Եվ ակնհայտ է, որ իրենց մեջ կա լարվածություն, Փաշինյանը հասկանում է, որ իր ռեյտինգը օրեցօր ընկնում է: Բայց հավատում եմ, որ ընտրություններից առաջ ինքը գնալու է քաղաքապետին մատաղ անելու քայլին»,-ասաց Սամվել Հակոբյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031