Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Հայաստանի դատարկվող ու ծերացող համայնքների․ նոր քաղաքականություն է մշակվել

Մայիս 16,2025 20:20

Ինչպես տեղեկացրել ենք, «Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինները  պարտավորվում են տեղական երիտասարդական քաղաքականություն մշակել ու տարբեր համայնքներում երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ ստեղծել։ Այսինքն՝ ապահովել երիտասարդական միջավայր,  որը հնարավորություն կտա երիտասարդներին ոչ ֆորմալ կրթություն ապահովել, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպել, առաջնորդական հմտություններ զարգացնել, ֆինանսական գրագիտությունը բարձրացնել և ակտիվ քաղաքացիներ դարձնել։

Երիտասարդական միջավայրի ստեղծմամբ՝ օրենքի հեղինակները կարծում են, որ երիտասարդներն ավելի շատ կսիրեն իրենց ծննդավայրը, կկապվեն ու  կկանխվի  նաև արտագաղթը համայնքներից։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի աջակցությամբ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ վերապատրաստումներ է սկսել Հայաստանի տարբեր մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների՝ համայնքապետերի, վարչական ղեկավարների, աշխատակիցների, ավագանու անդամների ու երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների համար։  Նպատակն այն է, որ ՏԻՄ ներկայացուցիչները պատրաստ լինեն տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանը, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը։

Գյումրիում օրերս անցկացված հնգօրյա վերապատրաստմանը մասնակցում էին ՏԻՄ ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր բնակավայրերից։

Նրանք Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին իրենց համայնքներում առկա խնդիրների մասին, որոնք երբեմն դառնում են պատճառ երիտասարդների արտագաղթի։

Վերապատրաստմանը մասնակցող Մեղրիի համայնքապետարանի մամլո քարտուղար, համայնքի  ղեկավարին կից կանանց և երիտասարդության խորհրդակցական մարմնի անդամ Նաիրա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մեղրին այն բացառիկ համայնքներից է, որտեղ արտագաղթ գրեթե չկա, սակայն կան դեպքեր, երբ համալսարաններ ուսանելու մեկնած երիտասարդները չեն վերադառնում ծննդավայր։ Պատճառը, շատ դեպքերում սահմանափակ հնարավորություններով աշխատաշուկան է։

Մեր զրուցակիցը կարևորեց Մեղրիում երիտասարդական կենտրոնի հիմնումն ու երիտասարդական միջավայրի ստեղծումը, որը հնարավորություն կտա երիտասարդներին կրթվել, ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման գնալ,  զարգանալ։

«Այս ամենը կհանգեցնի նրան, որ կունենանք իրավագիտակից, հասուն երիտասարդություն, ովքեր ավելի հեշտությամբ կգտնեն իրենց տեղն այս կյանքում։

Հիմի պիտի կենտրոնանանք բացերի վրա ու այնպիսի երիտասարդական քաղաքականություն  մշակենք, որ կարողանանք ուսանելու մեկնած երիտասարդներին վերադարձնել Մեղրի՝ ունենալով ավելի հզոր, կանգուն հայրենիք, մեր հարավային դարբասն ավելի շենացնենք»,-ասաց Նաիրա Մկրտչյանը։

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ, մասնագիտությամբ հոգեբան-սոցիալական աշխատող Հասմիկ Զատիկյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 17 բնակավայր ունեցող  Անի համայնքի ենթագոտու գյուղերը կտրված են շրջկենտրոն Մարալիկից։ Դրանք ծերացող ու դատարկվող գյուղեր են, երիտասարդները լքում են, գնում են մեծ քաղաքներ կրթություն ստանում ու չեն վերադառնում,  որի պատճառով համայնքում ունեն կադրային սով, երիտասարդը չի վերադառնում ու իր մասնագիտական ներուժը չի ներդնում համայնքում։

Նա որպես դատարկվող գյուղերի օրինակ մեջբերեց Անիպեմզան, որը գտնվում է Երերույքի տաճարի մոտ, Անի կայարանը, Աղինը, Սարակապը։ Ըստ նրա՝ մարդիկ լքում են, որովհետև կտրված են քաղաքից, խմելու ջուր չկա, ճանապարհների խնդիր կա։

Ըստ ավագանու անդամի՝ թեև այժմ փորձում են ասֆալտապատելով ճանապարհները՝ գյուղերը կապել մյուսի հետ, բայց փաստն այն է, որ այս պահին դատարկվող են ու պիտի հենց այս պահին մտածել՝ ինչ անել, որ երիտասարդը  չլքի իր ծննդավայրը։

Հասմիկ Զատիկյանը նշեց, որ համայնքում չունեն երիտասարդների տուն կամ երիտասարդական կազմակերպություն, ունեն մշակույթի տուն, որը  այս պահին գործունակ չէ, մեծ թվով երիտասարդներն  չեն այցելում, հիմնականում արվեստի, երաժշտական ու սպորտդպրոցներ են հաճախում։

«Առաջին անգամ եմ մասնակցում երիտասարդական քաղաքականության մշակման համար նշված ֆորմատով դասընթացի, բավական ոգևորված եմ։ Ինձ համար դասընթացը նոր էր, շատ հետաքրքիր։

Ինձ հետ կտանեմ նոր նախաձեռնություններ ու ձեռնամուխ կլինեմ համայնքի ղեկավարի ու ՏԻՄ ջանքերով ունենալու երիտասարդական միջավայր։ Քանի ՏԻՄ-ում եմ, մեծ ոգևորությամբ ու մեծ ցանկությամբ աջակից կլինեմ այս գաղափարի իրագործմանը։

Վստահ եմ, ինչպես միշտ,  այս դեպքում էլ համայնքի ղեկավարը լավ գաղափարների դեպքում կկանգնի մեր թիկունքին, հաստատ տրանսպորտային միջոց կտրամադրի համայնքի կողմից, որպեսզի մյուս գյուղերից երիտասարդները կարողանան այցելել երիտասարդների տուն։ Երիտասարդ-ՏԻՄ-համայնքի ղեկավար համագործակցությունը շատ ճկուն է մեր համայնքում»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրան վերապատրաստման ծրագրից առանձնակի ոգևորել է սոցիալական ձեռներեցության դասընթացների կազմակերպումը, գուցե սա խթանի՞ երիտասարդներին, որ մի որևէ բիզնեսի  հիմնեն հենց իրենց ծննդավայրում։  Ըստ նրա, 17 տարին չլրացած պատանին, որը մասնագիտական հմտություն ստանալու շեմին է, միգուցե  սոցիալական ձեռներեցության հմտություններին ծանոթանալով՝ որոշի, որ դառնալու է գյուղատնտես, վերադառնա իր ծննդավայր ու իր միտքն իրագործի իր գյուղում։

«Ինձ համար շատ կարևոր է սոցիալական ձեռներեցության մեջ ներառականությունը, մենք բազմաթիվ չզբաղված, հաշմանդամություն ունեցող անձինք ունենք, որոնք ունեն ֆիզիկական խնդիրներն, բայց իրենց միտքն ավելի ճկուն է»,-ասաց Հասմիկ Զատիկյանը։

Արմավիրի մարզի 17 գյուղերից բաղկացած ու 33 հազար բնակիչ ունեցող Խոյ խոշորացված համայնքի ավագանու անդամ, ֆինանսավարկային, տնտեսական հանձնաժողովի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ենգիբարյանն էլ  նշում է, որ 3-ամյա Խոյ համայնքի բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները։ Ու չնայած իրենք մայրաքաղաքին մոտ են գտնվում, բայց երիտասարդները բազմազբաղ չեն, չունեն ժամանցի, ինքնակրթվելու կենտրոններ, որոնք կօգնեն մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ունեն բազմաթիվ խմբակներ՝ սպորտային, մշակութային, նկարչական, որոնց մեջ ընդգրկված են մոտ երեք հազար  երեխաներ,  պատանիներ, սակայն երիտասարդների ինտելեկտուալ զբաղվածության հարցը մնում է թերի, որը պիտի լրացնել երիտասարդական միջավայրի ստեղծմամբ։

Ավագանու անդամը նշում է, որ համայնքն ունի 2000-ից ավել երիտասարդ, հետևաբար և անհրաժեշտ է մեկ երիտասարդական կենտրոն ու երկու երիտասարդական տարածքներ։

Ըստ նրա՝ պիտի այնպիսի բնակավայրերում հիմնել, որպեսզի երիտասարդներին համար լինի տրանսպորտից օգտվելը․  գյուղաբնակների մի մասը գնալու են Էջմիածին, հետո նոր հասնելու են երիտասարդական կենտրոն կամ երիտասարդական տարածքներ, հետևաբար և դրանք կարելի է հիմնել այնպիսի բնակավայրերում, որպեսզի  երիտասարդներն այլևս երկու տրանսպորտ չփոխեն, մոտ լինի։

«Գալով վերապատրաստման դասընթացի՝ ավելի հստակեցրեցինք մեր անելիքը, գիտենք ինչ պիտի անենք՝ ունենալու գեղեցիկ երիտասարդական նախաձեռնություն։ Իրականում մեր ապագա սերնդին շատ է պետք, ինքս մասնագիտությամբ մանկավարժ եմ․ 25 տարի դպրոցում եմ աշխատում և շատ լավ գիտեմ՝ այդ տարիքի երեխաների հոգեբանությունը, կարիքները, հետաքրքրությունների շրջանակները։

Մեր համայնքն ամբողջությամբ գյուղաբնակ է ու էլի կրկնեմ՝ չնայած մայրաքաղաքին շատ մոտ է, բայց շատ երեխաներ դուրս են մնում  հնարավորություններից, իրենց հետաքրքրությունները  սպառելու շրջանակից։ Համայնքապետարանի պատասխանատուների վրա մեծ աշխատանք պիտի դրվի երիտասարդական միջավայր ստեղծելու, դեռահասներին և երիտասարդներին ինքնաարտահայտման, կայացման հնարավորություններ տալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ Արտաշես Դրմեյանն էլ նշում է, որ 35 բնակավայրերը ցրված են, հետևաբար և ամեն 2-3 բնակավայրերում պիտի կամ երիտասարդական կենտրոններ բացել կամ երիտասարդական տարածքներ։

«Ախուրյան բնակավայրում ունենք երիտասարդական կենտրոն, Մարմաշեն բնակավայրում ունենք, Կրաշենում ևս ունենք, բայց դրանք չեն ծածկում ամբողջ համայնքը, բավարար չեն ողջ համայնքի համար։ Օրինակ՝ ես Կամո գյուղի բնակիչ եմ, բայց տարբերություն չեմ դրել, չեմ մտածում՝ մասնակցում եմ այս ծրագրին, գաղափարը տանեմ Կամո գյուղ։ Ես կողմ եմ, որ բնակավայրերը համաչափ զարգանան, երիտասարդական աշխատանք կատարվի ամեն մի բնակավայրում՝սկսած ամենափոքր բնակավայրից վերջացրած ամենախոշորով՝ Ազատանով, Բասենով, Մարմաշեն։

Եթե մենք խոսում ենք երիտասարդական  քաղաքականությունից, երիտասարդական կենտրոններից, ես դասընթացի ժամանակ օրինակ բերեցի․ մերը գյուղական բնակավայրեր են, բայց երիտասարդը պատկերացում չի կազմում թեկուզ դաշտավարությունից, որն իր առօրյա հացն է, հիմա եթե մենք ունենանք երիտասարդական տարածքներ, տանենք երիտասարադական աշխատանք, կհաջողենք հաստատ, երիտասարդին կհմտացնենք սոցիալական ձեռներեցության մեջ։  Ախուրյանն էլ նմանատիպ ծրագրերի համար միշտ բաց է։

Ես մինչ այս դասընթացը դժվարանում էի տարանջատել երիտասարդական տարածք կամ երիտասարդական աշխատող եզրույթները, ինձ համար խորթ էին, բայց դասընթացավարները շատ գիտակ, բանիմաց մարդիկ էին, այնպես արեցին, որ սկսեցի մտովել պատկերացնել՝ ինչ է անհրաժեշտ մեր համայնքին։

Կարիքների գնահատում կանենք, ենթադրենք երիտասարդական տարածքը կամ կենտրոնը բացվում է X գյուղում, ինչ-որ ժամանակահատվածում ներգրավենք հարևան բնակավայրերի երիտասարդներին, տրանսպորտային միջոցներով ապահովենք, մինչև ամեն մի համայնք միջոցներ ունենա՝  բոլոր գյուղերում  նման կենտրոններ կամ թեկուզ տարածքներ հիմնելու»։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե հիմա նման կենտրոններ չբացեն ու չմտածեն երիտասարդների զարգացման մասին, բանիմաց, գիտակ, թեկուզև կենցաղավարության տարրական նորմերին տիրապետող երիտասարդներ չեն ունենա։

Ախուրյանի համայնքներից ևս, ըստ մեր զրուցակցի, արտագաղթը շատ է,  երիտասարդական միջավայրի ստեղծումն էլ խթան կհանդիսանա, որ որպեսզի երիտասարդը կապվի իր հողին, իր գյուղին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031