Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեծ ցանկությունն է՝ նպաստել, որ Հայաստանն աշխարհին ներկայանա նաև որպես մեղվաբուծության երկիր, և մեր արտադրանքն ամենուր ներկայացված լինի»

Մայիս 17,2025 09:30

Հայաստանի զբոսաշրջային ու առողջարանային ամենաաշխույժ բնակավայրը համարվող Դիլիջանում բնությունն ինքնին ենթադրում է զարգացած մեղվաբուծություն։

Եթե բնակլիմայական նպաստավոր պայմաններին գումարենք նաև քաղաքի բնակչության զգալի հատվածի հետաքրքրվածությունը մեղվաբուծությամբ, ապա կկարողանանք արձանագրել, որ Դիլիջանում այս բնագավառի շարունակական զարգացման հեռանկարներն իրատեսորեն մեծ են։

«Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի ծրագրով մասնագիտական վերապատրաստում անցած և փեթակների ու մեղվաընտանիքների առաջին խմբաքանակը ստացած շահառուներից երկուսի՝ Հայկարամ Վալումյանի ու Վազգեն Միտոյանի համար, ինչպես նշեցին, մեղվաբուծությունը պարզապես զբաղմունք չէ, այլ հեռահար նպատակներով աշխատանք, որին նվիրվել են հաջողության հասնելու մեծ վստահությամբ։ Քանդակագործ ու կահույքագործ Հայկարամը նպատակադրվել է համատեղել իր հիմնական աշխատանքն ու մեղվապահությունը․ «Պատրաստվում եմ զբաղվել ոչ միայն մեղրի արտադրությամբ, այլև մեղվաբուծության համար պահանջվող արտադրական պարագաների պատրաստմամբ՝ փեթակներ, շրջանակներ և այլն։ Պահանջարկը կա, վստահ եմ՝ կկարողանամ իմ պատկերացրած չափով ընդլայնել այս նոր գործունեությունս»։ Վազգեն Միտոյանն էլ նշում է, որ թողել է իր մյուս բոլոր զբաղմունքները և կենտրոնացել է միայն մեղվաբուծության ուղղությամբ․ «Ուզում եմ ապահովել արտադրության այնպիսի ծավալ, որ կարողանամ մեղր ու մեղվափաթեթ արտահանել Հայաստանից»։

Հայկարամի ընտանիքում մեղվապահներ չեն եղել, ինքն առաջինն է, այդ իսկ պատճառով կրկնակի պատասխանատվությամբ է վերաբերվում իր նոր գործին՝ տեսական գիտելիքից մինչև պրակտիկա․ «Այս տարի մեղրաքամ չենք կատարել, քանի որ մեղվաընտանիքները զարգացման փուլում էին, բայց հաջորդ տարի արդեն կանենք ու կսկսենք վաճառել մեր ստացած մեղրը։ Վաճառքը կիրականացնենք և՛ մեր ծանոթների, և՛ համացանցային գովազդի օգնությամբ մեզ գտած հաճախորդների միջոցով։ Կստեղծենք սեփական ապրանքանիշ։ Մենք՝ ծրագրում ընդգրկված դիլիջանաբնակներս, որոշել ենք մեկ թիմով աշխատել և մեր ծրագրերը միավորել՝ ավելի մեծ արդյունքի հասնելու համար։ Առանձին գործելով՝ չենք կարողանա մեր մտահղացումները լիարժեք ծավալով կյանքի կոչել»։

Վազգենը, որը ծնունդով Երևանից է և հետո երկար տարիներ բնակվել է Մոսկվայում, վեց տարի առաջ վերադարձել է և որոշել մշտական բնակության տեղափոխվել Դիլիջան։ Մեղվաբուծությունը նրա համար ի սկզբանե եղել է ոչ միայն չափազանց հետաքրքիր, այլև ոչ «դժվարամարս» աշխատանք, քանի որ, ինչպես նշում է, «ոչ մի գործ չի կարող դժվար լինել, եթե սիրում ես»։ «Իմ մեծ ցանկությունն է՝ նպաստել, որ Հայաստանն աշխարհին ներկայանա նաև որպես մեղվաբուծության երկիր, և մեր արտադրանքն ամենուր ներկայացված լինի։ Շատ գործ կա անելու, բայց գիտակրթական կենտրոնը մեր կողքին է, ամեն ինչում օգնում է, հետևաբար՝ չենք կարող հաջողության չհասնել»,- շարունակում է նա։

Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչ Դավիթ Մակյանը, ի տարբերություն Հայկարամի ու Վազգենի, ավելի վաղ է միացել «Մեղվաբուծության դարբնոցին», ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության բոլոր միջոցառումներին, ապա ընդգրկվել է «Քաղցր ապագա» ծրագրում։ Դավիթի երազանքն իր ծննդավայրը որպես բազմաճյուղ զարգացող համայնք տեսնելն է։ Նա պատմում է, որ այստեղ, ինչպես և մի շարք այլ սահմանամերձ բնակավայրերում, մարդկանց զբաղմունքների «տեսականին» մեծ չէ․ բնակչության զգալի մասի եկամուտի աղբյուրը պայմանագրային զինծառայությունն է, որոշակի մասը զբաղվում է նաև հողագործությամբ ու անասնապահությամբ, սակայն դրանց եկամտաբերությունը տարեցտարի պակասում է, և այդ համապատկերում մասնագիտացված հիմքի վրա զարգացող մեղվաբուծությունը կարող է բնակիչների համար հրաշալի հնարավորություն դառնալ և՛ սեփական տնտեսությունն ընդարձակելու, և՛ լրացուցիչ շահույթ ապահովելու առումով։

Գյուղում մեղվաբուծությամբ զբաղվել են շատերը, այդ թվում՝ Դավիթի պապիկը, ումից նա դեռևս փոքր տարիքում սովորել է մեղուների խնամքի առաջին հմտությունները։ Սակայն ժամանակի ընթացքում շատերը հիասթափվել ու հրաժարվել են մեղվապահությունից, քանի որ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ չունենալու պատճառով անընդհատ կորուստներ են գրանցել։ Այս ծրագրի շնորհիվ, ինչպես նշում է Դավիթը, գյուղում մեղվաբուծությունը զարթոնք կապրի․ «Մեղվաբուծության զարգացման հետ մեկտեղ, մուլտիպլիկատիվ էֆեկտով, այստեղ կզարգանան նաև գյուղատնտեսության այլ ճյուղերը։ Կարևորն այն է, որ կարողանանք ձևավորել արհեստավարժ մեղվաբույծների մի կորիզ, և մյուսները կհամախմբվեն այդ կորիզի շուրջ։ Անպայման կստեղծենք մեր ապրանքանիշը և կսկսենք մեղրից պատրաստված արտադրանքի լայն տեսականի վաճառել»։

Դավիթը «Մեղվաբուծության դարբնոցում» անցել է մի քանի կրթաշրջան և արդեն ունի ավագ գործընկերոջ կարգավիճակ։ Լինելով բժշկական համալսարանի շրջանավարտ՝ ասում է, որ մասնագիտական պատրաստվածությունն իրեն շատ է օգնում մեղվաբուծությամբ զբաղվելիս, և կարողանում է ինքնուրույն լուծել առողջ մեղվաընտանիք ունենալու խնդիրը։

Բացի այդ՝ նա օլիմպիական կարատեի հավաքականից է, միջազգային կարգի սպորտի վարպետ, գյուղում էլ ղեկավարում է սպորտի խմբակը։ Չնայած Դավիթը գործի բերումով հաճախակի է բացակայում գյուղից, սակայն հանգիստ է, որովհետև մեղուներն այդ ընթացքում վստահելի ձեռքերում են՝ պապն է հսկում։

Պակաս բազմազբաղ չէ նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակչուհի Անգին Գրիգորյանը․ այդուհանդերձ, նա «Մեղվաբուծության դարբնոցի» ամենաակտիվ անդամներից է և կենտրոնի բոլոր միջոցառումների նվիրյալ մասնակիցը։ Եռանդուն ու կենսախինդ Անգինը հասցնում է տեղի դպրոցում կատարել իր խոհարարական աշխատանքը, այնուհետև գյուղի՝ իրեն պատկանող միակ գեղեցկության սրահում սպասարկել հաճախորդներին, ապա զբաղվել իր սեփական տնտեսությամբ, որի գլխավոր մասը կազմում են նրա խնամած տարատեսակ թռչուններն ու բազմաթիվ մեղվաընտանիքները։

Մեղվաբուծությամբ նա հրապուրվել է դեռևս դպրոցական տարիներին․ տանը շտապում էր ավարտել բոլոր գործերն ու վազել տարեց հարևանուհու մոտ՝ մեղուների խնամքի գործում օգնելու։ Հետո, երբ հայրը սկսեց մեղվապահությամբ զբաղվել, օգնում էր նաև նրան ու երազում էր մի օր ունենալ սեփական փեթակները։ Արդեն հասուն տարիքում նրա երազանքն իրականություն դարձավ, բայց ցանկալի արդյունք չէր ստանում, քանի որ, իր իսկ խոստովանությամբ, գիտելիքը բավարար չէր։ «Մեղվաբուծության դարբնոցում» նա կարողացավ լրացնել այդ բացը և հիմա էլ շարունակաբար կրթվում է, թեպետ արդեն մի քանի անգամ հաճախել է մեղվաբույծների եռամսյա դասընթացին․ «Նորից ու նորից եմ հաճախում այստեղ, որովհետև ամեն անգամ նորություն եմ հայտնաբերում ինձ համար։ Կենտրոնի գործունեության մասին իմացա պատահական, հետո գրեցի նրանց՝ առաջարկելով իրենց ծրագրում ներառել նաև մեր գյուղը։ Պատասխանեցին, որ եթե ցանկացողների խումբ հավաքվի, կայցելեն ու գործին ընթացք կտան։ Այնքան ոգևորված էի, որ ընդամենը երկու օրում ամեն ինչ կազմակերպեցի։ Գյուղում շատերն ինձ միացան ու արդեն սովորում են գիտակրթական կենտրոնում, ես էլ որպես ավագ գործընկեր օգնում եմ նրանց։ Տարիներ առաջ նպատակադրվել էի ունենալ հիսուն փեթակ, և նպատակս իրականություն դարձավ՝ իմ ունեցած 22 մեղվաընտանիքին ավելացավ ևս 30-ը, որ ստացա «Քաղցր ապագա» ծրագրից։ Գնորդներիս քանակն այժմ բազմապատկվել է, և հաջորդ տարվա անելիքս արդեն հստակ գիտեմ՝ Մեղրի ամենամյա փառատոնում ունենալու եմ իմ առանձին տաղավարը․․․»։

Անգինի 16-ամյա դուստրը նույնպես սովորում է գիտակրթական կենտրոնում՝ մյուս պատանի մեղվաբույծների հետ միասին։ «Աշխատող մարդը կյանքում միշտ էլ իր տեղը գտնում է»,- համոզված է Դրախտիկի բնակչուհին։

Ա․ Բաբայան

լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031