Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիս բաժակը. մանրապատումներ

Մայիս 17,2025 12:00

Մենք երեք զույգ ոչխար ունեինք։ Տարին մեկ անգամ գալիս խուզում էին, մենք էլ բուրդը լվանում, գզզում էինք, որ մեր օժիտների համար անկողին կապեինք։

Տատս գյուղի գառնարած հովիվների ցուցակն էր կազմում քառակուսի, 12 թերթանոց տետրի մեջ։ Այդ տետրը դպրոցական մատյան էր հիշեցնում: Գրված էր անուն-ազգանունը, դիմացն էլ պլյուս նշանը, որը նշանակում էր, որ էդ մարդը էդ ամիս արդեն գնացել էր հանդ։ Սովորական երեկո էր։ Մենք գնացինք հաջորդ օրվա գառնարած հովվին տեղյակ պահեցինք իր վաղվա անելիքի մասին (Համբարձի դայի՛, հէէէ՛ Համբարձի դայի՛, էքուց վըխճարածըք), ու տուն եկանք։

Գիշերը հորդ անձրեւ սկսվեց։

Անձրեւի թրխկոցների արանքից լսվեց կրակահերթը։ Մենք գիտեինք, տղաներն էին ազդանշան տալիս միմյանց։ Հերթափոխ էր։

Լուսաբացը հանգիստ էր։ Անձրեւը դադարել էր։

Ոչխարներին ճանապարհեցինք, բակը ավլեցինք, անցանք մեր առօրյային։ Էդ օրը տատս փիրփետ պատրաստեց ճաշին։ Նրա նման դա ոչ ոք չէր կարողանում անել։

Արեւն արդեն մայր էր մտնում, ոչխարները հանդից եկան, մենք հաշվեցինք, որ վեցն են, հե-հա ասելով ուղեկցեցինք իրենց համար սարքած բացօթյա գոմը, ու գնացինք իրիկնահացին պատրաստվելու։

Տատս մի փոքրիկ, սիրուն թեյի բաժակ ուներ, վրեն վարդ դաջած։ Սիրում էր, որ կրակի վրայից անմիջապես լցնեինք իր թեյը։ Թեյնիկը նոր էի կրակից վերցրել, որ տատիս թեյը լցնեմ, երբ բարձր ձայներ լսվեցին փողոցից։ Իրար նայեցինք, վեր կացանք պատուհաններից կախվեցինք, որ ավելի լավ լսենք։

Մեր թաղի Գարեգինի ու մյուս Տղաների ձայներն էին…

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
16.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031