«Երբ հայրենիքի պաշտպանության թեման բերվում է սոցիալական ու ֆինանսական դաշտ եւ բացառապես դրա շրջանակներում է քննարկվում, դա ինքնին ավելի շատ բերում է սոցիալական բեւեռացման, քան համահարթեցման». Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծերի մասին:
– Օրերս հայտնի դարձավ, որ ՔԿ-ն դատարան է ուղարկել 44-օրյա պատերազմին վերաբերվող եւս մեկ գործ։ Այդ դրվագով մեղադրվում է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը, ով պատերազմի ժամանակ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (ՑՕՐ) հրամանատարն էր։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ Արթուր Օհանյանը դրսեւորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ. «Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արեւմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ եւ վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների եւ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները»:
Ուշագրավ է, որ այս գործը դատարան ուղարկվեց այն ժամանակ, երբ ԱԺ դահլիճում Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանին սպառնաց՝ «դու նստելու ես, առաջինը դու ես գնալու ԱԱԾ պադվալ»։
– 44 օրյա պատերազմին վերաբերող նյութերը, որոնք արծարծվում են թե ԱԺ քննիչ հանձնաժողովի, թե դատական տիրույթում՝ ի սկզբանե բավական խնդրահարույց իրավիճակ են ստեղծում, որովհետեւ 44-օրյա պատերազմի հետ կապված, իշխանությունն, ըստ էության, բարձրագույն մակարդակով տվել է ուղղորդիչ քաղաքական գնահատականներ եւ այս թեմային վերաբերվող տարբեր քրեական գործեր ժամանակի ընթացքում փաստացի կառուցվում են իշխանության հնչեցրած գնահատականների շրջանակներում։ Այն իշխանությունը, որը ռազմաքաղաքական առումով պատասխանատվություն ունի այս գործողությունների եւ իբրեւ վերջնարդյունք՝ պարտության համար, բնականաբար, չի կարող ոչ միայն օբյեկտիվ քաղաքական գնահատական հնչեցնել։ Այս կառավարման իշխանության յոթ տարիները ցույց են տվել՝ դատաիրավական համակարգն ամբողջությամբ, առանձին մեկ-երկու բացառություններով, գտնվում է իշխանության վերահսկողության տակ։ Այս տարիների ընթացքում մարդիկ քննչական կառույցներում, դատարաններում, դատախազական համակարգում, ովքեր տարբեր իրավիճակներում քաղաքական հանձնարարություն չեն կատարել՝ կամ դուրս են մնացել համակարգից, կամ՝ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այս տեսանկյունից՝ ողջ գործընթացը՝ քրեական վարույթներից մինչեւ դատավճիռներ, թեմայի կարեւորությունը հաշվի առնելով, բնականաբար, հանրության համար չեն կարող օբյեկտիվ եւ ընկալելի լինել։
Կարդացեք նաև
Իսկ կոնկրետ գործերի հետ կապված էլ պետք է դիտարկել թե լայն, թե նեղ իմաստներով։ Նեղ իմաստը վերաբերվում է կոնկրետ գործողության դրվագներին, տարբեր մարտավարական օղակների գործողություններին, նրանց ենթակայության ստորաբաժանումների այս կամ այն գործողություններին, դրանց համապատասխանությանը մարտական հրամաններին, կանոնակարգերին, առհասարակ, այն օրենսդրությանը, որով կարգավորվում են այդ գործողությունները։ Լայն իմաստը վերաբերվում է հակահարձակման գործողության մտահղացմանը, նաեւ քաղաքական որոշմանը, այդ թվում նաեւ՝ ռազմական դասագրքային մոտեցումների տեսանկյունից։ Մասնավորապես, թե ո՞ր դեպքում կարելի էր կիրառել հակահարձակում, որպեսզի արդյունավետություն լինի՝ սկսած ուժերից, ստորաբաժանումներից, զինտեխնիկայի նախապատրաստական աշխատանքներից եւ այլն։ Եվ այս տեսանկյունից, այս բոլոր գործերը՝ առանց հաշվի առնելու դրանց տարբեր բաղադրիչները, պարզապես անհնար է ընդհանուր վերլուծության վերցնել։
Ինչ վերաբերվում է Արթուր Օհանյանին, ես չեմ կարող գնահատական տալ նրա, որպես հրամանատարի՝ այդ պահի գործողություններին, որովհետեւ շատ դժվար է մտնել մարդկանց՝ կոնկրետ իրավիճակի, զգացողությունների դաշտ, որում իրենք են եղել եւ որի պայմաններում որոշումներ են կայացրել ու նրանց փոխարեն ասել, թե տվյալ իրավիճակում ո՞րն էր ճիշտը, ո՞րը՝ սխալ։
Առհասարակ, 44-օրյա պատերազմի հետ կապված, ես կարծում եմ, որ կգա ժամանակը եւ մենք հնարավորություն կունենանք նորմալ իշխանության պայմաններում ընդհանուր իրավական գնահատական տալ՝ ոչ միայն ֆիքսելու այս գործով տարբեր օղակներով անցնողներին, որոնց այս կամ այն գործողությունը կամ միգուցե անգործությունը բերել է հետեւանքների, հատկապես՝ ծանր հետեւանքների, այլ նաեւ հնարավորություն կլինի ընդհանուր առմամբ վերլուծել այն, թե ի՞նչ է տեղի ունեցել ռազմական տեսանկյունից. ի՞նչ ուժեր են կարողացել արդյունավետ գործել, ի՞նչն է աշխատել, ինչը՝ ոչ, ի՞նչն է էֆեկտիվ եղել, ինչը՝ ոչ։
– Կարծեմ անձնապես ճանաչել եք Արթուր Օհանյանին։
– Արցախի Հանրապետությունում իմ ծառայության տարիներին, տարբեր իրավիճակներում առնչվել եմ իր հետ. նրա նկատմամբ ունեցել եմ դրական վերաբերմունք։ Արթուր Օհանյանը զբաղեցրել է զինվորականի համար կարեւոր այն բոլոր պաշտոնները, որոնք էական են՝ ճանապարհ անցնելու, փորձառություն ձեռք բերելու տեսանկյունից։ Իմ գնահատմամբ, նա եղել է պատրաստված սպա եւ հրամանատար։ Պատերազմական կոնկրետ դրվագների մասով չեմ կարող հիմնվել առկա կամ իրավապահների փոխանցած տեղեկությունների վրա, առավել եւս այս իշխանությունների կողմից վերահսկվող ատյաններում գործի մանրամասների վրա։
– Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել նախագծեր՝ Հայաստանում այսպես ասած՝ այլընտրանքային զինծառայության մասին. դրանց հիմքում որոշակի գումարի վճարումն է՝ զինծառայությունից ազատվելու կամ մասնակի ծառայելու դիմաց։ Հեղինակը հավաստիացնում է, որ այդպիսով հայրենիքի պաշտպանության գործը ոչ թե անապահով խավի վրա է դրվում, այլ սոցիալական հավասարության փորձ է արվում՝ հարուստները վճարելով փակելու են անապահովների սոցիալական խնդիրները։ Կիսո՞ւմ եք այդ մոտեցումները։
– Երբ հայրենիքի պաշտպանության թեման բերվում է սոցիալական ու ֆինանսական դաշտ եւ բացառապես դրա շրջանակներում է քննարկվում, դա ինքնին ավելի շատ բերում է սոցիալական բեւեռացման, քան համահարթեցման։ Ստացվում է, որ այն մարդը, ով գումար ունի ազատվելու զինծառայությունից՝ ազատվում է, այն մարդը, ով ցանկություն ունի ազատվելու, բայց գումար չունի՝ չի կարողանում ազատվել եւ սա հասարակության մեջ ներքին պառակտում է բերում, խորացնում է բեւեռացումը։ Ըստ էության, այսպիսով խախտվում է նաեւ արդարության սկզբունքը, որովհետեւ հայրենիքի պաշտպանությունը դիտարկել հարուստների-աղքատների, ունեւորների-չունեւորների դաշտում, գաղափարական առումով նաեւ քանդում է այն հիմքերը, որոնք եղել են զինված ուժերի ձեւավորման եւ պետության անվտանգության ապահովման հիմքում։ Այս տեսանկյունից մեկ այլ բան էլ պետք է հաշվի առնել՝ այնպես չէ, որ մարդկային կապիտալի առումով մենք ունենք մեծ եւ անսահմանափակ հնարավորություններ եւ խմբերով մարդիկ սպասում են միայն աշխատավարձի բարձրացմանը կամ իրենց համար նոր հաստիքացուցակի ստեղծմանը. այսօր էլ կան հնարավորություններ՝ մարդկանց համար ծառայություն ապահովելու։ Այլ բան է, որ իշխանության մոտեցումը զինվորական ծառայության նկատմամբ, էականորեն տարբերվում է այն մոտեցումից, որն անհրաժեշտ է մարտունակ, բարոյահոգեբանական առումով բարձր հնարավորություններով բանակ ունենալու համար։
– Հայկ Սարգսյանը ուշագրավ թվեր էլ հրապարակեց. 1000 հարկ վճարողների որդիները չեն ծառայում, այսպես թե այնպես ազատված են ծառայությունից, թվերն իշխանական պատգամավորին ՊՆ-ից են տվել։ Տեղյա՞կ եք այս վիճակագրությանը, ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։
– Վիճակագրությանը չեմ տիրապետում, թեեւ շատ զարմացած չեմ։ Բայց խնդիրն այլ տեղ է. պետության գործառույթն է՝ հավասար պայմաններ ապահովել իր քաղաքացիների համար, այդ թվում՝ զինվորական ծառայության կամ երկրի պաշտպանության իրականացման հարցում։ Իշխանությունը ոչ թե փորձում է խնդիրները լուծել, այլ փորձում է օրինականացնել այն սողանցքները, որոնք առողջական կամ կրթական հիմքով մարդիկ օգտագործում են զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Իհարկե, խոսքս չի վերաբերվում բոլորին, կան մարդիկ, ովքեր իսկապես ունեն այնպիսի խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս իրենց զինվորական ծառայություն իրականացնել։ Բայց՝ կրկնում եմ, իշխանությունն այդ սողանցքները, կոռուպցիոն դրսեւորումները վերացնելու, մեղմացնելու, նվազագույնին հասցնելու փոխարեն, ըստ էության, օրինականացնում է այդ գումարները եւ իր համար դարձնում է կառավարելի։
– Եթե քննադատում եք իշխանական պատգամավորի առաջարկները, դո՞ւք ինչ լուծումներ եք տեսնում, որովհետեւ նշյալ խնդիրներն իսկապես կան, զորակոչի խնդիր իրապես կա։
– Այս իշխանությունը զինվորական ծառայությունը եւ առհասարակ ծառայություն հասկացողությունը հավասարեցնում է սովորական աշխատանքին, զինվորական առաքելությունը վերածում է պարզապես աշխատատեղի եւ սա ամենամեծ գաղափարական հարվածն է զինված ուժերին։ Ի տարբերություն մյուս ոլորտների, զինված ուժերը հենված չեն միայն սոցիալական երաշխիքների եւ ֆինանսական ապահովության վրա։ Այստեղ խնդիրը գնում է նվիրումի, հայրենասիրության բարձր աստիճանի, պետության նկատմամբ բարձր պարտավորության եւ գիտակցման վրա։ Գործող իշխանության կառավարման յոթ տարիների ընթացքում այս ամենը ջարդվել է։ Մարտունակ բանակի հիմքում ամուր գաղափարական, բարոյահոգեբանական պատրաստվածությամբ մարդկանց համախմբվածությունն է, ներդաշնակությունը, որը գույություն չունի։ Այս հիմքի բացակայության պայմաններում նույնիսկ ամենաբարձր աշխատավարձի, համալրման համեմատաբար ամենաբարձր պայմաններում էլ անհրաժեշտ մարտունակ, երկրի առջեւ կանգնած մարտական խնդիրները լուծելու ունակ բանակ որեւէ կերպ չես կարողանալու ստեղծել։ Իսկ զորակոչի հետ կապված հարցերը նաեւ պայմանավորված են նրանով, որ երկրի իրավապահ կառույցները, ուժային այն ինստիտուտները, որոնք պետք է ապահովեն զորակոչից մինչեւ մարտական պատրաստվածությանը վերաբերող հարցերի բնականոն հունը, զբաղված են քաղաքական տարբեր թեմաներին միջամտությամբ, ճնշումներով։ Ռեսուրսները կենտրոնացնում են ոչ թե համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, հնարավոր սողանցքները փակելուն, այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարին։ Ստացվում է այնպես, որ խնդիրները լուծելու փոխարեն՝ ստեղծվում են համակարգեր, որոնք էլ ավելի են խորացնում առկա խնդիրները՝ մոտեցնելով ճգնաժամի։
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2025