Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը կարող է տեւել եւս մի քանի ամիս

Մայիս 17,2025 10:00

Այն, որ Պուտինն անձամբ չգնաց Ստամբուլ՝ Զելենսկու հետ բանակցելու (ինչը, կարծում եմ, միանգամայն սպասելի էր), չուղարկեց Լավրովին, այլ գործուղեց իր օգնական, «ռուսական աշխարհի քարոզիչ» Վլադիմիր Մեդինսկուն, ի սկզբանե կանխորոշում էր ստամբուլյան բանակցությունների արդյունքները:

ՌԴ նախագահն այս պահին տրամադրված չէ հրադադարի: Հռետորաբանության առումով՝ կարող է ասվել ցանկացած բան: Օրինակ, որ պետք է վերացնել կոնֆլիկտի «սկզբնապատճառները»: Ըստ ռուսական կողմի՝ գլխավոր «սկզբնապատճառը» Ուկրաինայի ձգտումն է՝ անդամակցել ՆԱՏՕ-ին: Բայց նման խնդիր արդեն, ըստ էության, գոյություն չունի: ՆԱՏՕ-ում Ուկրաինային ոչ ոք չի սպասում:

Իրականում Պուտինը սպասում է ոչ թե Զելենսկու, այլ Թրամփի պատասխանին՝ իր առաջարկներին: Այն է՝ իր երկրի հանդեպ պատժամիջոցների վերացում, Ղրիմի պաշտոնապես ճանաչում՝ որպես ՌԴ տարածք: Այդ երկու պայմանների բավարարման դեպքում, կարծում եմ, Ռուսաստանի կողմից լուրջ խոչընդոտներ չեն լինի հրադադարի հաստատման համար: Մանավանդ որ մարտական գործողությունների դադարեցմանը կողմնակից են ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ՝ Չինաստանն ու Թուրքիան:

Զելենսկու համար նույնպես կարեւոր են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումները (Չինաստանինը՝ ոչ այնքան): Մյուս կողմից՝ Ուկրաինայի նախագահը հասկանում է, որ խաղաղության հաստատումից հետո ինքը դժվար թե մնա իր աթոռին (եթե, իհարկե, չվերականգնի Ուկրաինայի 1991թ. սահմանները): Ուկրաինայի հասարակությունը մերի նման չի, որ տարիներ շարունակ հանդուրժի պարտված ղեկավարին: Հետեւաբար, Զելենսկին նույնպես այս պահին հակված չէ հրադադարին, որը, սակայն, նրան կարող են պարտադրել:

Եվրոպան, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Չինաստանի, կցանկանար, որ պատերազմը որոշ ժամանակ շարունակվեր: Եվրոպացի պաշտոնատար անձինք կարծում են (ու երբեմն դրա մասին հրապարակավ հայտարարում են), որ ռուս-ուկրաինական ճակատում հրադադարի դեպքում Ռուսաստանը կօգտվի պահից, ուժ կհավաքի եւ կհարձակվի եվրոպական այլ երկրների վրա: Ըստ այդ տրամաբանության՝ պատերազմի շարունակությունը կօգնի ԵՄ-ին՝ ստեղծել սեփական մարտունակ ուժերը եւ դիմակայել ռուսական հետագա ագրեսիային:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահագրգռվածությունները եւ ուժերի դասավորությունը, նժարը, կարծես թե, դանդաղորեն հակվում է հօգուտ խաղաղության: Սակայն այս սպասողական վիճակը կարող է տեւել եւս մի քանի ամիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031