Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը դրա մասին խոսում են: Այդ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում, որ Հայաստանը պետք է լուծարի Մինսկի խմբի համանախագահությունը, Սահմանադրությունը փոխի և այլն: Ընդ որում, որքան հասկանում եմ, պահանջների մի մասն արդեն հանրային հնչեցված են, որպես պահանջ ներկայացված, մի մասի շուրջ ակնարկներ կան, որ իբր դրանք արվեն, այլ պահանջներ են լինելու: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց օրակարգում պատրաստ պահում է մի պարզ պատճառով. քանի դեռ ստորագրված չէ փաստաթուղթը, կա Հայաստանից անընդհատ նոր զիջումներ կորզելու հնարավորություն: Բայց փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, կախված միջազգային զարգացումներով, կարող է ինչ-որ պահի փոխվել: Այդ պատճառով պատրաստ պահում են այդ թուղթը և փորձում նոր զիջումներ կորզել: Եթե միջազգային հնարավորությունների պատուհանը փակվելուն մոտենա, վերջին պահին Ադրբեջանը ստորագրելու է այդ թուղթը՝ մինչ այդ շարժվելով «ինչ կարողանա, պոկի» տրամաբանությամբ: Ադրբեջանն առաջնորդվում է «էլ ինչ կարող է պոկել» սկզբունքով, իսկ Հայաստանն էլ դեմ չէ այդ զիջումներն անելուն: Պարզապես Փաշինյանը խնդիր ունի՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ դա երկրի ներսում իր իշխանությանը սպառնալիք չդառնա: Այսինքն՝ փուլ-փուլ մատուցել, հետզհետե հանրությանը պատրաստել այդ զիջումներին, նոր գնալ դրանց, և այլն: Սա է ամբողջ պրոցեսը, ինչին հիմա ականատես ենք լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:
Եթե երկու կողմն էլ ուզում են խաղաղ ապրել, հաշտվել, որոշակի քայլեր պետք է կատարեն երկուսն էլ: Մի կողմից՝ զիջումների գնացող Հայաստանի իշխանություններ, մյուս կողմից՝ հայկական բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակող Ադրբեջան: Վերջին շրջանում պարբերական կրակոցներ են հնչում Սյունիքում, օրերս էլ Տավուշի մարզի Մովսես գյուղն էր հայտնվել թշնամու թիրախում: Սա ռազմական գործողությունների՞ մասին է հուշում, թե՞ հոգեբանական ճնշում է մարդկանց վրա: «Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները ռազմական խնդիրներ լուծելուն ուղղված չեն: Դրանք քաղաքական կրակոցներ են, որոնց հիմնական նպատակը հայ հանրությանն անհրաժեշտ վախի մթնոլորտի մեջ պահելն է: Այսինքն, հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանում բնակչությունը մտածի, թե կարող է ինչ-որ բան փոխվել, թե կարող են Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել և այլն: Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները՝ ասելով, որ եթե չանենք, տեսեք, թե ինչ լարվածություն կա, մարդիկ կրակի տակ են ապրում և այլն: Հիմա չեմ ուզում ասել, որ դա ուղիղ համագործակցություն է, նման բան ասելու համար փաստ չունեմ, բայց Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարքագծերի հատկանիշները հուշում են, որ, այնուամենայնիվ, նման պայմանավորվածություն կարող է լինել: Պայմանավորված ինչ-որ լարվածության աստիճան են պահում՝ պետք եղած ժամանակ դրա դոզան ավելացնելով և պետք եղած ժամանակ պակասեցնելով: Եվ այդպես ստիպում են մեր ժողովրդին համաձայնել կամ հարմարվել նոր զիջումներ անելու գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում