Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են․ «Փաստ»

Մայիս 17,2025 10:40

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ: Իսկ այդպես է հնչում, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այն է՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, որպես նվազ երևակայությամբ օժտվածներ, ասենք ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք. «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, անգամ պարզվել էր, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ և այլն: Կարճ ասած՝ շատ լուրջ կոռուպցիոն սկանդալ, որն անգամ «Ֆրիդոմ հաուսի» ուշադրությանն արժանացավ: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ Փաշինյանի ու նրա թիմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա, թե…

Դե, «համակարգային կոռուպցիա» չկա, բայց քպական զանազան ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները մեկ էլ հանկարծ, պարզվում է, գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, իսկ քպականների հենց միայն պաշտոնապես ներկայացված հայտարարագրերն ինչ ասես արժեն: Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկեր ասացինք, Դավիթ Սանասարյանի պատկերը հառնեց հիշողության խորխորատներից: Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո այդ ակտիվիստին պետական վերահսկողական ծառայության պետ կարգեցին: Իսկ հիշո՞ւմ եք դրանից որոշ ժամանակ անց նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները, որ շրջանառվեցին մամուլում, իսկ ինքն էլ հեռացավ այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ ոչինչ էլ չեղավ:

Հա, ի դեպ, քպական մի նախկին նախարար կա, որ հանկարծ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայել ու ԱԺ ամբիոնից հայհոյում է: Իսկ հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան վաղուց ինչ աղմկոտ տեղեկություններ էին շրջանառվում՝ կորոնավիրուսի ժամանակ ծախսված գումարների հետ կապված: Դե, այդ ամենի խորապատկերում էլ ասֆալտապատման պատվերների, զանազան ծախսումների և դրանց հետ շաղկապվող սկանդալների պակասություն չկա: Լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Դե, Սնուփ Դոգի չեղած համերգի ու դրա համար պետական միջոցներից 6 միլիոն դոլար «ցնծալու» մասին էլ չենք խոսում: Կամ մի դաշնակահարուհու՝ պետբյուջեի միջոցներով համերգ կազմակերպելու մասին, երբ նույնիսկ կառավարության համապատասխան որոշումը չկա՝ ֆինանսավորում հատկացնելու մասին:

Մյուս կողմից՝ փաշինյանական իշխանավարման այս 7 տարիներին ի՞նչն է առատ: Այո, զանազան «շոուները» ու հատկապես՝ «մասկի-շոուները»: Աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու «պատին ծեփելը»: Որպես կանոն՝ այդ բոլոր տեսարանները փաշինյանական իշխանությունը ցուցադրում է բացառապես իր քաղաքական հակառակորդների կամ պարզապես իրենց քպական թանին թթու ասածների, ընդդիմադիրների կամ ընդդիմությանն առնչվող անձանց նկատմամբ:

Եվ՝ ի՞նչ: Իսկ էլի՝ ոչինչ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են: Ինչպես, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խրոխտ հայտարարությունները, կուրծք ծեծելը, թե իրենք որքա՜ն բյուրեղյա են՝ մի կողմից: Եվ ընդդիմադիրների, պարզապես այլախոհների վրա ԱԱԾ-ով, «դիմակավորված» հատուկջոկատայիններով հարձակում-ձերբակալությունները, աղմուկ անելը՝ մյուս կողմից:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031