Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Խաչատրյան. ՔՊ-ն այսօր որոշում է կայացնում ոչ թե օրենքի շրջանակում, այլ օրենքն է համապատասխանեցնում իրեն. «Հրապարակ»

Մայիս 17,2025 11:00

Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ոչ թե սեփական դիմումի համաձայն հեռացավ քաղաքապետի պաշտոնից, այլ ասացին՝ գնա․ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Դիանա Գասպարյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ՔՊ-ի ռեյտինգն Էջմիածնում իջել է շրիշակի մակարդակի։ Գասպարյանի «պաշտոնանկությանը» նպաստեցին նաեւ վերջին շրջանի աղմկահարույց իրադարձությունները, ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ կապված։

«Կարծում եմ՝ վերջին շրջանի աղմկոտ իրադարձությունները եւս իրենց ազդեցությունն են ունեցել։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ ՔՊ-ի ռեյտինգը գնալով նվազում է, հասնում է պատմական նվազագույնի։ Փորձում են նման փոփոխություններով իրենց կուսակցության, քաղաքական թիմի ռեյտինգը բարձրացնել, բայց, կարծում եմ, չի ստացվելու, որովհետեւ ժողովուրդը տեսնում է ՔՊ-ի վարած ազգակործան քաղաքականությունը»։

Սեւակ Խաչատրյանի ղեկավարած դաշինքն ունի ավագանու 10 մանդատ, ՔՊ-ն` 15, 2 մանդատ էլ՝ «Հայրենատեր»-ը։ Ի՞նչ եղանակ կա իշխանությունը վերցնելու։ «Տեսնենք, թե ինչ պրոցեսներ կլինեն։ Օրենքով ավագանու անդամներից մեկին պետք է ընտրեն քաղաքապետ, մեզ առնվազն 5 մանդատ անհրաժեշտ է՝ մեր թեկնածուի համար։ Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն»,- ասաց նա։ Եթե Փաշինյանը Գյումրու եւ Փարաքարի օրինակներով որոշի փրայմերիզ անել, կա՞ այնպիսի մեկը, որ վայելում է էջմիածինցիների համակրանքը, եւ նրա միջոցով ՔՊ-ն կարող է վերարտադրվել։

«Ես չեմ պատկերացնում բացի ՔՊ-ականներից որեւէ այլ էջմիածինցու, որ ունի շրջապատ, անտարբեր չէ երկրում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի հանդեպ, կհամաձայնի քաղաքապետ դառնալու համար մտնի ՔՊ-ի շարքերը։ Քաղաքական առումով՝ ինքնասպանության նման մի բան է լինելու։ Թեպետ այս տարիների ընթացքում ամեն ինչ տեսել ենք, չի բացառվում, որ դա էլ տեսնենք»,- ասաց զրուցակիցս։ Արդյո՞ք փրայմերիզով ՔՊ-ն հաջողության կհասնի Էջմիածնում՝ հաշվի առնելով Փարաքարի եւ Գյումրու պարտությունները։ «Մենք տեսանք այդ քաղաքներում պարտությունը, իսկ փրայմերիզ ասվածը ձեւական բնույթ է կրում ՔՊ-ի դեպքում, իրենք ում կուզեն՝ կնշանակեն։ Փորձում են ժողովրդավար երեւալ, բայց դա քաղաքական տրյուկ է»։

Իսկ գուցե Վանաձորի օրինակով համայնքի ղեկավարի ԺՊ նշանակեն՝ մինչեւ նոր ընտրությունները։ Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է` օրենքը կարող են հարմարեցնել իրենց։ «Այս իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել։ Ի տարբերություն Վանաձորի, Վաղարշապատում 1 տարի կպաշտոնավարի ԺՊ-ն, քանի որ 2026թ․ դեկտեմբերին ավագանու ընտրություններն են։ ՔՊ-ն այսօր որոշում է կայացնում ոչ թե օրենքի շրջանակում, այլ օրենքն է համապատասխանեցնում իրեն, եւ մոտ ժամանակներս ականատես կլինենք»,- շեշտեց Խաչատրյանը։

 

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031