Ամեն տարի աշխարհում գրեթե 1.2 միլիոն մարդ մահանում է ճանապարհներին, որոնցից ավելի քան մեկ քառորդը՝ քայլելիս կամ հեծանիվ վարելիս։ Շատ համայնքներում բացակայում են մայթերը կամ անվտանգ հետիոտնային անցումները, և աշխարհի ճանապարհների միայն 0.2%-ն է հագեցած հեծանվային գոտիներով։ 2021 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային մահացության գնահատված մակարդակը կազմել է 13.6՝ յուրաքանչյուր 100,000 բնակչության հաշվով, որի 32%-ը բաժին է ընկել հետիոտներին։
Հայաստանում կարևորելով դպրոցներին հարող փողոցների ճանապարհային անվտանգությունն առավել խթանելու անհրաժեշտությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՀՀ առողջապահության նախարարությունը և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ն, համագործակցելով այլ ազգային շահագրգիռ կողմերի, տեղական իշխանությունների և միջազգային գործընկերների՝ ՄԱԶԾ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, 2025 թվականի մայիսի 17-ին անցկացրեցին հանրային իրազեկման միջոցառում՝ նշելու համար ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթը։
Միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի թիվ 71 և թիվ 114 դպրոցների հարակից տարածքում, ներառում էր ճանապարհային նշանների տեղադրման և հետիոտնային անցման գունավորման աշխատանքներ՝ պարզ, սակայն գործնական միջոցառումներ՝ ուղղված արագության գերազանցումը կանխելուն և դրա միջոցով քայլելն ու հեծանիվ վարելն առավել անվտանգ դարձնելուն։
Ճանապարհային անվտանգությունը հանրային առողջապահության կարևորագույն խնդիրներից է։ Դպրոցների շրջակայքում արագության սահմանափակումը խթանելով և ենթակառուցվածքները բարելավելով՝ ոչ միայն պաշտպանում ենք կյանքեր, այլև ստեղծում ենք ավելի անվտանգ և ներառական միջավայր երեխաների և համայնքների համար։ Անվտանգ քայլելու և հեծանվավարելու հնարավորությունն ապահովող միջոցառումները նպաստում են հասարակության համար ավելի առողջ, ավելի կայուն և տնտեսապես կենսունակ տրանսպորտային միջոցների ստեղծմանը։
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա մասին
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթը հնարավորություն է տալիս խթանելու գործողություններ ազգային և տեղական մակարդակներում՝ քայլելը և հեծանվավարությունն անվտանգ դարձնելու համար՝ ներկայացնելով կոնկրետ միջամտություններ, որոնք կարող են ձեռնարկվել տարբեր շահագրգիռ կողմերի՝ կառավարությունների, միջազգային գործակալությունների, քաղաքացիական
հասարակության, բիզնեսների և դպրոցների կողմից։
Այդ գործողությունները կխթանեն քայլելուն և հեծանվավարությունը, որոնք ավելի առողջ, «կանաչ», կայուն և տնտեսապես շահավետ միջոցներ են։ Սա նաև ուղղակիորեն և անուղղակիորեն կնպաստի Կայուն զարգացման բազմաթիվ նպատակների իրականացմանը։
ԱՀԿ ՀԱՅԱՍՏԱՆ