Մայիսի 22-ն ամբողջ աշխարhում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որը հիշեցնում է, որ յուրաքանչյուր կենդանի տեսակ, էկոհամակարգ և գենետիկ ռեսուրս անփոխարինելի են կյանքի պահպանման, առողջության, սննդային անվտանգության և կլիմայական կայունության համար։
Այս տարի օրը հատկապես խորհրդանշական է Հայաստանի համար։ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, և որպես այդ համաժողովի հյուրընկալող երկիր՝ մենք մեկնարկում ենք իրազեկման արշավ՝ «Կենսաբազմազանության շաբաթ»։
Մայիսի 16-ին, Շրջակա միջավայրի նախարարության Բնության պետական թանգարանում կայացավ էկոկրթական առաջին միջոցառումը՝ «Մարդ–կենսաբազմազանություն փոխհարաբերություններ» խորագրով։
Միջոցառումը ողջույնի խոսքով մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով իր խոսքում կարևորեց էկոկրթության դերը որպես գիտելիքի և վերաբերմունքի ձևավորման հենք։ Նա անդրադարձավ Ռիոյի երեք կոնվենցիաների միջև կապին, խոսեց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայից և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ տարվող քայլերի մասին։
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրեց՝ ինչ է կենսաբազմազանությունը, ինչպես է այն ապահովում էկոհամակարգերի կայունությունը, ինչպես է նպաստում մարդու առողջությանը, սննդի և ջրի անվտանգությանն ու համայնքների դիմադրողականությանը:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական խմբի ղեկավար, Կենդանաբանական թանգարանի վարիչ Անդրանիկ Գյոնջյանը խոսեց ՀՀ կենսաբազմազանության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց այն կենդանական և բուսական տեսակները, որոնք իսպառ վերացել են մարդու գործունեության հետևանքով, ինչպես նաև պահպանման հրատապություն ունեցող տեսակները։
«Էկոտուր» ՍՊԸ տնօրեն, լեռնային և քայլարշավային ուղեկցորդ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ասոցիացիայի անդամ Տիգրան Աբգարյանը կիսվեց բնության հետ իր անձնական շփման փորձով՝ ներկայացնելով քայլարշավների ընթացքում հանդիպող կենսաբազմազանության հանդեպ հարգալից մոտեցման ձևերը, վայրի կենդանիների հանդիպման ժամանակ վարքականոնները, ինչպես նաև առաջին օգնության հմտությունները բնության մեջ վնասվածքներ ստանալու դեպքում։
Աշակերտները ոչ միայն մեծ հետաքրքրությամբ լսեցին ներկայացումները, այլև ակտիվորեն հարցեր ուղղեցին բանախոսներին՝ ցույց տալով, որ բնության ճանաչումը և պահպանությունը մեր երիտասարդների ուշադրության կենտրոնում է։
Միջոցառման մասնակիցներին ելույթներով ողջունեցին նաև Բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանը, ովքեր ևս իրենց խոսքում ընդգծեցին կրթության, երիտասարդության ներգրավման և համատեղ ջանքերի կարևորությունը՝ շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության պաշտպանության գործընթացում։ Նրանք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանական նախաձեռնություններին և նպաստելու առավել լայն հասարակական իրազեկման ձևավորմանը։
Այս միջոցառումն ազդարարեց «Կենսաբազմազանության շաբաթի» մեկնարկը, որի նպատակն է ձևավորել գիտակից և իրազեկ հասարակություն՝ կարող և պատրաստակամ աջակցելու բնության պահպանության ազգային ու միջազգային օրակարգերին։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ