Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացում»-ն ուներ սահմանադրական հիմք, որով Հայաստանը գնաց, եւ ի պատասխան ստացանք Սումգայիթ․ Լեւոն Զուրաբյան

Մայիս 17,2025 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1988-ի շարժման կարեւորությունն այն էր, որ ժողովուրդը միանգամից դուրս եկավ հրապարակ, ձեւավորեց իր առաջնորդներին, որոնք էլ առաջ տարան հայ ժողովրդի շահերի ու ձգտումների օրակարգը, որը միշտ չէր, որ համընկնում էր կոմունիստական տոտալիտար քաղաքականության հետ․ ՀԱԿ գրասենյակում կայացած բանախոսության ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Բանախոսության թեման էր «Ղարաբաղյան հակամարտությունը. 1994 թվականի հրադադարը և 30 տարիների բանակցային գործընթացը»։

Պատմական էքսկուրս կատարելով՝ նա նկատեց, որ կարճ ժամանակի ընթացքում պարզ դարձավ՝ կա մեկ հարց, որը միավորում է հայ ժողովրդին, եւ դա հայկական օրակարգն էր։ Այժմ, բանախոսի բնութագրմամբ, շատ մեծ է գերտերությունների ազդեցությունը փոքր երկրների վրա․ 88-ին դեռ չկային թափանցած հետախուզություններ, գերտերությունների օրակարգեր, ուստի ձեւավորվեց հայկական օրակարգը։

Լեւոն Զուրաբյանի բնութագրմամբ, ՀՀ-ում այսօր չկան հայկական օրակարգեր, կան օտարածին օրակարգեր, բոլորն ունեն իրենց գործակալներին՝ պետական տարբեր բարձր պաշտոններում, եւ եթե ինչ-որ գաղափարների մրցակցություն կա, դա մրցակցություն է տարբեր երկրների՝ մեզ պարտադրված գաղափարների։ Քանի դեռ մեր ժողովուրդը բզկտված է, ըստ նրա, ոչնչի չենք հասնելու եւ այդ առումով այսօր գերխնդիրը հայկական օրակարգի ձեւավորումն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Բանախոսության ընթացքում Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ արցախյան հարցի էությանը եւ բանակցային գործընթացին․ «Ի՞նչ էր Ղարաբաղի հարցը․ այս հարցը նաեւ ինչ-որ առումով պատասխան ընդունեք այսօրվա իշխանություններին, նրանց կողմից հնչող մեղադրանքներին, թե ինչո՞ւ գնացինք այդ ճանապարհով՝ իբրեւ խոչընդոտելով «իրական Հայաստանի» տեսլականին» ։

Նա մանրամասնեց, որ այդ շրջանում՝ 1980-ականների վերջին, Նախիջեւանն արդեն հայաթափված էր՝ 3 տոկոս հայ բնակչություն կար այնտեղ, եւ խնդիր էր դրված ԼՂՀ-ն հայաթափելու, ու այս խնդիրը պայթեց։ Այս համատեքստում Լեւոն Զուրաբյանը նաեւ որոշ միֆերի անդրադարձավ, որոնցից առաջինն էր՝ «Միացում» գաղափարից ՀՀՇ-ն հրաժարվեց»։

«Պարզ բան է եղել․ մենք գործում էինք ԽՍՀՄ սահմաններում, որտեղ գործում էր մի փաստաթուղթ՝ ԽՍՀՄ պետությունների Սահմանադրությունը»,- ասաց նա՝ ասելով, որ «Միացում»-ն  ուներ սահմանադրական հիմք, որով Հայաստանը գնաց, եւ ի պատասխան ստացանք Սումգայիթ։ Սումգայիթում հայերի ջարդերին հետեւեցին ադրբեջանական այլ շրջանների հայ բնակչության ջարդերը, Հայաստանում էլ համբերության բաժակը սպառվել էր, ադրբեջանական բնակչության նկատմամբ բռնություններ եղան, պայքարը դաժան բնույթ ձեռք բերեց։

Այդ ժամանակ ընդունվեց 1989-ի ՀՀ ԳԽ-ի եւ Արցախի ղեկավար մարմնի որոշումը՝ տարածքները միավորելու մասին։ Նա մանրամասնեց, որ այդ ժամանակ հայկական կողմը մտածում էր, որ որոշ ժամանակի ընթացքում՝ սահմանադրական ճանապարհով գործընթացը կգնա, բայց կարճ ժամանակահատվածում ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ մենք հայտնվեցինք մի նոր իրավիճակում, ըստ որի պետությունների սահմանները համարվում են փլուզման պահին առկա սահմանները։ Լեւոն Զուրաբյանը նաեւ շեշտեց՝ եւ սա այն որոշումն է, որի համար մեզ «դավաճան» են համարում, որի համար Ալիեւը պահանջում է մեր Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնել։

Բանախոսը մանրամասնեց՝ այս ամենի արդյունքում հասկանալով, որ «Միացում»-ի կոնցեպցիայով հարցի առաջ տանելը կհամարվի ոտնձգություն, Ադրբեջանի տարածքի նկատմամբ եւ այդ խաղում մենք պարտվելու ենք, մեր օրակարգը վերաձեւակերպեցինք․ «Սա գիտակցական մի որոշում էր, թե ինչպես մենք նոր միջավայրում պետք է կառուցենք Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Միացումն այլեւս տանելու էր մեր մեկուսացմանը։ Մենք չենք դավաճանել խնդրի էությանը, այլ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը համապատասխանեցրել ենք ստեղծված նոր իրավիճակին՝ ԼՂ-ն իր գոյությունը Ադրբեջանի կազմում համարում է անհնար եւ ձգտում է անկախության»։

Ուղիղ երեք օր առաջ այն բանից, որ Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ լուծարման մասին, կայացավ Արցախի անկախության հանրաքվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լեւոն Զուրաբյանը նաեւ միֆ է համարում այն, որ «Հայաստանը բանակցել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ»։ Այս նարատիվի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։

Բանախոսը հիշեցրեց՝ 1992 թվականից՝ ԵԱՀԿ-ի ֆորմատում հարցի տեղափոխումից հետո հայկական կողմը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ բացառում ենք որեւէ փաստաթղթի ստորագրում Արցախն Ադրբեջանի կազմում։ Նա հավաստիացրեց, որ ԵԱՀԿ փաստաթղթերում ոչ մի տեղ չենք գտնվի հիշատակումներ, որ ԼՂՀ-ն ինչ-որ կապ ունի Ադրբեջանի հետ․ «Դրա բացատրությունը պարզ է՝ մեր դիվանագետներն ունեցել են հստակ հանձնարարական՝ նման որեւէ փաստաթղթի առումով կիրառել իրենց վետոյի իրավունքը։ Դուք միայն Լիսաբոնի վետտոյի մասին եք իմացել, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրառեց, որը աղմկահարույց էր, բայց մեր դիվանագետները մոտ 40 անգամ կիրառել են վետոն»։

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ ՀՀ բոլոր նախագահների օրոք՝ անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, մինչեւ ինքը Արցախը կճանաչեր Ադրբեջանի կազմում, այս ուղղությունը կիրառվել է։

Բանախոսությունն ամբողջությամբ՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031