«Կարող էիք կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին՝ չարեցիք». այս խոսույթը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը համարում է միֆ, որն այսօր փորձեց կոտրել՝ ՀԱԿ գրասենյակում կայացած բանախոսության ժամանակ։ Բանախոսության թեման էր «Ղարաբաղյան հակամարտությունը. 1994 թվականի հրադադարը և 30 տարիների բանակցային գործընթացը»։
Նա հիշեցրեց, որ 1990 թվականի տվյալներով, երբ ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվել էր, բայց տնտեսական էֆեկտներ դեռ չէր ունեցել, Հայաստանի տնտեսական պոտենցիալը 4,2 միլիարդ էր, իսկ Ադրբեջանինը՝ երեք անգամ ավելի շատ․ «Մենք պատերազմի մեջ ենք եղել մի պետության դեմ, որի տնտեսական պոտենցիալը երեք անգամ մեծ էր մեզնից»։
Լեւոն Զուրաբյանը հիշեց երեսնամյա վաղեմության իրադարձությունները՝ արցախյան առաջին պատերազմը՝ ասելով, որ եղավ մի իրավիճակ, երբ Ադրբեջանը գրավեց Աղդամը, եւ արդյունքում իրենց զինատեսակների գերակայությունը 50 անգամ մեզնից ավելի էր, էլ չասած՝ մարդկային ռեսուրսի մասով գերակայությունը․ «Այս իրավիճակում մեր գերխնդիրն էր՝ մի կերպ պահել Ղարաբաղը, որոշակի տարածքներ գրավել՝ բուֆերային, որոնց վրա հավակնություններ չենք ունենում»։
Կարդացեք նաև
Հետո, երբ Ադրբեջանում իշխանության է գալիս Հեյդար Ալիեւը, ՌԴ նախագահ Ելցինը հայկական կողմին առաջարկում է պարգեւատրել Ալիեւի ջանքերը՝ Ադրբեջանն ԱՊՀ վերադարձնելու, ու դա պետք է լիներ հայկական կողմի գրաված մեկ տարածքի վերադարձով։ Հայկական կողմը դիվանագիտորեն մերժում է առաջարկը՝ ասելով, որ նման բան հնարավոր կլինի միայն ամբողջական անվտանգային միջավայրի ձեւավորման պարագայում։ Այդ ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ լարում է սկսվում, սառեցվում է հայկական կողմի ֆինանսավորումը։
Արդյունքում՝ 1993-ի դեկտեմբերի 18-ին՝ Քարվաճառ, Մարտակերտ, Ասկերան, Հորադիզ ուղղությամբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսում, ինչի արդյունքում հայկական ուժերն արյունաքամ էին լինում։ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը գալիս են այն եզրակացության, որ պետք է Տեր-Պետրոսյանին խնդրել՝ գնալ զինադադարի։ Լեւոն Զուրաբյանը հղում արեց Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, որ մենք այդպես էլ չկարողացանք վերականգնել մեր նախկին դիրքերը․ օրինակ՝ Հորադիզ կայարանը այդպես էլ ետ չբերեցինք։
Այդ ժամանակ տեղի է ունենում ԱՊՀ Աշխաբադի համաժողովը, որի ժամանակ Տեր-Պետրոսյանի քայլը իրավիճակ է շրջում։ Նա Հեյդար Ալիեւին առաջարկել էր հենց այդ պահին ստորագրել ՌԴ վերջին առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Բայց քանի որ Ալիեւը ոգեւորված էր իր ռազմական հաջողություններով եւ չէր ցանկանում գործը փոխանցել դիվանագետներին, կարկամում է, ու բոլորը հասկանում են, որ Ալիեւը պատրաստ չի դրան, եւ իրավիճակը միանգամից փոխվեց։ Ու այսպես հասանք զինադադարի։
Լեւոն Զուրաբյանը ցուցադրեց նաեւ զինադադարի եռակողմ համաձայնագրի տակ Սամվել Բաբայանի ստորագրությունը։ Սամվել Բաբայանը վերջին շրջանում համառորեն հայտարարում է, որ ինքը չի ստորագրել այդ փաստաթղթի տակ։
Այդ զինադադարին հետեւեց բուդապեշտյան փաստաթուղթը՝ ԵԱՀԿ գագաթաժողովի որոշումը, որով ողջունվում էր հրադադարի եռակողմ հայտարարությունը՝ ըստ էության կոնֆլիկտի կողմ ճանաչելով ԼՂ-ին եւ լեգիտիմացնելով մեր պայքարը։ Այդ փաստաթղթով էլ ամրագրվում է, որ հայկական զորքերի դուրսբերումը հնարավոր է միջազգային խաղաղապահների տեղակայումից հետո։
Հաջորդ միֆը, ըստ Լեւոն Զուրաբյանի, «Փաթեթային լուծումն ավելի լավն էր, քան փուլայինը»։
Առաջինի մասով ասաց, որ բանակցել էին նաեւ այս տարբերակը, որ եթե ի վերջո պետք է լինի նման լուծում, ապա ԼՂ-ն իրավաբանորեն պետք է լինի Ադրբեջանի մաս, բայց փաստացի՝ անկախ՝ ունենալով սեփական Սահմանադրությունը, բանակը, Ադրբեջանի օրենքները չեն գործելու ԼՂ տարածքում առանց Արցախի ԱԺ-ի համաձայնության եւ այլն։
Հաջորդ՝ փուլային լուծումը նշանակում էր խաղաղության հարցերը լուծել՝ ԼՂ կարգավիճակը թողնելով չսահմանված։ Այսինքն, ԼՂ-ն կգործեր որպես նորմալ պետություն, բայց առանց վերջնական կարգավիճակի։ Սա, ըստ բանախոսի, թույլ կտար ստանալ մի լուծում, որտեղ չկա բառ, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ «Սա դարձավ մեծ խնդիր ղարաբաղցիների, Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս վեճի արդյունքում Հայաստանում հեղաշրջում եղավ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ