ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
Բողոք
Բարի օր տիկին Սրբուհի Գալյան,
Սույն բողոքով ներկայացնում եմ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ տիկին Հեղինե Մարտիրոսյանի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող իմ վստահորդ և պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին հիմնարար իրավունքից` իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից զրկելու վերաբերյալ փաստը և պահանջում անհապաղ վերականգնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքը` իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Լիլիթ Աղեկյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ տիկին Հեղինե Մարտիրոսյանին օրեր առաջ ներկայացրել է դիմում և ապացույցներ, որ ես նրա փաստաբանն եմ դատարանում գտնվող վարույթներով և նրան անհրաժեշտ է իմ իրավաբանական օգնությունը Եվրոպական դատարան դիմելու համար: Սույն դիմումին և իմ պահանջին ի պատասխան՝ 16.05.2025 թվականին, տիկին Հեղինե Մարտիրոսյանը հայտնել է, որ այն չի բավարարելու:
Վերջինս հղում է կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին և քննիչին, բացարձակ անտեսելով ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի պահանջները: Ես ստիպված նույն օրը տիկին Հեղինե Մարտիրոսյանին կրկին ներկայացնել եմ դիմում նույն պահանջի վերաբերյալ, սակայն նա իմ այդ դիմումը դարձյալ անտեսել է:
16.05.2025 թվականին, իմ պահանջով ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ հրավիրված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Լիլիթ Աղեկյանին, ինձ և տիկին Հեղինե Մարտիրոսյանին: Տիկին Հեղինե Մարտիրոսյանի առջև բարձրացրել են` ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ անձնակազմի և նրա կողմից Լիլիթ Աղեկյանին իրավաբանական օգնություն ցույց տալու խոչընդոտման ոչ իրավաչափ լինելու հարցը: Սակայն նա շարունակել է խոչընդոտել` թույլ չի տվել, որ ես Լիլիթ Աղեկյանին տրամադրեմ իրավաբանական օգնություն:
Փաստացի պետական պաշտոնյաները Լիլիթ Աղեկյանին շարունակաբար զրկում են առանձին տեսակցություն ունենալ իր ներկայացուցչի և պաշտպանի հետ, հատկապես Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հարցով:
16.05.2025 թվականին ոչ միայն ես, այլ նաև Գյումրիից եկած Լիլիթ Աղեկյանի 80-ամյա մայրը և քույրը ժամեր շարունակ սպասելով նրան տեսակցելու թույլտվությանն ի վերջո, երեկոյան ժամը 19:20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներից հաստատապես ստացանք տեղեկություն, որ տիկին Հեղինե Մարտիրոսյանը մերժում է նրա հետ տեսակցությունը:
Այս անգամ մերժման հիմք նշելով տեսակցության ժամի ավարտը:
Տիկին Սրբուհի Գալյան, եթե դուք տեղեկացված չեք, որ տիկին Հեղինե Մարտիրոսյանը խախտել է տիկին Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքը` ինձանից ստանալ իրավաբանական օգնություն այն գործերի կապակցությամբ, որոնք գտնվում են դատարանի վարույթներում (թիվ ՇԴ/0018/02/24, թիվ ՇԴ/0019/02/24, թիվ ՇԴ/0020/02/24, թիվ ՇԴ/0022/02/24, թիվ ՇԴ/0093/02/24, թիվ ՇԴ/0094/02/24, թիվ ՇԴ/0096/02/24, թիվ ՇԴ/0018/02/24, ՇԴ/0289/01/24, ՇԴ/0029/11/24, ՇԴ/0025/11/24) և որոնցով ես նրա ներկայացուցիչն եմ ու պաշտպանը, և տիկին Լիլիթ Աղեկյանը կարիք ունի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու կապակցությամբ իրավաբանական օգնության իմ կողմից, ապա տեղեկացնում եմ այդ մասին և պահանջում, որ անհապաղ վերացնեք ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետի կողմից թույլ տված ապօրինությունը:
Իսկ եթե դուք նույնպես կիսում եք նրա կարծիքը և նրա գործողությունները հավանության արժանացնում, ապա դուք չգիտեք իրավունք և օրենք:
Իսկ եթե Դուք գիտեք ընթերցել, ապա Դուք պարտավոր եք անհապաղ բավարարել իմ կողմից ներկայացված բողոքը: Եվ Ձեր պարտականության մեջ է մտնում նաև անհապաղ ընթերցել տիկին Հեղինե Մարտիրոսյանի համար Եվրոպական դատարանի Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 54547/16), 22 փետրվարի 2022 թվականի վճիռը:
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
Լիլիթ Աղեկյանի ներկայացուցիչ և պաշտպան