Արևելքից քաղաք մտնող ավտոճանապարհն ապշահար տնքում էր խուռներամ ինքնաշարժերի հոծ ու լեցուն բեռան տակ։ Դատարկ ամբարտակի մեջ բաց թողնված հորդ ու առատ ջրահորձանքի պես քաղաք մտած մեծաքանակ մեքենաներն ու անոթի մարդիկ լցվեցին, ծովացան, խցանեցին փողոցներն ու մայթերը։ Աստծո փեշը բաց թողած ժողովուրդը խցանահան պորտալարով հորդում էր անդադար՝ հատված, արյունող բազկերակի պես։
Նախ՝ տագնապած քաղաքի կենտրոնական հրապարակում ռուսական զինվորական մեքենա հայտնվեց՝ չարագուշակ հռնդոցով։ Օտարախոս հայտնվածներն այն հետընթաց ուղղորդեցին սպասումով բացված մեծ շենքի հետնադռանը, և սկսեցին խայտաբղետ ուղեբեռներ թափթփել շտապով։ Թափեցին ու հեռացան։ Ապա մի քանի միկրոավտոբուսներ հայտնվեցին՝ահաբեկ մարդկանցով լի, ովքեր իջնելով` սկսեցին փութով որոնել անձնապատկան լղարիկ ուղեբեռները։ Այսպես սկսվեց գաղթընտել ժողովրդի նոր արհավիրքը, ով խարդավազոհ մեղապարտությամբ, սեփական ձեռքով, սեփական ճակատին մրագրել էր սննամիտ, բազում պիղծ բարբաջանքներ ու․․․տկարացել։
Ահավասիկ․«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է»։ Մատթեոս 5․44
Սա այն էր, ինչ կուզեր մեզնից մեր թշնամին։
Կարդացեք նաև
Մեծ շենքին հասնելով ու գրանցվելով՝ ծեր, մայր ու մանուկ, գիշերակացի խնդրականը շալակներին՝ ծվարել էին այսուայնտեղ։ Փութով հավաքված վրան-պատսպարաններ, սնվելու կետեր հայտնվեցին, և հրապարակը սկսեց գվվալ բնաթող մեղվապարսի պես։ Երկրորդ օրն այլևս քաղաքում պարապ բազմոց ու մահճակալ չմնաց։ Ճանապարհային ոստիկանների համառ ջանքով հրապարակ մտնող ու մարդկանցով լեցուն ելնող ավտոբուսների քարավաններ հուսահատ մարդկանց տանում էին հեռուներ։ Չորրորդ օրը հալածական մարդկանց ավտոգաղթն աստիճանաբար թուլացավ, մեղմվեց ու իսպառ դադարեց հաջորդ օրը։ Այդ տխուր օրը լուսերես ելած մի թերթի երես՝ սև էր, պարպվող երկրի որդանակարմիր կակաչի սրտի պես։
Սևակնած քաղաքի բանուկ փողոցի անբարեկարգ մայթին, գայթուն քայլքով ընթացող՝ միայնակ մարդ հայտնվեց։ Նստած էի դարպասամերձ, մայթեզրյա գունատ նստարանին։ Հինգերորդ օրն էր։ Հեռվից ճանաչեցի նրան․վաղեմի ընկերս էր․նրան սպասում էի, հեռախոսով խոսել էր հետս։ Մոտեցավ։ Ոտքի ելա ու ընդառաջ քայլք արեցի։ Ճանաչելով՝ փղձկաց, հեկեկալով առաջ մղվեց ու պինդ փաթաթվելով՝սկսեց հոսահատ, դառնաղի հեծեծալ՝ բնավայրի կորստյան սպանիչ մղձավանջից հալածական։
-Մեքենան վերևում է՝ ճանապարհին, անտեր կանգնած,-վերջապես խոսեց ծանրորեն,-վարորդը հարազատներին միացավ-գնաց․ գիտես, վարել չգիտեմ, գնանք՝ բերենք։
Ի՞նչ է, մենա՞կ էս՝ տագնապով հարցրի։
-Մենակ եմ, արդեն՝մեն-մենակ։ Գոռն էլ չկա, անհետացել է եղբորս երկու տղաների հետ,-ասաց ու կրկին հեծկլտաց։–
-Մենք բենզին ունեինք։ Արդեն մեքենան բարձած՝ պատրաստ, պիտի ճամփա ընկնեինք, քշեց եղբորս տուն։ Շփոթ, խուճապ, իրարանցման մեջ էին․մեքենա կար, բենզին՝ ոչ։ Տղաները գնացին բենզին ճարելու, որ միասին շարժվենք։ Լսել էին՝ վառելիք են բաժանում։ Դու էլ լսած կլինես՝ աղետալի պայթյուն է եղել ու մեծ հրդեհ։ Էլ չեկան։ Պատմում էին, որ հրե հարվածող ալիքից երկինք նետված բազմաթիվ մարդիկ աղիողորմ ճիչերով թափվում էին կրակի մեջ։ Մեծ հրդեհը ահագնացրեց խուճապը։ Ռազմագրոհ էր սպասվում։ Կպատկերացնես վիճակս․մեքենան լիցքավորված-կանգնած․ ջահելները չկան․քշել չգիտեմ․վարորդ չկա, իսկ քաղաքն արդեն համարյա դատարկվել էր։ Անբախտիս բախտը բերեց․ուղևորով լցված մի մեքենայում կենդանի երկրորդ վարորդ գտնվեց։ Երկուսով եկանք։ Սոված, ծարավ, քառասունութ ժամ է՝ ժանապարհին ենք,-ասաց, մի պահ դադար առավ ու դեմքս քննախույզ զննելով, շարունակեց ցավագին։
-Երկու շարասյունով մեքենաները քիչ առաջ էին գնում ու կանգ առնում։ Ձախակողմը բաց էր, որտեղով ռուսների ու կարմիր խաչի բժշկական օգնության մեքենաներ էին երթևեկում։ Մի բենզատար եկավ-անցավ ու տեսանելի ոլորանում՝ թերի բեռան լկլկուն տարուբերումից, կորցնելով հավասարակշռությունը՝ գլորվեց ձորը։ Այստեղ, ավելի երկար կանգի պատճառով, ավտոմեքենաներից իջած մարդիկ խուճապահարույց լսածներով ու ահալից տագնապներով էին կիսվում։ Համոզված ասում էին, որ սահմանաբերանին մանրակրկիտ ստուգում կա։ Այստեղ վարորդս թախանձագին պաղատեց ատրճանակս նետել։ Իզուր լսեցի. նախագահական նվեր էր։ Մաս-մաս արեցի ու նետոտեցի տարբեր կողմեր՝ շքանշաններիս ու մեդալներիս հետ միասին։ Դրանցից մեկը, օ՜, եղկելի ճակատագրի հեգնանք, ստացել էի Լաչինի միջանցքի ճեղքման մասնակցությանս առիթով։ Իսկի էլ չստուգեցին՝ նրանց դարդը դա չէր։ Սրտիցս արյուն էր կաթում։ Թվում էր, ուր որ է՝ կխելագարվեմ։ Ազդու տեսարաններն ու աղետի գիտակցումը, Գոռի անհետանալու իրողությունը ճմլում, կեղեքում էին հոգիս։ Սպանիչ իրականությանն անհաղորդ մանուկներ հայտնվեցին։ Մռայլված դեմքիս առկայծած հրճվանքի թույլ նշմար զգացի, հետո՝ վերահաս նրա բռնկումի այրող ջերմությունը։
-Եկեք չնգաչգուկ խաղանք,-գոչեցի։
-Խաղա՜նք, խաղա՜նք, հա՜,- ուրախ կանչեր կարկաչեցին ու զարնվելով առապարներին, արձագանքեցին դավադիր հեռուներում։
-Չըն-գա -չգու՜կ, չըն-գա-չգու՜կ,- ճանապարհի կողնակին ժիր զրնգաց ծիծեռնակապոչ, ափ ու բռունցք ցուցանող հրճվալից, ապերջանիկ մանուկների փոթորկող խաղը։ Ճռվողող մանկախմբի հետ խաղիս ավարտը գուժեցին ավտոքարավանի ազդականչերը, խաղ, որի պատճառած անմեկնելի ապրումն անհնար է մոռանալ։
Առաջարկեցի մի բան ուտել։
-Հետո,-ասաց,-սահմանաբերանին բրդուճ կերանք, նախ գնանք մեքենայի ետևից։
Քիչ հետո բեռնակոխ մեքենան, որը մի տարիքոտ Մերսեդես էր, կանգնեց մեր դարպասի մոտ։ Կլանչ լսվեց։ Բացված բեռնախցիկից մի գեղեցիկ խասկի շուն դուրս ցատկեց՝ փորը մեջքին կպած։ Կատվի աղաչուն մլավաձայն էլ եկավ մեքենայի ներսից։ Քիչ հետո բակի փոքր թթենու բնից կապված էր լղար շունը, իսկ շվաքի կոճղասեղանին դրված ցանցկեն վանդակում խեղճ ու միալար մլավում էր գանգատարկու կատուն։
․․․1980 թվականն էր։ Դպրոցն ավարտելուց հետո առաջին անգամ մեկնեցի Ղարաբաղ։ Մտադիր էի ուսանել այնտեղ։ Դեղին ՊԱԶ ավտոբուսը կեսօրին ճամփա ընկավ։ Թավ, պայտաձև բեղերով վարորդը դիմակա հայելիով դժգոհ հայացք ձգեց ավտոբուսի կիսադատարկ ներսը։ Քիչ հետո, տարածուն սարահարթից արևելք, սևին էին տալիս Ղարաբաղի լեռնաշղթայի սեգ կատարները, որի բազուկները ուշակորույս ու սայթագլոր փլվում էին մերձարաքսյան հեռու, միգամած ու տոթ հովիտներում։
Շուտով հայտնվեցինք սարավանդի եզրին։ Կարծես սարսափած՝ ավտոբուսը փնչաց նեղ ոլորանում ու դանդաղընթաց շարունակեց ընթացքը, ասֆալտի երես չտեսած, փոշոտ ու քարուքանդ ճանապարհով։ Աղավնոյի ձորահովտում՝ կամրջի բերանին, ուր հետո մաքսակետ էր հայտնվել, մեքենան կանգ առավ։ Ներս մտավ պարարտամարմին, քրտնաթոր մի մարդ ու նստեց կողքս։ Շարժվեցինք։ Ճանապարհի աջակողմյան երկայնքով փռված, խճավազե առվի մեջ բաց թողնված ու մազութով ներծծված զանգվածը վեր ու վար հրմշտող գրեյդերն ավելի դանդաղեցրեց մեր երթը։ Շոգի ու փոշու խեղդոցին ավելացավ սրա անտանելի «բույրը»։ Քիչ հետո սա խոսեց ինձ անհասկանալի լեզվով։ Ռուսերենով ասացի՝ ներեցեք, չեմ հասկանում, ես հայ եմ։
-Էրմանի՞, հ՜ա, հ՜ա, հ՜ա,- քահ, քահ խնդմնդաց, մթնեց ու մինչ Լաչինում իջնելն այլևս չխոսեց։ Հակասական խոհերս լքեցին ինձ, երբ երևացին Շուշիի ժայռերի ազդու կողերը, որի գլխից մավի հեռուներում նշմարվում են Մեծ կովկասյան լեռնաշղթայի ճերմակ կատարները։ Վարը՝ բազկատարած Ղարաբաղն էր․․․
–Էրմանի՞, հա՜, հ՜ա, հ՜ա․․․
Ոգեթափուր, անքաղ է դեռ դասը մեր տխուր պատմության, որը դեռ սպասում է իր ոսկեբերան ասացողին։
Այդ տարվա սեպտեմբերին արդեն ուսանող էի։ Արգամը համակուրսեցիս էր։ Առաջին անգամ, երբ հանդիպեցինք, հարցրեց․«Վե՞ր շենից ես»։
Ասացի՝ շենից չեմ։
-Հայաստանցի ե՞ս,–հարցրեց։
Հարցը շատ անսովոր ու տարօրինակ թվաց։ Հիշեցի, որ մեր քաղաքում էլ «հայաստանցոց» հորջորջվող հին տներ կային։ Այն ժամանակ Հայաստանն Արևմտահայաստանն էր ընկալվում, այս դեպքում՝ իրական։ Նա միջահասակ, ջլուտ երիտասարդ էր, կենսուրախ ու բարի դիմագծերով՝ բնական ազնվական։ Շուտ մտերմացանք։ Մի կիրակի ինձ էլ շեն տարավ։ Պապենական տունը գյուղի ծայրին էր, դարավոր անտառի ոտներին։ Անտառափեշի վիթխարահասակ շագանակենիները խոնարհուն հովհարում էին զովասուն գյուղը, որը խաղաղ էր խանձարուրում նիրհող կուշտ մանկան պես։ Շենում ականջականչի հանգույն, անէացող ղողանջի թրթիռ էր թևում։ Պատրանք թվաց․ մտասևեռ ականջ դրի։
-Լսո՞ւմ ես մեր աղբյուրի քչքչոցը,- նկատելով բևռումս՝ ասաց ու շարունակեց,- նրա մասին քեզ չեմ պատմել, մեռելին վայ տամ, տեսնես՝ կապշես։
Թախանձեցի ցույց տալ։ Պարտադրված մեղրի, կաթնաշոռի և սերուցքի խառնուրդով լի փոքր պնակը ըմբոշխնելուց հետո ճամփա ընկանք։ Տեղ հասանք․այ քեզ հրա՜շք, զարմանահար քարացա, իսկը՝ բնական հուշարձան։ Ըմբշմարտի գորգասպարեզի չափով ու կլորությամբ հսկայական տաշտը քլքլթալով՝ կարծես եռում էր։ Սևանուն հորդ ու առատաբուխ աղբյուրը, գետակի փոխված, տխրահեղ փախչում էր մոտակա ձորակը։
․․․1992 թվականն էր։ Ջահելներով խմբված էինք մեր քաղաքի հրապարակներից մեկում՝ լրասպասումով լի։ Լսել էինք, որ միջանցքը ճեղքվել է։ Մեկ էլ, անսպասելի, վնասված խլացուցիչի հռնդոցով հրապարակ խուժած մեքենայից զինյալներ դուրս պրծան ու սկսեցին ավտոմատային կրակահերթեր արձակել խավարամած երկինք։ Մինչ խուճապուն ու հանկարծահար ուշքի կգայինք, նրանցից մեկը, մեր կողմ մղվելով, գոչեց․
–Տղեր՛ք, Վարդանանց տունը շտե՞ղ ա։
Նա ինձ էր փնտրում՝ խնդությամբ ու հանդիպման կարոտալի բաղձանքով։ Ձայնից ճանաչեցի ու անունը գոռալով առաջ մղվեցի։ Կանչիս ականջալուր ու ընդառաջ վազքս նկատելով՝ առաջ նետվեց ու պինդ փաթաթվեցինք՝ ապարդյուն փորձելով թաքցնել տարիների կարոտի արցունքները։ Չնայած նրանց երկօրյա անքնությանը, իմ ու իր ընկերախմբով խրախճանեցինք մինչ լուսաբաց։
Անցան տարիներ, իննսունականների կեսերն էին։ Ընկերակցեցի ավարառված ավտոմեքենա գնելու նպատակով Արցախի հարավ մեկնած ընկերոջս։ Հետդարձի ճանապարհն անցնում էր Արգամենց գյուղի միջով։ Անցնել ու չհանդիպել՝ չէի կարող։ Ամառային ջերմաշունչ երեկո էր։ Ծղրիդականչի թովիչ դյութանքը կախարդանքով ապարդյուն ճգնում էր տիրակալել միայնակ։ Ժխորի խորքում ունկերս որսացին տխրահեղ աղբյուրի տագնապուն հեծեծանքը։
–Էրմանի՜, հա՜, հա՜, հա՜․․․
Կանչիս ականջալուր՝ Արգամը բակ ելավ։ Կարծես աչքերին չհավատալով՝ քարացավ ու անունս կարկամելով արտաբերեց, ճչաց ու գիրկն առավ։ Տուն մտանք։ Օ՜, հրաշք․ հյուրասենյակի կենտրոնում հատակին փռված գորգի վրա դեմ-դիմաց նստած էին մեկ-երկու տարեկան երկու մանչուկներ, որոնք տագնապուն, սևուկ աչուկներով մեզ էին նայում։ Երկինքն Արգամին երկվորյակ էր պարգևել, բայց երկար չմնաց խաղաղ։ Ներսն էլ խաղաղ չէր․կինն էր վախճանվել․անմայր մեծացան երկվորյակները։
2020-ին որոտաց երկինքը և արշալույսներն արնաներկվեցին․նա նորից զենք առավ ու թիկնապահեց մարտնչող որդիներին։ Միջնաբերդ տանող ճանապարհին ընկած միայնակ շեները մարտնչեցին, բայց ընկան։
-Նզովողը նզովվի, նզովված է այս հողը,- հեծկլտալով պոռռաց Արգամը, երբ լսեց Դժոխաձորը արարող որդու զոհվելու լուրը։ Դառնաղի մխալով՝ երկա՜ր դեգերեց հերձարաններում ու․․․ գտա՜վ։ Որդու մեկը չկար, գյուղն ու տունը չկային, գերեզմանատուն չկար, ոչինչ չկար։ Մայրաքաղաքի զինվորական պանթեոնում որդուն ամփոփելուց ու արհավիրքից հետո ետ դարձած Արգամին տանտեր կարգեցին, բայց․․․
Մեծ հրդեհում մյուս որդու կիսածխացած խլյակի նույնականացումից հետո ամիսներ շարունակ չամփոփված մնաց։ Մաքառում էր պանթեոնում մյուս որդու մոտ հուղարկելու արտոնում ստանալ։
-Նզովվածներն առաջարկում են դիակիզել՝ նոր,- մղկտալով մրմնջաց ու թե՝
-Ես ինչպե՞ս այրված որդուս կրկին այրեմ, դե՛, ասա,-ասաց սևակնած ու սպառնագին։
Զարհուրանքից փշաքաղվեցի։ Օրեր հետո՝ մի տխուր առավոտ, աչքից հեռու, պանթեոնում ամփոփված եղբոր վրա, հանված տապանաքարի տակ, ամփոփեցին և մյուս եղբոր դին։ Մեկ-մեկ հայացքիս առաջ հառնում են անհոգ մանչուկների սևուկ աչուկներն ու թվում է՝ լսում եմ Սևանուն աղբրյուրի տխրահեղ մորմոքը․ ու կեղեքվում է հոգիս։
Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ