Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հավատալով խաղաղության կեղծ խոստումներին՝ հանձնեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը․ այս մասին պատմող ֆիլմը՝ հաղթող միջազգային մի քանի փառատոներում

Մայիս 17,2025 22:30

«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը, որի փաստահավաք-հեղինակը ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանն է, ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանը,  պրոդյուսերները ՝ Հարություն Հարությունյանն ու Արմեն Անդրեասյանն են, տևական ժամանակ է՝ միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների է արժանանում։

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապրիլին տեղի ունեցած Beyond Border միջազգային կինոփառատոնում հաղթել է «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը նաև մրցանակ է ստացել «Լավագույն մոնտաժ» անվանակարգում:

Իսկ մայիսի 15-ին Kollywood միջազգային կիոնփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում․ ճանաչվել է «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» և «Լավագույն թրեյլեր»։

Ֆիլմի ամերիկյան ցուցադրությունից հետո էլ պատվոգրեր են հանձնվել Կալիֆորնիայի նահանգային սենատի և Գլենդելի քաղաքապետարանի կողմից։

Իսկ օրերս փաստավավերագրական այս ֆիլմն անցել է Բրազիլիայում անցկացվող T.I.F.A միջազգային փառատոնի մրցույթային փուլ:

Բրազիլիայից մրցանակի սպասող փաստավավերագրական ֆիլմի փաստահավաք-հեղինակ Դերենիկ Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆիմը թարգմանված է թե՛ անգլերեն և թե՛ ռուսերեն լեզուներով, նպատակ կա նաև ռուսական կինոփառատոների մասնակցելու։ Ըստ հեղինակի, պրոդյուսեր Հարություն Հարությունյանը փորձում է բոլոր հնարավոր կինոփառատոներում մասնակցություն ունենալ։

 

Ֆիլմը ԱՄՆ-ի հայ համայնքի համար կազմակերպված ցուցադրությունից բացի ցուցադրվել է նաև Կանադայում։ Շնորհանդեսը տեղի է ունեցել մայրաքաղաքում, երեք անգամ էլ ցուցադրվել է Գյումրիում։ Մայիսի 28-ին դարձյալ ցուցադրություն տեղի կունենա Գյումրիում, սակայն սահմանափակ թվով հանդիսատեսի՝ մասնագետների մասնակցությամբ։

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմն արդարացրեց մեր բոլոր սպասելիքները․ թե՛ բովանդակային առումով և թե՛ ռեժիսուրայի տեսանկյունից այն ամենուր տպավորիչ արդյունքներ է ունենում։

Բացի այն, որ ֆիլմը մենք համարում ենք հիշողության դեղահաբ մեր հայրենակիցների համար, միջազգային հանրության առաջ փորձում ենք ներկայացնել հայոց պատմության փոքր դրվագը, որն այս փուլում շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են մեր հիշողությունը խմբագրել կամ ջնջել։ Մենք ֆիլմի միջոցով հակառակն ենք անում, փորձում ենք թարմացնել հիշողությունը»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։

Ֆիմլը նկարահանվել է Գյումրիում, Շիրակի մարզի սահմանային գոտում, որովհետև առանցքում Ալեքսանդրապոլում տեղի ունեցած իրադարձություններն են․ ներկայացված է Ալեքսանդրապոլի ու Կարսի գրավումը թուրքերի կողմից, իսկ որ ավելի ճիշտ է ասել՝ հանձնումը։ Ֆիլմում ներկայացվում է 1918 թվականի ապրիլից մինչև մայիս ընկած ժամանակահատվածը։

«Ֆիլմում մեկ ամսում տեղի ունեցած իրադարձություններն են, թե ինչպես հայ ժողովուրդը, հիմնականում հայկական էլիտան, հավատալով թուրքերի խոստումներին խաղաղության մասին, համաձայնեցին հանձնել պատմական Կարսը, հետո նաև Ալեքսանդրապոլը՝ ակնկալելով, որ խաղաղություն կլինի։ Ֆիլմն այդ մասին է, թե ինչպես մենք մեր միամտության, ինչպես նաև իրողությունը ճիշտ չգնահատելու պատճառով հայտնվեցինք շատ բարդ իրավիճակում։

Ֆիլմը դիտելուց հետո 99 տոկոսը զուգահեռներ է անցկացնում մեր իրականության հետ, թեև մեր իրականությունից մի տող անգամ չկա այնտեղ։ Ու շատերը նշում են, որ գրեթե ամբողջությամբ համընկնում է  մերօրյա իրադարձության, խոսույթի հետ։

Որպես օրինակ նշեմ, երբ թուրքերը գալիս են Կարսի մոտ, հայերը լավ զինված էին, լավ պաշտպանված Կարսի բերդում․ ունեին մթերք, ռազմամթերք, մի խոսքով բոլոր հնարավոր պայմանները կային թուրքերին դիմակայելու համար, բայց թուրքերն ասում էին՝ Կարսը տվեք, նահանջեք միչև Ալեքսանդրապոլ, մինչև Ախուրյանի ափ, մենք ձեր հետ խաղաղություն կկնքենք, բարիդրացիական հարաբերություններ կլինեն և այլն, և այլն։

Ֆիլմում ներկայացված է պատմության այն դրվագը, որ Կարսը թուրքերին հանձնելուց հետո նրանք գալիս, կանգնում են Ախուրյան գետի ափին՝ Առափի գյուղի վերևի հատվածում ու պահանջում են, որ Ալեքսանդրապոլն էլ հանձնեք։ Այսինքն՝ թուրքերի խոստացած խաղաղությունը չի լինում, ընդհակառակը՝ թուրքերի ագրեսիան տասնապատիկ անգամ մեծանում է, բնականաբար Ալեքսանդրապոլն էլ են հանձնում այդ ժամանակ, քանի որ Կարսը Հայաստանի պաշտպանական համակարգի կարևոր հանգույցներից էր,  և Կարսի անկումից հետո դոմինոյի էֆեկտով փլվելով՝ հասնում են մինչև Սարդարապատ։

Ալեքսանադրապոլի գավառն էլ են գրավում թուրքերը, իսկ այն շատ ավելի մեծ էր Շիրակի մարզից, հասնում էր մինչև Վանաձոր և Թալին, այդ ամբողջ հատվածը հանձնված էր։ Թուրքերը դա վերցնում են, սկսում են բռնություններ, կոտորած, թալան, բռնաբարություններ, ամբողջ գավառով մեկ՝ գյուղերով, Ալեքսանդրապոլ քաղաքով։

Այսինքն՝ ֆիլմում ցույց է տրված, թե ինչի կարող է հանգեցնել թուրքերի կեղծ խոստումներին հավատալը, իրավիճակը ճիշտ չգնահատելը,  սեփական ուժերին չհավատալը․ բովանդակային մասը դա է»,-ներկայացրեց հեղինակը։

Նա նշեց, որ ֆիլմում չկան կարծիքներ, ժամանակակիցների մեկնաբանություններ, փորձել են չմիջամտել, ֆիլմում ներկայացված են ականատեսների, իրադարձությունների մասնակիցների հուշերը, վկայություններն ու փաստաթղթերը։ Ֆիլմի արժանիքներից մեկն էլ հենց դա է։

«Մեր համար սկզբունքային էր այդպես ներկայացել ֆիլմը և ի պատիվ ռեժիսոր Մարիամ Եգորյանի՝ նա կարողացել է բոնադակությունն ամբողջովին էկրանավորել և շատ հետաքրքիր լուծումներով, արհեստական բանականության և մի շարք այլ հնարանքների օգտագործմամբ՝ ստանալ տպավորիչ ֆիլմը։

Մեր համար շատ կարևոր է, որ չլինենք մեկնաբանողը, այլ լինենք միջնորդը հուշագրությունների, վկայությունների, ականատեսների, որոնք եղել են այդ ժամանակահատվածում, որոշումներ են կայացրել, տեսել են իրենց աչքով։

Ֆիլմում կան զինվորականներ, պետական պաշտոնյաներ, հասարակ քաղաքացիներ, բժիշկներ, տարբեր խավերի ներկայացուցիչների հուշագրություններ են վերցված, ինչպես նաև փաստաթղթեր ու մամուլի հրապարակումներ, մենք առանց որևէ մեկանաբանության ու միջամտության ներկայացրել ենք։

Կան շատ թեթև մեկնաբանություններ՝ ուղղակի անցումներն ապահովելու համար, դա ֆիլմի 1-2 տոկոսն է, կազմում, մենք միջնորդ ենք հանդիսացելայն ժամանկվա ականատեսների ու ներկայիս հանրության՝ ժամանակակիցներիս համար, որպեսզի չասեն՝ աղճատեցիք, սխալ եք մեկնաբանել։

Ֆիլմի արժեքը նաև այն է, որ չկա մեկաբանություն ժամանակակիցների կողմից, շատ հեշտ է հետին թվով ինչ-որ բան վերլուծելը, մեկնաբանելն, ասելը, թե՝ եթե այսպես չանեիք, ուրիշ կերպ կլիներ, հեշտ է, որովհետև դու գիտես իրադարձությունների ընթացքը, շարքը։ Բայց այս դեպքում  այդ ականատեսը չի իմացել մեկ- երկու ժամ հետո ինչ է լինելու, ինքն ապրել է այդ ժամանակահատվածում, հենց այդ պահին ու ներկայացրել է իր մտորումները։

Պատահական չէ, որ այն «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգի է արժանացել, շատ մասնագետներ դիտելուց հետո նշում են, որ պետք է ընդգրկել կրթական հաստատություններում՝ որպես այդ ժամանակահատվածը ներկայացնող ֆիլմ-ձեռնարկ», -ասաց Դերենիկ Մալխասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031