Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, ԱՄն-ի, Իսրայելի, Ղազախստանի, Թունիսի ավելի քան 40 պատանիներ եւ աղջնակներ:
Aravot.am-ի հետ զրույցում պատվիրակությունների ներկայացուցիչները ջերմ արտահայտվեցին ընդունելության, մրցաշարի կազմակերպման մակարդակի, մրցելու համար «Արարատ» ակումբի անձնակազմի ստեղծած պայմանների մասին:
Թենիսի «Արարատ» ակումբի եւ այս մրցաշարի տնօրեն Էդուարդ Սանամյանն ասաց. «Ընդամենը մեկ օրվա ընդմիջումից հետո մեկնարկելու է նույն՝ «Թենիս Եվրոպայի» մինչեւ 12 տարեկանների երկրորդ մրցաշարը: Երեխաները մեծամասամբ մնալու են: Նույնիսկ ակնկալում ենք, որ մասնակիցների քանակը կավելանա»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպե՞ս հանդես եկան Հայաստանի պատանի թենիսիստները, Էդուարդ Սանամյանը պատասխանեց. «Ցավով եմ ասում, բայց մենք դեռեւս միջազգային մրցումներին ինտեգրվելու խնդիր ունենք: Եվ այն, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ջանքերով մեզանում սկսել են ավելի հաճախակի նմանատիպ մրցումներ անցկացվել, մեր երեխաներին փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է տալիս:
Մինչեւ 8, 10 տարեկան երեխաների խաղում բավականին դրական տեղաշարժ կա: Բայց 10 տարեկանից հետո միջազգային մրցաշարերի մասով ինտեգրացիայի խնդիր ունենք: Երեխաները շատ դեպքերում տարբեր պատճառներով չեն կարողանում մասնակցել եվրոպական ընտանիքի, միջազգային ֆեդերացիայի մրցաշարերին: Ուստի երբ նմանատիպ միջոցառումները կարողանում ենք Հայաստան բերել, մեր երեխաներին հնարավորություն է ընձեռվում պայքարելու տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ»:
Միջազգային այս մրցաշարը առիթ դարձավ, որ խոսք բացվի Հայաստանում թենիսի վիճակի մասին: «Ակնհայտ է, որ մասսայականության հարցով ունենք դրական տեղաշարժ: Երեխաների եւ նրանց ծնողների ակտիվություն կա: Այս օրերին բազմաթիվ մարդիկ, տեսնելով կորտերում ակտիվությունը, գալիս խնդրում էին, որ նայեն: Սա վկայում է, որ հետաքրքրվածություն կա թենիսի նկատմամբ: Ու զարմանում էին, որ Երեւանի կենտրոնում անցկացվում են այսպիսի մրցումներ։ Մարդիկ հետաքրքրվում են, թե արդյո՞ք հնարավոր է, որ իրենք այստեղ մարզվեն ու երեխաներին էլ բերեն»,-ասաց պարոն Սանամյանը:
Ցանկացած մարզաձեւի զարգացման համար առաջնային է նյութատեխնիկական բազայի առկայությունը: Հետեւաբար, հնարավոր չէր շրջանցել նաեւ Օղակաձեւ զբոսայգու կորտերը քանդելու եւ «Արարատ» ակումբը մայրաքաղաքի մեկ այլ վայր տեղափոխելու՝ քաղաքապետարանի մտադրությունը: «Այս կորտերը գոյություն ունեն դեռեւս 1950-ականների վերջերից: Այստեղ միջազգային մրցաշարեր, ԽՍՀՄ առաջնություններ են անցկացվել: Այս կորտերում խաղացել են համաշխարհային աստղեր, ինչպիսիք են խորհրդային տարիներից Ալեքսանդր Մետրեւելին, ներկայումս Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը, Ռոզա Պրուդկովան, որը եղել է մեր Սարգիս Սարգսյանի մարզիչը, ավելի ուշ՝ Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, որոնք Երեւանում մասնակցել են պատանեկան մրցաշարերին:
Մետրեւելին անցած տարի զանգահարել էր մեր հավաքականի գլխավոր մարզչին ու տարակուսանք հայտնել քաղաքապետարանի մտադրության մասին, Տարպիշչեւն է այցելել «Արարատ» ակումբ, հիշել, որ հենց այս կորտերում է դարձել ԽՍՀՄ չեմպիոն: Նամակներ ենք ստացել եւ միջազգային ֆեդերացիայից, Եվրոպայի ասոցիացիայից:
Ինչ վերաբերում է մեր կորտերի, ակումբի հետագա ճակատագրին, զրոյական տեղեկություններ ունենք: Դրանք սահմանափակվում են քաղաքապետարանի գործակարգավարական նիստերում արված հայտարարություններով: Վերջինում, որ հետեւել ենք, համայնքի ծրագրերի իրականացման գրասենյակին քաղաքապետը ցուցումներ էր տալիս, որ գործընթացը չի կարելի դանդաղեցնել, պետք է աշխատել այդ ուղղությամբ:
Թե ինչ է նշանակում գերակա շահ, պարզ տրամաբանություն ունեցող մարդն էլ կբացատրի: Այսինքն, քանդում ես հանրության համար նվազ կարեւորություն ունեցող մի բան, իսկ այս կորտերը միջազգային մրցաշարերի անցկացման համար միանգամայն պիտանի կորտեր են, տեղը սարքում ավելի կարեւորություն ունեցող բան: Իսկ թե ինչ են ուզում ստեղծել ակումբի տեղում, անկեղծ ասած, չեմ պատկերոցնում»,-ասաց Էդուարդ Սանամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ