Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավը բովանդակություն չէ, ցավը կոնտենտ չէ. «Հայացք Երևանից»

Մայիս 18,2025 11:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայացք Երևանից» – Այս օրերին, երբ հարյուրավոր փրկարարներ, իրենց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելով, փնտրում են փոքրիկ տղային, լրատվական դաշտում մոլեգնում է մի նոր համաճարակ, որը կոչվում է disaster influencing (աղետների ինֆլյուենսինգ)։ Ինչքան փնթի ու փթիր «բլոգեր» ու ինքնահռչակ «էքստրասենս» կա՝ իր պարտքն է համարում լացակումած դեմքով մի հոլովակ նկարել, հետո նորից անցնել իր առօրյային։

Մի աղջիկ ասում է, թե երեխային բերեք ինձ տվեք, ոչ մեկին չեմ ասի, մյուսը, թե՝ բա հարյուրներով նամակներ եմ ստանում, ցավոք, դեռ նորություն չունեմ։ Կարծես թե իրենք փրկարար ծառայության պետն են կամ իրավասու մարմին։ Մյուսը թե՝ բա երեխայի էներգիան զգում եմ, այսինչ տեղում է, եւ հազար ու մի ցնդաբանություններ, որոնք բոլորը մեկ նպատակի են ծառայում՝ դիտումներ, լայքեր, երբեմն նույնիսկ՝ մոնետիզացում։ Այլ կերպ ասած՝ շոու եւ ոչինչ ավելին։

Պակաս զարմանալի, նույնիսկ զազրելի չէ այն հանգամանքը, որ նմանատիպ աղբը, փաստորեն, մեծ պահանջարկ ունի մեր հասարակության շրջանում։ Որքան էլ հասկանալի լինի թեմայի վերաբերյալ հասարակության հուզական վիճակը, պետք է հասկանալ, որ դու, որպես այդօրինակ աղբի դիտող կամ տարածող, նույնպես կրում ես անձնական պատասխանատվություն։

Քո մի լայքը, քո մի share-ը խրախուսում է նոր շոուների գեներացմանը։ Իսկ այդ շոուների հետեւում հաճախ քանդվում է քննության ընթացքը, ցավալիորեն շահարկվում է ընտանիքի վիշտը, ոտնահարվում երեխայի եւ նրա հարազատների, մերձավորների արժանապատվությունը։

Պետք է պետական մակարդակով արգելվեն նմանատիպ դեպքերում ամեն հին ու նոր «բլոգերների» հրապարակային եթերները, ոչինչ չասող, ոչինչ չտվող զառանցանքները։ Վերջապես պետք է գիտակցենք, որ եթերն ու բարձրախոսը, առաջին հերթին, պատասխանատվություն են, ոչ թե ինքնահաստատման միջոց։

Ցավը բովանդակություն չէ, ցավը կոնտենտ չէ։

Ողբերգությունը գովազդի տեղ չէ։

Միեւնույն ժամանակ խորին խոնարհում հարյուրավոր փրկարարներին, ոստիկաններին, կամավորներին, դրոններով օգնության հասած գործընկերներիս ու իրապես սրտացավ քաղաքացիներին, ովքեր աշխատում են իրենց մասնագիտական ու մարդկային պարտքից դրդված։ Մի հատ գովազդ կամ շոու չտեսանք այդ մարդկանցից։

Էդգար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031