Մայիսի 18. Հայոց պատմության մեջ այդ օրը միշտ է հիշվելու: 33 տարի առաջ՝ 1992-ի մայիսի 18-ին, Շուշիի ազատագրումից 10, Բերդաձորի ազատագրումից 1 օր անց, Հայոց հաղթական զինված ջոկատները 2 կողմից մտան Լաչին քաղաք ու Աղավնո գյուղ: Այսպիսով ցամաքային ճանապարհով Արցախը միավորվեց Սյունիքին՝ բացվեց Կյանքի ճանապարհը՝ միջազգայնորեն՝ Լաչինի մարդասիրական միջանցքը: Իսկ մեր ազգի համար դա փառավոր օր էր՝ կատարվեց 1988-ի մեր կանչը՝ ՄԻԱՑՈՒՄԸ:
1994-ի սկզբներին Լաչինն արդեն Բերձոր էր՝ Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն: Վերստին հայացավ մեր հայրենիքը: Տարիներ շարունակ այս օրը մեծ շուքով էինք նշում Բերձորում: Քաղաքի կենտրոնական շրջադարձը, որ կոչել էինք Խաղաղության հրապարակ, լցվում էր տոնական տրամադրությամբ: Այստեղ էին Արցախի բարձրաստիճան անձինք, հաճախ՝ Նախագահն ու Վարչապետը, Ազգային Ժողովի նախագահը, պատգամավորներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ողջ անձնակազմը, համայնքների ղեկավարներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Գալիս էին Երևանից, Սյունիքից, վայոց Ձորից, այլ մարզերից՝ պաշտոնատար անձինք ու մշակութային խմբեր, անհատ կատարողներ, ՀՀ ԵԿՄ տարածքային բաժանմունքների, այլ մարտական ջոկատների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, Սփյուռքից:
Կարդացեք նաև
Այսպիսի տեսարան էր Խաղաղության հրապարակում, որտեղ սկզբում կայանում էր դիմավորման արարողությունը: Հրապարակի հարևանությամբ՝ հարավային կողմում, ոչ բարձր բլրի վրա էր Արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիներին նվիրված հուշահամալիրը՝ 3 խոնարհված պատերով, որոնց վրա փորագրված էին 300-ից ավելի Անմահ հերոսի անունները, ովքեր նահատակվել են Քաշաթաղի ազատագրական ու պաշտպանական մարտերում: Հուշահամալիրում կանգուն էին նաև հուշակոթողներ՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հատուկ գնդի Անմահ հերոսներին՝ իրենց անուններով, Շուշիի ազատագրման համար ընկածներին ու այլ ջոկատների, անհատների: Խաղաղության հրապարակից աստիճանավանդակը բարձրանում էր հուշահամալիր:
Մուտքի մոտ տոնական հագուստով դպրոցականները ծաղիկներ էին հատկացնում վեր բարձրացողներին: Տեղի էր ունենում ծաղիկների խոնարհում խոնարհված պատերի ու հուշակոթողների մոտ: Այնուհետև սկսվում էր հանդիսավոր մասը՝ ՀՀ և Արցախի Օրհներգերով, տարբեր անձանց ելույթներով: Միջոցառումը շարունակվում էր պարգևների հանձնումով, ապա՝ քաշաթաղցի դպրոցականների մշակութային ելույթներով: Երբեմն կազմակերպվում էին նաև մարզական, ինտելեկտուալ մրցույթներ, այլ միջոցառումներ: Տոնական օրը շարունակվում էր Քաշաթաղի երկրագիտական թանգարանում՝ նշելով նաև Թանգարանների միջազգային օրը: Այցը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի պարտադիր էր: Երբեմն մոմավառությունից ու խնկարկումից, Հայր Աթանասի՝ Տերունական աղոթքից ու օրհնանքի խոսքից հետո հենց եկեղեցու բակում էին տեղի ունենում մշակութային միջոցառումները, պարգևների հանձնումը:
Լինում էր նաև տոնական խնջույք: Օրը եզրափակվում էր Քաղաքի հյուսիսային շրջադարձ-հրապարակում, որը կրում էր Վեհափառի անունը: Արդեն մթնշաղին ելույթ էին ունենում ՀՀ և Արցախի տարբեր վայրերից ժամանած մշակութային խմբերը, անհատ կատարողները, ճանաչված երգիչներ՝ երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանը՝ Մակիչը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն և այլք: Երեկոյան ժամը 22-ին լինում էր հրավառություն: Այսպես, մինչև 2020 թվականը: Կորոնավիրուսի պատճառով 2020-ին տոնակատաևրություն չկայացավ: Փոքր խմբով ծաղիկներ խոնարհեցինք խոնարհված պատերի մոտ: 2020թ. սոեպտեմբերին սկսված պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում:
Նույն պատերազմում Քաշաթաղի շրջանից մոտ 80 քաջորդի զոհվեց, կան անհայտ կորածներ: Ճիշտ է՝ պատերազմի 44 օրերի ընթացքում թշնամուն չհաջողվեց տիրանալ Քաշաթաղի հյուսիսային մասին, Քարվաճառին, բայց դրանք հանձնվեցին թշնամուն: Բերձորում ու Աղավնոյում կյանքը շարունակվեց մինչև 2023թ. սեպտեմբեր: Այսօր միայն կարոտը, հուշերն ու լուսանկարներն են պատմում 33 տարի առաջ իրականացված հերոսական էջի մասին: Ամեն դեպքում հավատում եմ՝ կրկին Խաղաղության հրապարակում հայ զինվորի շքերթ լինելու է, ինչպես լինում էին ամեն տարվա մայիսի 18-ին:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ