«Չեմ կարծում, թե այդպես ոտքի վրա, իմիջիայլոց ընդհանուր սրահում լուրջ հարցեր են քննարկվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Նա չի կարծում, որ Տիրանայում ինչ-որ լուրջ քննարկումներ են եղել լուրջ հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուրճի սեղանի շուրջ զրուցել էին։
Մեր հարցին՝ արդյոք ճի՞շտ մոտեցում է իրավիճակային, վարքագծային հանգամանքների վրա հիմնվելով՝ կատարել վերլուծություններ, քանի որ շատերը նկատեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տիրանայում պահվածքը վկայում էր այն մասին, որ նա «զիջողի, պարտվողի և հպատակի» դիրքերից էր հանդես գալիս և դիտարկմանը՝ արդյոք սրա պատճառն ա՞յն չէ, որ այդ հանդիպման մասին կա տեղեկատվության պակաս, Արմեն Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Իհարկե, իշխանությունները երևի պիտի ավելի բաց ներկայացնեին, թե իրականում ինչ է խոսվել։ Բայց, էլի եմ ասում, չեմ կարծում, թե բովանդակային ինչ-որ լուրջ բան է այնտեղ տեղի ունեցել։ Այո, զուտ վիզուալ առումով ՀՀ ղեկավարի պահվածքը արժանապատիվ չէր, բայց չեմ կարծում, թե դրանից պետք է հեռուն գնացող եզրակացություններ անել»։
Կարդացեք նաև
Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ այս ձևաչափի հանդիպումներին առանձնապես նշանակություն չեք տալի՞ս՝ բանակցային հարցեր քննարկելու, իրարից երաշխիքներ կամ համաձայնություններ ստանալու հետ կապված, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իրականում լուրջ հարցերը, լուրջ որոշումներն ընդունվում են այլ ձևաչափի հանդիումներում և այլ խողովակներով ու մեխանիզմներով»։
Հետևաբար հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը, որ նման ձևաչափեր մենք չենք տեսնում, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը որևէ տեղ չի շտապում, ձգձգում է իրավիճակը, փորձում հասկանալ, թե ինչպիսին կլինի միջազգային ուժային բևեռների վերաբերմունքը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Նրանք պաուզան ձգում են, որովհետև դեռևս նրանց մոտ հստակություն չկա, թե իրենք ՀՀ-ի նկատմամբ իրենց պահանջներն ինչպես պետք է իրականացնեն՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելո՞ւ, թե՝ չստորագրելու և նոր էսկալյացիա հրահրելու միջոցով»։
Հղում կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությանը՝ նշեցինք՝ ամրագրված էր, որ «Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության» և հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ, Արմեն Բաղդասարյանն արձագանքեց․ «Կարծում եմ դա հերթապահ հայտարարություն էր։ Հայ-ադրբեջանական բանակցությունների արագացումը կամ դանդաղումը կախված է ոչ թե եվրոպական, այլ առաջին հերթին ԱՄՆ-ի դիրքորոշումից։ Իսկ ԱՄՆ-ն իմ տպավորությամբ՝ դա պայմանավորում է Իրանի հետ բանակցություններով»։ Արմեն Բաղդասարյանն այս հարցում լավատեսական հիմքեր չի տեսնում․ «Եթե Իրանի նկատմամբ վերաբերմունքը շատ կոշտ չլինի, այսինքն՝ ԱՄՆ-ն և Իրանը կարողանան համաձայնություն ձեռք բերել, այդ դեպքում կարծում եմ, որ գոնե Սյունիքի իմաստով Ադրբեջանի հավակնությունները տևական ժամանակով կզսպվեն»։
Հետաքրքրվեցինք՝ Տիրանայում Փաշինյան-Էրդողան զրույցի ֆոնին ի՞նչ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների առումով, քաղաքական մեկնաբանը պատասխանեց․ «Այդ հարցն արդեն ավելի շատ գտնվում է ոչ միայն թուրք-ամերիկյան, այլև թուրք-ռուսական տիրույթում։ Դա կախված է նրանից, թե ինչպես Հարավային Կովկասում կկիսեն իրենց ազդեցությունը Ռուսաստանն ու Թուրքիան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ