Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգալույծ վարդապետ. Հայր Զավենի առողջական խնդիրը՝ որպես վտարման մեղադրանք (ֆոտոշարք)

Մայիս 18,2025 20:15

Երկու օր առաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը  պաշտոնապես տեղեկացրեց,  որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգեւոր հովիվ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը։ Չնայած առաջին անգամ չէի նման տեղեկատվության հանդիպում, բայց որ կարգալույծ կանեին Հայր Զավենին, պատկերացնել չէի կարող։

Ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանը պայքար սկսեց Սյունյաց թեմի ամենաերիտասարդ Առաջնորդական տեղապահի դեմ

2009 թվականին Սյունյաց  ու Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ է նշանակվում Տ․ Զավեն աբեղա Յազիչյանը։ Մեկ տարի անց, երբ կոնդակով Վայոց ձորի թեմն առանձնացվում է Սյունյաց թեմից, Տ․ Զավեն Յազիչյանը նշանակվում է Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահ։ 29-ամյա հոգեւորականին տեղապահ նշանակելը զարմացրեց սյունեցիներին։ Ինչպե՞ս է կարողանալու թեմը առաջնորդել այդ տարիքում, ի՞նչ է լինելու պատմական Սյունիքի եկեղեցիների ու տաճարների ճակատագիրը։ Այդ տարիներին ես աշխատում էի մարզային «Սոսի» հեռուսաընկերությունում եւ որոշեցինք հերթական հաղորդմանն որպես հյուր հրավիրել Հայր Զավեն Յազիչյանին՝ ստանալու բոլոր հարցերի պատասխանները։ Հաղորդումն ուղիղ եթերի ձեւաչափով էր՝ հարցեր տալու իրավոնք ունեին նաեւ հեռուստադիտողները։ Բնականաբար, տեխնիկական մասն «ընդվզեց», որ հաղորդումը չի ստացվելու, ոչ մեկը չի զանգելու՝ առաջարկելով հարցազրույցը տեսագրել ու եթեր տալ։ Ստեղծագործական կազմի որոշումն անփոփոխ էր եւ նախատեսված 55 րոպեի փոխարեն ուղիղ եթերը տեւեց 2,5 ժամ (այդ տարիներին եթերաժամի խնդիր չկար-ԱԴ

Հայր Զավեն Յազիչյանի դեմ այդ ժամանակ պայքար սկսեց  մարզային իշխանությունը: Ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով հեռուստադիտողի այն հարցին, որ արդյո՞ք ժամանակը չի   Սյունյաց թեմի վարչակենտրոնը Գորիսից տեղափոխել Կապան, թեմի տեղապահը հայտարարեց, որ կարելի է մտածել ու քննարկել։ Սա, Սյունիքի այն ժամանակվա մարզպետ, գորիսեցի Սուրիկ Խաչատրյանի սրտով չէր, որն էլ  փորձեց այնպես անել, որ Սյունյաց թեմի տեղապահը փոխվի։ «Ինչպես այն ժամանակ, հիմա էլ եմ նույնն  ասում՝ արտառոց ոչինչ չկար։ Ես իմ հոգեւոր ծառայություն էի մատուցում, ինքն էլ մարզն էր ղեկավարում։ Աշխատանքում ամեն ինչ կպատահի։ Արձանագրենք միայն այն, որ ես Սյունյաց թեմից տեղափոխվեցի 2012թ.-ին»,-Aravоt.am-ի հետ զրույցում նշեց արդեն կարգալույծ արված Հայր Զավեն Յազիչյանը։

Ինչո՞ւ է ինքնակամ լքել հոգեւոր ծառայության վայրը

Մայր Աթոռի հաղորդագրության համաձայն, Զավեն վարդապետ Յազիչյանը կարգալույծ է արվել հոգեւոր ծառայության վայրը ինքնակամ լքելու համար։ Հայրապետական տնօրինության համար հիմք են ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի դիմումը եւ Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը։

Զավեն վարդապետ Յազիչյանը կարգալույծ լինելու մասին որոշմանը տեղեկացել է ընկերոջ զանգից։ «Քնած էի, անընդհատ զանգեց՝ արթնացրեց ու հարցրեց՝ ի՞նչ է պատահել։ Անկեղծ՝ զարմացա, քանի որ ես նախ ինքնակամ չեմ լքել Վրաստանը, հետո էլ՝  բոլորը գիտեն, որ ես 2024թ-ի ապրիլից  արտերկրում եմ, բուժման նպատակով»,-նշեց կարգալույծ քահանան։

Զավեն վարդապետ Յազիչյանը տեղյակ չի եղել, որ կարգապահական հանձնաժողովը որեւէ քննարկում է կազմակերպել իր պահով, ավելին՝ վերջնական եզրակացություն կա արդեն։ Անգամ թեմի առաջնորդ Կիրակոս Սրբազանը նրան տեղյակ չի պահել այդ մասին։ «Կարծում եմ՝ պիտի տեղեկացնեին ինձ, լսեին իմ պարզաբանումը, չէ՞ որ գաղտնի ոչ մի բան չի եղել, կա փաստաթղթաշրջանառություն, դիմումներ, բժշկական փաստաթղթեր, բժշկական ախտորոշումներ ու եզրահանգումներ»,-նշեց մեր զրուցակիցը։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 2019 թ.ապրիլի 15-ին «հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր սպասավորի պարտականություններից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում»։

Գարեգին Բ-ի հրավերով Հայր Զավենը 2022 թ.-ի հունվարին շտապ հրավիրվում է Մայր Աթոռ։ Վրաստանից գալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվում ու երկարատեւ ստացիոնար բուժում ստանում։ Դեռեւս լրիվ չապաքինված՝ Կաթողիկոսը Յազիչյանին որոշում է ուղարկել Արցախ՝ Դադիվանքում հոգեւոր ծառայության։ «Հրաժարվեցի՝ նախ առողջական խնդիրների պատճառով, հետո էլ անվտանգային։ Ոչ թե ռազմական դրությունից էի խուսափում, այլ որ ծառայել եմ Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանում, ապրում էի Կարմիր գյուղում, բայց  հարեւան բոլոր գյուղերի մեծամասնությունը ադրբեջանցիներն էին։ Թերեւս՝ արդեն հասկանալի է, թե ինչու հրաժարվեցի Դադիվանք գնալ»,-ասաց նախկին  հոգեւորականը։

Նա շարունակում է բուժվել, անգամ Կաթողիկոսի հորդորով վերջինիս բժշկների մոտ է գնում հետազոտման։ Վեհափառի վստահելի բժշկներն անձամբ են զեկուցում նրան՝ Զավեն Յազիչյանի առողջական վիճակի մասին՝ պնդելով, որ վերջինիս «առողջական վիճակն անհրաժեշտություն ունի շարունակական մասնագիտական վերահսկողության»։

«Չէի էլ կարող Վիրահայոց թեմ վերադառնալ՝ մշտական բնակության ու ծառայության նպատակով։ Բայց, ընդառաջելով Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս Դավթյանի խնդրանքին, 2022 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր՝  վերադարձել եմ Վրաստան եւ այդ ընթացքում բնակվել եմ Թբիլիսիի առաջնորդարանի հյուրատանը։ Ընդգծում եմ՝ այդ ամիսներին եւս ես չեմ գտնվել իմ մշտական ծառայության վայրում»,-ասում է Հայր Զավենը՝ նշելով, որ սա թաքուն չի արվել, բոլորը տեղյակ էին։

Առողջական վիճակը վատթարանալու պատճառով Զավեն Յազիչյանը դիմում է Վիրահայոց թեմի առաջնորդին՝ իր հաշվին արձակուրդ վերցնելու, բուժումը Երեւանում շարունակելու համար։ Հետո հերթական վճարովի արձակուրդն է վերցնում ու այդպես շարունակ՝ ստանում բուժման կուրս։ «Ես նաեւ ոգեշնչվել եմ մեր օրինակելի առաջնորդի՝ Պարգեւ Արքեպիսկոպոսի օրինակով, միայն տարբերությունն այն է, որ ես չեմ մեկնել ԱՄՆ՝ սպասելով «Green Card»-ի կամ որեւէ արտոնության բուժվելու կամ վիրահատվելու համար, այլ բացառապես իմ ուժերով եւ ծախսերով շարունակում եմ բուժման ընթացքն արտերկրում։ Եվ այս պարագայում հայտարարում են, թե ինքնակամ լքել եմ հոգեւոր ծառայության վայրը»,-նշեց Հայր Զավենը։ Վերջինս խոր ակնածանք ունի Պարգեւ Սրբազանի նկատմամբ, բայց նրա դիտարկմամբ՝ պիտի կարգալույծ անեին հոգեւորականի բարձր դաս ունեցող եպիսկոպոսին, որպեսզի ցածր դաս  ունեցող հոգեւորականներն  օրինակ չվերցնեին։ «Կամ Բագրատ Սրբազանը, որի կարգավիճակը «սառեցվել» է` Սրբազան պայքարի համար։ Արդյունքում մի քանի անմեղ հավատացյալի հոգեւոր հաշմանդամ դարձրեց։ Գուցե իմ կարգավիճակն էլ «սառեցնեին, ես էլ մի շարժում սկսեի»,-֊ ասաց մեր զրուցակիցը։  20 տարի հոգեւոր ծառայություն մատուցելուց հետո կարգալույծ արված 44-ամյա Հայր Զավեն եպիսկոպոս Յազիչյանն այսուհետ կոչվելու է ավազանի անունով՝ Սարգիս Յազիչյան։

Հ. ԳՓորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանից՝ արդյո՞ք Մայր Աթոռը տեղյակ էր, որ Հայր Զավեն եպիսկոպոս Յազիչյանը գտնվում էր բուժման մեջ։ «Պաշտոնական հաղորդագրության մեջ ամեն ինչ ասված է»,-պատասխանեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Լուսանկարները տրամադրել է Հայր Զավեն Յազիչյանը

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031