Մեղվաբուծության հնագույն կենտրոններից մեկը հանդիսացող Հայաստանում գյուղատնտեսության այս ճյուղի հանդեպ հետաքրքրությունը երբևէ չի մարել, ավելին՝ ժամանակների փոփոխվող ռիթմին զուգընթաց՝ ամեն ինչ արվել է մեղվաբուծության տեխնոլոգիաների արդիականացման ուղղությամբ։ Հիմա էլ նույն միտումը կա, ընդ որում՝ մեղվաբուծությունը հավասարապես հետաքրքրում է թե՛ գյուղաբնակներին, թե՛ քաղաքաբնակներին՝ դիտարկվելով որպես ոչ միայն շահույթի աղբյուր, այլև որպես գրավիչ զբաղմունք։ Քանի որ ցանկացած բնագավառ նախքան շահույթ ապահովելը պահանջում է նաև ներդրումներ, շատերի համար բարդացել էր մեղվաբուծությամբ շարունակաբար զբաղվելը։ «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հիմնադրումը այդ առումով յուրատեսակ փրկօղակ էր՝ մասնագիտական գիտելիքից մինչև մեղվաընտանիքների ու փեթակների ձեռք բերում։ Մեկնարկած ու մեկնարկելիք ծրագրերի, խնդիրների ու ձեռքբերումների մասին զրուցել ենք «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանի հետ։
-Ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց մեղվաբուծության գիտակրթական կենտրոն հիմնելու գաղափարը։
-44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո նորովի գիտակցեցի, թե ինձ համար որքան կարևոր է մեղվաբուծությունը, որի միջոցով կարող եմ ոչ միայն իմ սիրելի գործով զբաղվել, այլև մյուսներին էլ օգտակար լինել։ «Մեղվաբուծության դարբնոց» կենտրոնի հիմնադրման մասին հայտարարեցինք խորհրդանշական օր՝ 2021-ի սեպտեմբերի 27-ին։ Աշխատանքը սկսեցինք կրթական մոդուլներից, որովհետև հավաք-քննարկումների արդյունքում հասկացանք, որ մեղվաբույծների՝ միևնույն թեմային առնչվող տեսակետներն ու գործնական մոտեցումներն այնքան տարբեր են, որ միասնական նախագծեր ձեռնարկելու դեպքում անխուսափելիորեն բախվելու ենք խոչընդոտների։ Անհրաժեշտություն կար նույն ռելսերի վրա դնել մեր ծրագրած ողջ գործընթացը։ Քանի որ, ինչը կփաստի յուրաքանչյուր հոգեբան, անվճար ներգրավվածության դեպքում պատասխանատվության չափը փոքր է լինում, մեր կազմակերպած դասընթացների մասնակիցների համար սահմանեցինք խորհրդանշական վճար, որպեսզի իրենց հոգեբանորեն պարտավորված զգան՝ չբացակայելու և գործը թերի գիտելիքով չշարունակելու։ Իհարկե, մեր կրթական մոդուլները վիրավորում ստացած զինվորների և զոհված զինծառայողների ընտանիքների համար բացառապես անվճար են, անվճար են նաև Արցախից տեղահանվածների և 16-18 տարեկանների համար։ Ի դեպ, «Պատանի մեղվաբույծ» նախագիծն առանձնակի կարևորում ենք, քանի որ նոր սերունդն է մեր գործի շարունակողը։ Կենտրոնի եռամսյա դասընթացն ավարտած և ոչ ֆորմալ կրթության մակարդակով մեղվաբույծի որակավորում ստացած անձինք այնուհետև հնարավորություն են ստանում ընդգրկվելու մեր փակ ակումբում, և մենք շարունակում ենք ամեն հարցում օժանդակել նրանց՝ հետևելով մեր «Մեղվաբույծը պետք է իրեն պաշտպանված զգա» նշանաբանին։
-Դասընթացներից բացի՝ ի՞նչ նախագծեր եք իրականացնում գիտակրթական կենտրոնում։
-Կենտրոնում գործող ակումբի անդամների համար իրականացնում ենք մի քանի հետաքրքիր նախագծեր, որոնցից մեկը, օրինակ, անասնաբուժական ինսպեկցիոն մեղվաբուծական ծառայություն ապահովող թիմի վերապատրաստումն է։ Յուրաքանչյուրը, ով ցանկանում է միանալ այդ թիմին և ավելի մասնագիտանալ, անցնում է վերապատրաստում, արդեն ինքն է կրթում ու գործնականում օգնում սկսնակներին, ինչպես նաև՝ մարզերում մատուցում մասնագիտացված ինսպեկցիոն ծառայություն։
Նշեմ, որ ակումբի՝ Հայաստանի շուրջ 90 բնակավայրեր ներկայացնող անդամների թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Համագործակցում ենք մասնագիտացված տարբեր կառույցների, լաբորատորիաների, միջազգային կազմակերպությունների, պետական սեկտորի հետ։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ մեր համատեղ ծրագրի շրջանակներում, համաֆինանսավորման սկզբունքով, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում կառուցում ենք արտադրական արդի տեխնոլոգիաներով հագեցված մեղվաբուծական մեծ կենտրոն՝ լաբորատորիայով, մեղուների առուվաճառքի, մեղվամայրերի բուծման, կրթական և այլ հնարավորություններով։ Այս կառույցը կդառնա մի վայր, որտեղ կկենտրոնացնենք մեր ամբողջ գործունեությունը։ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ամեն տարի, մայիսի 20-ին հաջորդող շաբաթ և կիրակի օրերին, անցկացնում ենք համահայկական մեղվաբուծական ֆորում, որն արդյունավետ բանավեճերի, հարցուպատասխանի դաշտ է հանդիսանում բոլոր մասնակիցների համար։
ՆԳՆ փրկարար ծառայության հետ համատեղ ունենք 911 ծրագիր շենքերում բույն դրած մեղվազգի միջատներին բնակիչների ահազանգերի դեպքում մեկուսացնելու և անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ։ Մեր մեկ այլ՝ մեղվակայանների ծրագրի շրջանակներում ակումբի մեղվաբույծներին հնարավորություն ենք տալիս իրենց մեղվանոցները տեղակայելու այգեշատ ու տեսահսկվող վայրերում, որոնց սեփականատերերի հետ փոխշահավետ պայմանագիր ենք կնքում։ Այս դեպքում բավականին նվազում է նաև մեղուների թունավորումների վտանգը․ օրինակ՝ Արարատյան դաշտավայրում մեղվապահները շատ են տուժում այգետերերի օգտագործած թունաքիմիկատների ազդեցությունից, դրա հետևանքով մեղուների անկումների բարձր տոկոս ենք արձանագրում։ Մեր մյուս ծրագրերի թվում նշեմ մանկապարտեզների, քոլեջների, դպրոցների սաների հետ կրթական միջոցառումները մեղվաբուծության թեմայով, ինչպես նաև ամենակարևոր միջոցառումը՝ «Մեղրատոնը», որն անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին։ Բացառություն էր միայն 2023-ը, քանի որ Արցախում սկսված պատերազմի ու հաջորդող տեղահանության պայմաններում սխալ կլիներ միջոցառում անցկացնելը, և մենք դադարեցինք աշխատանքը։ Անցած տարի մեղրի և մեղրամթերքների ցուցահանդես-վաճառքն անցկացվեց սեպտեմբերի վերջին օրերին․ 38 տաղավարի գրանցում ունեինք, մասնակցում էին ոչ միայն մեր կազմակերպությանն անդամակցողները, այլև բոլոր ցանկացողները, և արդյունքը, իրոք, գոհացուցիչ էր։
-Կրթական և օժանդակող այլ ծրագրերից բացի՝ կենտրոնը նաև գործնական օգնություն է ցուցաբերում հանրապետության մարզերի բնակիչներին, ովքեր հետաքրքրված են մեղվաբուծությամբ․ փեթակներ ու մեղվաընտանիքներ եք տրամադրում, հսկում դրանց խնամքի ընթացքը։ Սա և՞ս որոշակի ծրագրի շրջանակներում է։
-Այո, և սա շարունակական ծրագիր է, որն իրականացնում ենք «Քաղցր ապագա» նախաձեռնության հետ միասին։ Նրանք շուկայում ուսումնասիրություններ էին արել և առաջարկեցին ծանոթանալ արդյունքներին ու մեր ակումբի անդամներից ընտրել այն շահառուներին, ովքեր կընդգրկվեն ծրագրում։ Մենք ակումբի ներսում մրցույթ հայտարարեցինք և դասընթացն ավարտած անձանց ներգրավեցինք աշխատանքներում։ Որպես գործընկեր՝ նրանք Հայաստանի տարբեր մարզերից ընտրված շահառուներին, որոնց թվում կան նաև արցախցիներ, ապահովեցին այն ամենով, ինչն անհրաժեշտ էր մեղվապահության համար։ Այս համատեղ ծրագիրը համարում եմ ամենահաջողվածներից մեկը, շահառուների ոգևորությունը ևս դրա ապացույցն է։ Հաջորդ տարի նախատեսվում է նույն սկզբունքով շարունակել փեթակների, այլ պարագաների ու մեղվաընտանիքների տրամադրումը։
-Հանրապետության մարզերում մեծ թիվ են կազմում Արցախից տեղահանված ընտանիքները։ Նրանց համար առանձին ծրագիր իրականացվո՞ւմ է։
-Ոչ առանձին ծրագրի տեսքով, բայց անպայման արտոնյալ պայմաններով՝ որպես խոցելի խումբ, որը յուրաքանչյուրիս օգնության ու աջակցության կարիքն ունի։ Արցախում միշտ էլ եղել է հարուստ ավանդույթներով մեղվաբուծություն, և հիմա Հայաստանում բնակություն հաստատած արցախցիներից շատերն են միանում մեզ․ մեր նախորդ կրթաշրջաններից մեկում, օրինակ, ավելի քան 60 դիմորդներից 40-45-ն արցախցիներ էին։ Նրանք ակտիվ մասնակցում են մեր դասընթացներին, օժանդակող ծրագրերին և միջոցառումներին։
-Մեղրամթերքների և մեղվափաթեթների արդյունավետ իրացման ու նաև արտահանման ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են։
-Եղել է նախաձեռնություն՝ բարեփոխելու մեղվի առուվաճառքի մշակույթը, քանի որ հիմա ամբողջ աշխարհում այդ առուվաճառքն իրականացվում է մեղվափաթեթների միջոցով, ինչը շատ արդյունավետ է թե՛ լոգիստիկ, թե՛ արդյունաբերական, թե՛ անվտանգային և այլ առումներով։ Մեր երկրում մեղուների առուվաճառքը կատարվում էր ընդամենը փեթակների միջոցով, իսկ դա նպատակահարմար չէ․ փեթակների տեղափոխելիությունը նախատեսված չէ շատ հեռու տարածությունների համար, քանի որ արևից տաքանալուն պես դրանք այլևս տեղափոխելի չեն։ Մինչդեռ մեղվափաթեթների պարագայում, հատկապես, երբ խոսքն արտահանմանն է վերաբերում, հնարավոր է հարյուր հազարավոր կիլոմետր հեռավորությամբ տեղափոխումներ իրականացնել։ Հետևաբար՝ ի հայտ են գալիս լուրջ հնարավորություններ՝ ներքին շուկան ծածկելու և արտաքին շուկա մուտք գործելու։ Մենք 2024-ին հաջողությամբ կազմակերպել ենք ավելի քան 800 մեղվափաթեթի վաճառքը, և այս փոխգործակցության արդյունքում և՛ գնորդն է գոհ, քանի որ խնամված, առողջ մեղուներն անվտանգ հասցվում են իր տարածք ու տեղավորվում փեթակներում, և՛ վաճառողը, որովհետև, որպես միջնորդ ու կազմակերպիչ, մեծ քանակությամբ մեղուներ ենք ձեռք բերում իրենից։ Ներքին շուկայում մեղվափաթեթի առուվաճառքով զբաղվում է առայժմ միայն մեր կազմակերպությունը, իսկ արտահանման ուղղությամբ դեռ շատ ջանք պիտի ներդնենք։ Մենք այս դաշտում մեծ ներուժ ունենք, պարզապես պետք է սկսենք նպատակային գործել։ Ավանդական մեթոդներն ու գործելակերպը, որոնց հիմքի վրա ձևավորվել է հայկական մեղվաբուծությունը, իհարկե, ուսանելի են, բայց աշխարհն արագ է փոխվում, ոլորտներն ամենուր արդիականացվում են, և եթե չգործենք նոր իրողություններին համահունչ, կկորցնենք տասնյակ հնարավորություններ այն շուկաներում, որտեղ մեզ պատրաստ են սիրով ընդունել։
Հարցազրույցը՝ Ա․ ԲԱԲԱՅԱՆԻ
Լուսանկարները՝ Տիգրան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից