Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի անազատության մեջ գտնվող անձին չեն ազատում․ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի (ֆոտոշարք)

Մայիս 18,2025 22:28

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերգեյ  Գրիգորյանը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել։  Նա արդեն 10 տարի անազատության մեջ է։ 67-ամյա Սերգեյ Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։

«2022թ-ի մայիսի 31-ին ընդհանուր իրավասության դատարանի վճռով ազատվեցի կալանքից՝ հիվանդության պատճառով։ 11 ամիս դրսում մնալուց հետո Վերաքննիչ  դատարանը բեկանեց  ու ինձ նորից հետ բերեցին կալանավայր։ Վերաքննիչի վճիռը աբսուրդության վերջն է։ Համարում են՝ որ պայմաններ կան ՔԿՀ-ում ու ես կարող եմ պատիժ կրել»,-ասում է Սերգեյ Գրիգորյանը։ Ազատության մեջ գտնվելու 11 ամիսներին նա երկու անգամ ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում։ Aravot.am-ի զրուցակիցը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ այն դատախազներին ու դատավորներին, որոնք անտեսում են կառավարության որոշումը։

«Վարդաշեն» ՔԿՀ

«Կառավարությունը եթե հաստատել է հիվանդությունների ցանկը, որ մարդիկ պիտի ազատվեն՝ այդ հիվանդությունների դեպքում, ապա դատավորը, դատախազը  ո՞նց են կառավարության որոշումը դնում քննարկման։ Ցանկում կա այդ հիվանդությունն ու առկա է մարդու մոտ, ապա բարի  եղեք ազատել։ Պիտի նոտարի նման լինի՝ մտնում ես դատարան, դատարանի վճիռը կայացվի՝ ազատեն»,-նշում է Սերգեյ Գրիգորյանը։ Վերջինիս պաշտպանական խումբը  դիմել է են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով  հայաստանյան  դատական ատյանների վճիռները՝ պահանջելով Սերգեյ Գրիգորյանին անհապաղ ազատել կալանքից։ Նա նաեւ շաքարային դիաբետի հետ կապված խնդիր ունի՝ առողջական վիճակը անընդհատ վատթարանում է։ Սա պաշտպանական խմբի դիտարկմամբ «հավասարազոր է խոշտանգման»։

«Նամակ եմ գրում առողջապահության նախարարին՝ 8 տարի է՝ ինձ ինսուլին չեն տալիս։ Ես դրսից եմ բերում ինսուլինը, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեմ, 150-200 հազար դրամ ամսական դեղեր եմ գնում։ Դրանք պետք է ապահովվի պետությունը։ 4-5 հիվանդություն ունեմ»,-ասում է Սերգեյ Գրիգորյանը։ Վերջինս  չի բողոքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«ՊՈԱԿ-ի բժիշկները կատարողներն են, նրանք պիտի ստանան, որ տան ինձ։ Պետությունը իր պարտականությունը չի կատարում։ Ես ինձ համար եմ պատասխան տալիս, ուրիշի հետ գործ չունեմ»,-ասում է Գրիգորյանն ու ավելացնում, որ ՄԻԵԴ ներկայացնելու համար պաշտպանները տեղեկանք են ուզել նախարարությունից։  Ծանոթանալով  բովանդակությունը՝ զարմացել է։ «Իբր ինձ բոլոր դեղերը տալիս են, եթե չկա դրանք՝ ապահովվում են փոխարինող դեղամիջոցներով։ Թեփով հաց են տալիս, որը իրականությանը չի համապատասխանում։ Ես այստեղ ստանում եմ միայն «Մինթորնին»՝ շաքարի համար»,-նշում է նա։

Սերգեյ Գրիգորյանի պաշտպանական թիմի գնահատմամբ՝ Հայաստանում  ճիշտ չի գնահատվում ազատությունից զրկման վայրերում գտնվողների մասնագիտացված բուժման եւ մասնագիտացված խնամքի՝ լայն իմաստով հասանելիության հնարավորությունը։

Մասնավորապես, հաշվի չի առնվում Սերգեյ Գրիգորյանի՝ որպես հաշմանդամություն ունեցող անձի արժանապատվության, անհատի ինքնուրույնության, անձի անկախության, խտրականության բացառման եւ հնարավորությունների հավասարության հիմնարար իրավունքները։ «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը պահանջում է, որ դատապարտյալների առողջությունն ու բարեկեցությունը պատշաճ կերպով ապահովված լինեն՝ ի թիվս այլնի, նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով, որտեղ «բժշկական օգնություն» եզրը ներառում է երկու հասկացություն՝  մասնագիտացված բուժում եւ մասնագիտացված խնամք։ Ընդ որում, երկուսն էլ ինքնուրույն հասկացություններ են։ Գրիգորյանն ունի եւ՛ մասնագիտացված բուժման, եւ՛ մասնագիտացված խնամքի կարիք»,-մեզ հետ ունեցած զրույցում նշում է փաստաբան, մարդու իրավունքների հարցերով խորհրդատու Հայկ Դավթյանը։

Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Վարդաշեն» ՔԿՀ-ի ստորաբաժանում

ՄԻԵԴ-ը նախադեպային բազմաթիվ որոշումներում արձանագրել է, որ կառավարությունները պատասխանատվություն են կրում իրենց երկրներում այնպես կազմակերպել քրեակատարողական համակարգը, որ անկախ ֆինանսական կամ նյութատեխնիկական դժվարություններից՝ ապահովվի կալանավորների արժանապատվության հարգումը։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ բանտի ղեկավարությունը պարտավոր է բանտարկյալին առաջարկել իր հիվանդությանը համապատասխան բուժում: Ավելին, բանտային հաստատություններում տրամադրվող բժշկական օգնությունը պետք է համեմատելի լինի ամբողջ բնակչությանը տրամադրվող առողջապահության մակարդակին: Նույնպիսի մոտեցում է ցուցաբերում նաեւ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ)։

Փաստաբանական խումբն անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ներում՝ դեղորայքի ընդունման խնդրին, որը,  բարդ, հաճախ` անլուծելի խնդիրներ է ստեղծել: Ինքնազգացողության վատթարացման դեպքերում, ըստ  Գրիգորյանի պաշտպանական խմբի, իրենց վստահորդը ի վիճակի չի լինում հիշելու դեղորայքի ընդունման ժամանակացույցը: Սերգեյ Գրիգորյանին պարբերաբար խցակիցներն են հիշեցնում դեղամիջոցներն ընդունելու ժամերի մասին: Ավելին՝ քաղաքացիական հիվանդանոցում կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժման կուրս ստանալուց ու դուրս գրվելուց հետո՝ բժիշկները ցուցում են օրվա մեջ մի քանի անգամ չափել շաքարի, զարկերակային ճնշման եւ այլ տվյալներ։ «Ոչ թե բանտարկյալը պետք է չափի շաքարի, զարկերակային ճնշման տվյալները, այլ դրանք պետք է անեն քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատողները, սակայն Հայաստանում ոչ մի քրեակատարողական հիմնարկ չունի բժշկական խնամք տրամադրող մասնագիտական աշխատակազմ։ Կարելի է միայն պատկերացնել, թե դիաբետով հիվանդ վատ տեսողություն ունեցող կալանավորը ինչպես է չափում իր օրգանիզմում շաքարի քանակությունը կամ արյան ճնշումը։ Նույնիսկ առողջ մարդը դա դժվարությամբ է անում»,-ասում է Հայկ Դավթյանը։ Միաժամանակ, հաշվի առնելով Գրիգորյանի` մշտապես մեծաքանակ հաբեր ընդունելու հետեւանքով լյարդի վրա բացասական ազդեցությունը` լյարդը մաքրելու համար բժիշկները նշանակել են կաթիլային ներարկման եւս մեկ դեղորայք, սակայն ՔԿՀ-ում դա իրականացնել հնարավոր չէ, քանի որ այն բարդ պրոցես է, որն անելու համար կալանավայրը չունի համապատասխան անձնակազմ:

Պարզաբանումների համար հարցումներ ենք ուղարկել առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ու արդադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը։ Պատկան մարմիններին պատասախանները կհրապարակենք ստանալուն պես։

Սերգեյ Գրիգորյանին նաեւ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել։ Վերջինս կես կատակ, կես լուրջ  առաջարկում է կառավարությանը՝ դիմելու Ազգային ժողովին փոփոխություն կատարել «Քրեական օրենսգրքում» սպանության համար նախատեսված պատժաչափի հոդվածում։ «Սպանության համար դատապարտված անձանց չի թույլատրվում պայմանական վաղաժամկետ ազատել, որպեսզի մենք հանգիստ նստենք մեր տեղը։ Ամեն անգամ մենք սթրեսի մեջ ենք ընկնում։ Մարդիկ ամեն ինչ անում են փոխվելու, ուղղվելու համար՝ կրթական, մշակութային, կրոնական, սպորտային ծրագրերին մասնակցեն, որպեսզի միավորներ վաստակեն։ Ես 10 տարվա մեջ որեւէ տույժ չունեմ․ դուք որ իմ նման մարդուն պայմանական վաղաժամկետ չեք ազատում, ո՞նց եք մտածում վերասոցիալականացման մասին»,-ասում է Սերգեյ Գրիգորյանը։

Լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվում են Սերգեյ Գրիգորյանի համաձայնությամբ:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031