Լրահոս
Օրվա լրահոսը

Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնում հաստատված 10 ընտանիքների

Մայիս 18,2025 23:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով այսօր Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը Արագածոտնի մարզում էր։ Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, ովքեր «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական վերաինտեգրման համար։

Այցի ընթացքում պատվիրակությանն ուղեկցում էին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանը, Միլադա Հովհաննիսյանը և մարզպետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ Տիկին Աննիտա Դեմետրիուին ներկայացվեցին տարված աշխատանքի ծավալները և ընթացիկ արդյունքները։ Նա ծանոթացավ շահառու ընտանիքների հետ, անմիջական զրույցի ընթացքում լսեց նրանց պատմություններն ու խոչընդոտները, որոնց ստիպված են եղել բախվել տեղահանման պատճառով, խրախուսեց նրանց աշխատասիրությունն ու ստեղծելու, արարելու մեծ մղումը։

Նա ընդգծեց, որ լիովին գիտակցում է այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են շահառու ընտանիքները, և իր խոսքում անկեղծ ապրումակցում և զորակցություն հայտնեց նրանց։ Տիկին Աննիտա Դեմետրիուն ընդգծեց Կիպրոսի կառավարության շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ այսպիսի ծրագրերի միջոցով շարունակելու փոխել բազմաթիվ մարդկանց կյանքեր։

«Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվում է Կիպրոսի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի ֆինանսավորմամբ։ Այդ միջոցներով էլ 2024 թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած հիմնադրամը կարողացել է հաջողությամբ իրականացնել նախաձեռնության բոլոր փուլերը՝ կաթիլային ոռոգման համակարգերով հագեցած ջերմատների կառուցումից մինչև սերմերի և սածիլների տրամադրում ընտանիքներին։ Զուգահեռաբար անցկացվել են նաև տեսական և գործնական դասընթացներ շահառու ընտանիքների հետ, տրամադրվել է անհատական խորհրդատվություն մասնագետների կողմից՝ ջերմատնային տնտեսության արդյունավետ վարման նպատակով։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Արագածոտնի և Լոռու մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 ընտանիքներ ստացել են 250 քմ մակերեսով ջերմատներ, որոնք հնարավորություն են տալիս շահառուներին վարել կայուն գյուղատնտեսական գործունեություն և տնտեսապես ապահովել իրենց ընտանիքները։ Ծրագրի հիմնական նպատակը ԼՂ-ից տեղահանված ընտանիքների տնտեսական կայունության ապահովումն է, ինչպես նաև համայնքներում նրանց արդյունավետ ինտեգրումը և ՀՀ-ում մշտապես բնակվելու խթանումը։

Նախաձեռնության ավարտը մայիսի 31-ն է, բայց ինչպես մյուս ծրագրերի, այնպես էլ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառուների հետ հիմնադրամը պլանավորում է շարունակական աշխատանք կատարել՝ հնարավորության դեպքում տրամադրելով հավելյալ աջակցություն և ներգրավելով նրանց ինքնակրթվելու, զարգանալու, ոտքի կանգնելու համար ստեղծված այլ ծրագրերում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031