Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության պղծումն ու բնակավայրերի ոչնչացումն իրավաբանական տեսանկյունից մշակութային ցեղասպանություն է։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Ադրբեջանն իրեն բնորոշ վարքագծով ձգտում է վերացնել հայկական մշակույթի հետքերը Արցախի տարածքում՝ հետագայում քաղաքական նկատառումներով օգտագործելու համար։ Բայց միաժամանակ ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանի իշխանության պասիվությունը քննադատության ենթակա է, եթե ոչ պարսավանքի ենթակա։ Ինչո՞ւ, որովհետեւ արդեն իսկ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից Արցախի մշակութային ժառանգությունը ճանաչվել է որպես ՀՀ սեփականություն։ Սա ինքնին իրավունք է վերապահում Հայաստանին Արցախի տարածքում մշակութային ցեղասպանության նկատմամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների այս գործելակերպը բնորոշ է մուսուլմանական երկրներին, հատկապես՝ ադրբեջանցիներին եւ թուրքերին։ Նա հիշեցնում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ պղծման օրինակներ ունենք նաեւ Նախիջեւանում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Հիմա այդ գործելաոճը կրկնվում է Արցախի Հանրապետության տարածքում։ Սա, ըստ Ռաֆայել Մարտիրոսյանի, հաստատում է, որ Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումն ուղղակի ցեղասպանություն էր՝ ուղղված Արցախի տարածքում գտնվող հայ ժողովրդի նկատմամբ։ Նպատակը եղել է հայ ժողովրդին բռնի տեղահանել այդ տարածքից, հետո ոչնչացնել նրանց հետքերը։ «Սրանք փոխկապակցված գործողություններ են։ Սկզբնական փուլում ցեղասպանություն իրականացրեց ժողովրդի նկատմամբ, այժմ մշակութային հետքերը ջնջելով՝ փորձում են իրենց համար հետագայում իրավաքաղաքական պաշտպանության հիմքեր ստեղծել։ Այս դատողության հիմքում ընկած են այն փաստական տեղեկությունները, որ առկա հայկական եկեղեցիներում ու մշակութային օջախներում կատարվում են էական փոփոխություններ, արձանագրությունները ջնջվում են եւ այլն»,- հավելեց նա։
Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ այս գործողությունների հետեւանքով արցախցիների իրավունքները չեն վերանում իրենց պատմական տարածքի եւ ունեցվածքի նկատմամբ։ Բայց սա կարող է հետագայում քաղաքական շահարկման թեմա լինել, որ «Արցախում չի եղել եւ չկա հայկական մշակույթ»։ «Այսինքն՝ ադրբեջանցիները հեռանկարային գործողություններ են կատարում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքին՝ փաստաբանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է ընդունել վերադարձը Ադրբեջանի վարչական տարածք, այլ պետք է լինի վերադարձ Հայաստանի Հանրապետության տարածք, որը իրավաքաղաքական առումով հիմնավոր է։ Դեռեւս նախորդ դարի առաջին տասնամյակում ապօրինի որոշման հետեւանքով Արցախն ու հարակից տարածքները բռնակցվել են Ադրբեջանին։ Այդ տիտղոսը պետք է ձեռք բերվի Միջազգային դատարանում, պետք է այդպիսի պահանջ ներկայացվի Միջազգային դատարան՝ վերադարձի իրավունքն իրականացնելու համար։ Իսկ խաղաղարար ուժերի միջոցով վերադարձի հնարավորություն ես տեսնում եմ միայն իրավական փաստաթուղթ ամրագրելուց հետո»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.05.2025