Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ. ապրիլի 1-ին նշանակված շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը «տեղ հասավ» 4 տարի հետո

Մայիս 19,2025 12:30

Ինչու է ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Երեւանում

Կարեն Ասոյանը ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչն է ԵԱՏՄ-ում: Բայց նրան հանդիպելու շարժառիթն այլ է՝ դատական մի գործընթաց, որի սկիզբը դրվեց 2018թ. հուլիսի 6-ին, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանը ծանոթանալով հայցվոր Արթուր Գասպարյանի ներկայացուցիչ Դ. Վարդանյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանողներ Կարեն Ասոյանի եւ նրա կնոջ՝ Ազնիվ Ասոյանի` 4,000,000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին փաստաթղթերին, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարեց՝ հայցագնի` 4,000,000 ՀՀ դրամ գումարի չափով. արգելանք դրեց Ասոյաններին պատկանող գույքի՝ Երեւանի Զուրաբյան փողոցի 60 տան վրա: Այն մինչ օրս արգելանքի տակ է: Գործը քննվել է առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ քաղաքացիական դատարանում, իսկ Վճռաբեկ դատարանում է, ինչպես մեզ տեղեկացրեց Ասոյանների ներկայացուցիչ փաստաբան Մուրադ Ասրյանը, անցած տարվա հունիսից:

Գիտնական ամուսիններն ամեն անգամ ստիպված են լինում Մոսկվայից գալ Հայաստան, դատական գործընթացներին մասնակցելու համար:

Նշեմ, որ անդրանիկ դատական նախնական նիստը 2018թ. օգոստոսի 21-ին էր: Հետագայում փոխվել է հայցվորի ներկայացուցիչը ու պահանջը, գումարվել 70.000 ԱՄՆ դոլարի պահանջ:

Դատարանի 2019թ. օգոստոսի 30-ի որոշմամբ հայցապահանջի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

Պատասխանողների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը դատարանին է ներկայացրել միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ:

Հայրական տունը (լուսանկարում) Կ. Ասոյանը վարձակալության պայմանագրով տվել է նախ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին, ապա ԵՄ-ին, որոնց տարածքից դուրս գալուց հետո Ասոյանը որոշել է շինարարություն սկսել, անցած դարի 50-ականների տունը բարեկարգել: Նա «գտել» է հայցվոր Արթուր Գասպարյանին, ում ուղարկած հաշվեհամարներին պարբերաբար գումարներ է փոխանցել, առկա են անդորրագրերը, ստացականները, իսկ երբ անսպասելի Երեւան է եկել, Ասոյանը իրեն խաբված է զգացել, քանի որ հայտնաբերել է, որ շինարարությունը իրեն ներկայացրածի նման չի, լի է բազմապիսի թերություններով: «Ավ-ԱՆԴ-Շին» ՍՊ ընկերությունը, ով տվել է լիցենզիան շինարարներին, տունը, որը տուֆից է, ներկայացրել է մոնոլիտ-բետոն, որն ավելի թանկ է»,-ասում է Կ. Ասոյանը, ով ցույց է տալիս նաեւ քսանհինգ պայմանագրերը, որոնք կնքվել են հետագայում շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ի դեպ, հանցագործության մասին հաղորդում կա նաեւ փորձագետների դեմ, ովքեր ընդհանրապես չլինելով նշված հասցեում, տվել են եզրակացություն «կատարված» աշխատանքների մասին:

Շինարարական թերությունների մասին Ասոյանը հայտնել է շինարարին՝ Ա. Գասպարյանին, ներկայացրել իր փոխանցած գումարների ու կատարվածի մասին տարբերությունը, իսկ Ա. Գասպարյանը, ինչպես Կ. Ասոյանն է ասում, իր տուն է ուղարկել հարազատներին, որոնք լացակումած խնդրել են, որ նա հրաժարվի քրեական գործից, որ գումարը կվերադարձնի…

26.06.2015 թվականի թիվ 59101015 քրեական գործի շրջանակներում Արթուր Գասպարյանն, ի դեպ, ցուցմունք է տվել. «2014 թվականի հոկտեմբեր ամսին իրենց միջեւ որոշակի տարաձայնություններ են առաջացել շինարարության հետ կապված, քանի որ Կարեն Ասոյանին դուր չի եկել կատարված աշխատանքների որակը: Տարաձայնությունները հարթելու համար այդպես էլ չեն կարողացել հանդիպել եւ երկկողմանի հաշվարկներ կատարել: Դրանից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են եւ ինքը դրա հետ որեւէ առնչություն չի ունեցել»:

Ապա Ա. Գասպարյանը վերադարձրել է Ասոյանի 70 հազար դոլար գումարը, իսկ Ասոյանը համաձայնվել է, որ քրեական հետապնդումը դադարեցվի:

Քրեական գործի նախաքննության ժամանակ, ըստ հայցվորի, ինքը իմացել է, որ «իրեն աշխատանքների համար քիչ է վճարվել», սակայն այդ ժամանակ, նրանից հետո շինարարությունը ստանձնած, ավարտին հասցրածները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, շինանյութերի արժեքը, որը նախկինը վերագրել է իրեն…

Ըստ Մ. Ասրյանի. «26.06.2015 թվականի թիվ 59101015 քրեական գործի շրջանակներում կայացված «Քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման բովանդակությունից բխում է, որ Ա. Գասպարյանի մոտ իր ենթադրյալ իրավունքի խախտման մասին վերջինս պետք է իմացած լիներ եւ իմացել է շինարարական աշխատանքները դադարեցնելու կամ ավարտելու պահից: Նման ժամանակահատված է հանդիսանում 2014թ. հոկտեմբեր ամիսը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա եւ ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը»:

«Քրեական գործի նյութերի համաձայն եւ պատասխանողների պնդմամբ՝ շինարարական աշխատանքները դադարեցվել են 2014 թվականի հոկտեմբերից, այսինքն՝ Գասպարյանի ենթադրյալ իրավունքի խախտման ժամանակահատվածի սկիզբ պետք է համարել 2014 թվականի նոյեմբերի 1-ը: Սույն քաղաքացիական գործով հայցադիմում ներկայացվել է 28.06.2018 թվականին, այլ կերպ՝ օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո, քանի որ ինչպես արդեն նշվել է, Ա. Գասպարյանն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին իմացել կամ առնվազն պետք է իմացած լիներ շինարարական աշխատանքները դադարելու պահից՝ 2014 թ. նոյեմբերի 1-ից, իսկ այդ շինարարական աշխատանքների համար պակաս վճարված գումարը բռնագանձելու մասին հայց կարող էր ներկայացվել մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 1-ը»,-ասում է ներկայուցիչ փաստաբան Մ. Ասրյանը:

Հայցվորի ներկայացուցիչը դիմելով դատարան՝ հայտնել էր, որ 2012 թվականի հունիս ամսից մինչեւ 2014 թվականի նոյեմբեր ամիսը պատասխանողներ Ազնիվ Ասոյանի եւ Կարեն Ասոյանի պատվերով կատարվել են Երեւանի Զուրաբյան փող. 60 տան շինարարական աշխատանքներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են պատասխանողների կողմից։ Աշխատանքների կատարման համար համաձայնությունը կայացվել է բանավոր, որի արդյունքում հստակ չի որոշվել նաեւ աշխատանքների կատարման գինը եւ այլ պայմանները։ Կողմերի միջեւ տարաձայնությունների արդյունքում պատասխանող Ազնիվ Ասոյանի հաղորդման հիման վրա պատասխանողներին հայցվորի կողմից պատճառված զույքային վնասի հիմքով հարուցվել էր թիվ 59101015 քրեական գործը, որի վարույթը կարճվել էր հայցվորի արարքում հանցակազմի բացակայության հիմքով՝ համաձայն 26.06.2015թ. «Քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման։ Հայցվորը պատասխանողին վճարված գումարներից երկկողմանի հաշվարկների հիման վրա վերադարձրել է 70,000 ԱՄՆ դոլար: Պատասխանողների կողմից հայցվորին շինարարության համար փոխանցված գումարը, աշխատանքների արժեքը կազմել է 350,000 ԱՄՆ դոլարին համարժեք 143,500,000 ՀՀ դրամ՝ համաձայն թիվ 83101315 քրեական գործով 18.07.2017թ. «Քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու» մասին որոշման։ 12.07.2017 թ. թիվ 07771607 դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ աշխատանքների իրական արժեքը կազմել է՝ 234,946,513 ՀՀ դրամ։ Ըստ հայցվորի, հայցի ներկայացման օրվա դրությամբ իրեն չի վճարվել 91,446,513 ՀՀ դրամ եւ 70,000 ԱՄՆ դոլար։

Հայցվորը վկայակոչել է փորձագիտական եզրակացությունը, որը քրեական գործ հարուցելու ժամանակ է ի հայտ եկել. «Պարզվել է, որ հայցվորի պատասխանողներից ստացած գումարը ոչ միայն համարժեք է եղել կատարված աշխատանքին, այլ նաեւ կատարված աշխատանքի գինը ստացված գումարից գերազանցել է ավելի քան հարյուր միլիոն ՀՀ դրամը»։

Նախկին դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժել է այս գործով հայցային վաղեմություն կիրառելու Մ. Ասրյանի միջնորդությունը, մերժել է նաեւ Մ. Ասրյանի միջնորդությունը քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

2023թ. մարտի 2-ին դատարանը հայցը բավարարել է, վճռել Ասոյան ամուսիններից համապարտության կարգով հօգուտ Ա. Գասպարյանի բռնագանձել 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես անհիմն հարստացման գումար, համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 653,982 ՀՀ դրամ, որպես օրենքով սահմանված պետական տուրքի գումար:

Դատարանի 06.07.2019թ. որոշմամբ կիրառված եւ 17.10.2019թ. որոշմամբ ձեւափոխված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչեւ վճռի կատարումը:

2023 թվականի դեկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը պատասխանողների վերաքննիչ բողոքը բավարարում է, որոշում ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.03.2023 թվականի վճիռը պատասխանողներից հօգուտ հայցվորի 70.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասով բեկանել, փոփոխել եւ նշված հայցապահանջը մերժել։

Վճիռը բեկանել նաեւ այն մասերով, որոնցով դատարանը (ա) պատասխանողներից պետական բյուջեի օգտին բռնագանձել է 653.982 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, եւ (բ) պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձել է 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Նշված մասերով վճիռը փոփոխել եւ հայցվորից ՀՀ օգտին բռնագանձել 666.582 ՀՀ դրամ՝ որպես հայցապահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։ Հայցվորից հօգուտ պատասխանողների բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Մնացած (հայցվորից պետական բյուջեի օգտին 80.000 ՀՀ դրամ բռնագանձելու) մասով վճիռը թողնել անփոփոխ։

Հայցվորից Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձել 315.808 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։ Հայցվորից հօգուտ պատասխանողների բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Դատարանի կողմից 06.07.2019 թվականին կիրառված եւ 17.10.2019 թվականին ձեւափոխված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչեւ որոշման օրինական ուժի մեջ մտնելը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան եւ այն ընդունվել է վարույթ: 2 հատորանոց գործը Վճռաբեկ դատարան հասավ 8 հատորով: Հայտնի է, որ զեկուցողը Սերգեյ Մեղրյանն է:

Ի դեպ, 2025թ. ապրիլի 30-ին ստացվեց վերջապես Փորձաքննությունների ազգային բյուրոյից դեռեւս 2021թ. ապրիլի 1-ին նշանակված շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը:

Համաձայն նշված փորձագիտական եզրակացության «հետեւություններ» բաժնի՝ «Նախկինում կատարված «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.07.2017թ.-ին տրված թիվ 0771607 փորձագետի եզրակացության վերաբերյալ սույն փորձաքննության ապրանքագիտական հետազոտական մասի 1-ից 5-րդ կետերում նշված հանգամանքների պայմաններում, Հրանտ Մկրտչյանի կողմից տրված «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.07.2017թ.-ին տրված թիվ 0771607 փորձագետի եզրակացությամբ տրված մեթոդիկայով եւ առկա նյութերով ստացված վերջնական արդյունքը ենթակա է իրավական գնահատման, քանի որ սույն համալիր փորձաքննության շինարարատեխնիկական հետազոտությամբ հնարավոր չի եղել պարզել շինարարության ժամանակ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ Արթուր Գրիշայի Գասպարյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների տեսակները, քանակները եւ այլ բնութագրիչները, որից ելնելով հնարավոր չի եղել պարզել առանձնատան կառուցման համար ծախսված գումարի ընդհանուր չափը, ինչպես նաեւ Արթուր Գրիշայի Գասպարյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների համար ծախսված գումարի ընդհանուր չափը եւ վերջնական արդյունքը համեմատել Հրանտ Մկրտչյանի կողմից տրված 10.07.2017թ.-ի թիվ 10.07.2017թ.-ին տրված թիվ 0771607 փորձագետի եզրակացությամբ ստացված վերջնական արդյունքին»:

Այսինքն, այս փորձագիտական եզրակացությամբ փաստվում է, որ առկա ելակետային տվյալներով փորձագետները չէին կարող որոշել առանձնատան կառուցման համար ծախսված գումարի ընդհանուր չափը, ինչպես նաեւ Արթուր Գասպարյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների համար ծախսված գումարի ընդհանուր չափը եւ վերջնական արդյունքը, իսկ մեկ այլ փորձագետի մասով տրված եզրակացությանն էլ պետք է տրվի իրավական գնահատական:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031