«Ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց զանցանքներից մեկը, Երևանի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց՝ ապօրինի շինարարության ծավալները նվազել են, բայց միևնույն ժամանակ, ըստ Տիգրան Ավինյանի՝ մշակույթի դեմ պայքարելը դժվար է․ «Այս վերահսկողական մեխանիզմները, քանդումները, որոնք իրականացնում ենք, վստահորեն մեր մշակույթում և վարքագծում պետք է փոփոխություններ բերեն։ Պետք է ընկալենք, որ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ։ Այդ ապօրինի շինարարությունների պատճառով է, որ տարբեր այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց տերերը փորձում էին պայքարել այդ շինարարությունների սեփականացման համար»։
Այնուհետև Տիգրան Ավինյանը զգուշացրեց՝ ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով․ «Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքերը, շինությունները, հարկերը, կցակառույցները, առաջ տված բալկոնները։ Մեր օրերում այդ դրսևորումները չեմ կարծում, որ նորմալ են։ Չի կարելի տարիներով խոսել այն մասին, որ հարգելի գործընկերներ, փողի գողը գող է , հողի գողը գող չի՞։ Հողի գողն էլ է գող։ Առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևով քանդվելու է։ Առողջ մտածելակերպ չէ, երբ մտածում ես՝ ոնց անես, որ բակի ընդհանուր տարածքում՝ անկյունում տարածքը քեզնով անես, ուրեմն դու ունես համապատասխան մասնագետի հետ որոշակի քննարկման կարիք։ Դա նորմալ չէ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ