Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա էլ են գցում ռուսի գրպա՞նը․ ՌԴ-ն առաջարկում էր կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետն ասաց՝ մենք կկռվենք»․ Ռոբերտ Քոչարյան

Մայիս 19,2025 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր մտածել, թե եվրոպացիք կարող են Հայաստանում որեւէ անվտանգային հարց լուծել, մանկամտություն է։ Հա, Մակրոնն ինչ-որ սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, միգուցե ՀՀ վարչապետի հետ կգրկախառնվի։ Դրանով ամեն ինչ կավարտվի։ Կա երեք պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում իրականում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, որ երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, որ պետությունն է ամենից հզորն ու պոտենցիալով՝ եւ տնտեսական, եւ ռազմական։ Նաեւ մշակութային կոդով ամենից մոտ պետությունը մեզ Ռուսաստանն է։ Ուրեմն, մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք եւ ասենք՝ մեր անվտանգության համար ի՞նչ է պետք։ Ուրեմն պետք է այդ հարաբերությունները ոչ թե շպագատով փորձել կարգավորել, այլ շատ հստակ ու ռազմավարական հարաբերություններ ստեղծել»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ չպետք է սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է փորձել լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, բայց չպետք է Թուրքիայի շանտաժին ենթարկվել։ Եվ այդ շանտաժի չենթարկվելու միակ գործիքն է ունենալ այնպիսի գործընկեր, որը զսպելու է Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Այս երկիրը, նրա խոսքով, Ռուսաստանն է։ «Եթե կա ուրիշ երկիր, ասեք։ ԱՄՆ-ն հիմա մի քիչ ուրիշ դիրքավորում է փորձում ունենալ միջազգային հարաբերություններում․ հեգեմոնից փորձում է շարժվել այլ կարգավիճակ։ ԱՄՆ-ն հաստատ Հարավային Կովկասով չի զբաղվելու։ Մենք մեր անվտանգությունը համապարփակ ապահովելու մասին պետք է մտածենք։ Գործընկերային, դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել Ռուսաստանի հետ եւ պետք է ներառել նաեւ Իրանի գործոնը, Իրանը եւս մեզ համար բարեկամ երկիր է»,- ասել է նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որ Ռուսաստանը Հայաստանին չպաշտպանեց, Քոչարյանն ասել է․ «Ո՞նց եղավ, որ Ռուսաստանը 1991 թվականից որպես գործընկեր լավն էր, հետո հանկարծ վատացավ։ 2020 թվականի պատերազմն ո՞վ կանգնեցրեց, ես գիտեմ, թե ինչ դժվարությամբ են դա արել։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկում կանգնեցնել պատերազմը, մենք հրաժարվեցինք, Հայաստանի վարչապետն ասաց՝ մենք կկռվենք, որ իրեն դավաճան չասեն։ Դա էլ են գցում ռուսի գրպա՞նը»։

Քոչարյանն ասել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում չէ, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունների հարցը լուծվի, հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ պետք է խնդիրներին լուծում տրվեր։

Քոչարյանն անդրադարձել է նաեւ մեղադրանքներին, որ իրեն մեղադրում են Հայաստանը Ռուսաստան-Բելառուս «Միութենական միություն» մտցնելու մտադրության համար։

«Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչեւ 2008 թվականը։ Ինը տարի երբեք որեւէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու միութենական միությանը, չի եղել։ Չկա այդպիսի բան, համենայնդեպս չի եղել այն ժամանակ»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031